Tagged: Տնտեսական Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 02:08 on March 6, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , Տնտեսական, ,   

    Կուրսը լողացող չէ, պարզապես լողացվում է 

    Մարտի 1-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիասթափեցնելով ընդդիմության բազմաթիվ աջակիցների, հայտարարեց, որ դադարեցնում է հանրահավաքները, քանի որ «առջեւում մեզ սպասում են դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով»: Մարտի 3-ին հիշյալ «հղի սոցիալական վտանգները» քիչ մնաց իրականություն դառնային՝ դրամը կտրուկ կերպով արժեզրկվեց՝ լայնատարած խուճապ առաջացնելով ամբողջ Հայաստանի տարածքում։ (More …)

    Advertisements
     
  • Observer 19:03 on March 2, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , Տնտեսական,   

    ԴՐԱՄԻ ՈԻ ԴՈԼԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ. ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

    Ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը գրեթե ամեն օր հայտնվում է տպագիր մամուլում։ Մարդիկ տատանվում են՝ խնայողությունները պահել հայկական դրամով, թե՞ շտապեն դոլար գնելու։

    «Ասում են, այսօրվանից բանկերը մեզ մոտ այլեւս դոլար եւ այլ արտարժույթ չեն վաճառում։ Ով չհասցրեց, նա ուշացավ»,- գրում է Pataphysicus անունով բլոգերը։

    Այս գրառման տակ ծավալված քննարկման ընթացքում մյուս բլոգերները հերքում կամ հաստատում են Երեւանի արտարժույթի փոխանակման կետերում եւ բանկերում ԱՄՆ դոլարի դեֆիցիտի մասին լուրը։

    Ditord-ը լուրեր չի տարածում։ Նա համեմատում է փետրվարի 24-26-ը ֆոնդային բորսայում դոլարի պահանջարկի թվերը։ Այդ օրերին ԱՄՆ դոլարը վաճառվել է նույն գնով՝ 305 դրամով։ Բայց, եթե փետրվարի 24-ին վաճառվել է մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար, 25-ին՝ 25 միլիոն, ապա փետրվարի 26-ին վաճառքը հազիվ գերազանցել է 3,2 միլիոն դոլարը։

    «Փետրվարի 26-ի վաճառքի թիվը կարող է նշանակել իմ երկու հետեւություններից մեկը։

    Առաջին՝ Կենտրոնական բանկը սահմանափակել է փոխարժեքի գործարքները՝ փորձելով կանխել դրամի արժեզրկումը.

    Երկրորդ՝ Կենտրոնական բանկը որոշել է հրաժարվել փոխարժեքը 305-306 դրամի շրջանակում պահպանելու համար դոլար վաճառելու քաղաքականությունից եւ շուտով մենք ականատես կլինենք ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի կտրուկ անկմանը»,- գրում է Ditord-ը։

    Կովկասյան ռեսուրսների հետազոտական կենտրոնի բլոգը փորձել է վերլուծել դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճը հարավկովկասյան երկրներում։ Բլոգերը օգտվել է Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի «Անցումային զեկույց- 2008»-ից։

    «Նշվում է, որ հայկական տնտեսությունը, կարծես, ավելի քիչ է դոլարիզացված։ Բայց, ինչպես զեկույցում է ասվում, այստեղ անշարժ գույքի բումը կախված է արտերկրից դրամական փոխանցումներից։ Եթե դրանք նվազեն, կարելի է ակնկալել նաեւ ազդեցություն փոխարժեքի վրա»,- կանխատեսում է Ռեսուրս կենտրոնի բլոգը։

    David_sand-ը իր ընթերցողի հետ կիսվում է, ինչպես ինքն է ասում՝ «Մեծ մենեջերի» հետ ունեցած զրույցի մանրամասներով։ Բլոգերը չի բացահայտում զրուցակցի ինքնությունը, բայց նշում է, որ նա խելացի եւ իրավիճակը ճիշտ զգացող մարդ է։

    «Նրա կանխատեսումներով կա հավանականություն, որ դրամի հետ կկատարվի այն, ինչ եղավ ռուբլու, ղազախական եւ այլ թույլ արտարժույթների հետ։ Նա կանխատեսում է մինչեւ 40 տոկոսի արժեզրկում»,- գրում է բլոգերը։

    Քննարկելով համաշխարհային տնտեսական ճգնաժամն ընդհանրապես, որպես երեւույթ, David_sand-ը եզրակացնում է.

    «Ի՞նչ տեղի ունեցավ։ Ուղղակի, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ճգնաժամը բացատրեց, թե ով ով է եւ ինչ տեղ է զբաղեցնում համաշխարհային տնտեսության մեջ։ Ամերիկացիներին նա հասկացրեց, որ շատ դժվար է ապրել հավերժական պարտքերով։ Երբեմն ստիպված ես լինում փակել բոլոր հաշիվները, ընդ որում, ոչ միշտ նշված ժամկետներում։ Ռուսներին ճգնաժամը բացատրեց, որ հումքը ոչ մի կերպ իրենից ստացվող ապրանքից թանկ լինել չի կարող։ Մնացածներին էլ բացատրեց, որ չի կարելի սեփական տնտեսությունը կառուցել գերտերությունների տնտեսության կերպարով ու նմանությամբ»։

    Այստեղ կարելի է լսել հաղորդման ձայնագրությունը։

     
  • Observer 20:38 on December 4, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Տնտեսական   

    Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու հեռուստամարաթոնը 

    Հայկական բլոգերին ավելի ու ավելի հաճախ է մտահոգում համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

    Օրինակ Դավիդ Սանդ-ը գտնում է, որ ճգնաժամի հետեւանքները Հայաստանում կարող են նույնիսկ զանգվածային հուզումների առիթ դառնալ.

    Եթե ֆինանսական ճգնաժամը կենսամակարդակի պատճառ դառնա, ինչը արդեն զգացվում է, չնայած մեր քաղաքական գործիչները դա համառորեն ժխտում են, կամ եթե ճգնաժամի պատճառով կրճատվի արդյունաբերությունն ու սպառումը, ապա նույն այդ քաղաքական գործիչները ստիպված կլինեն ժողովրդին համոզոլ, որ մեր հարեւան պետություններում իրավիճակը ավելի վատ է, կամ համառորեն շարունակել ժխտել իրավիճակի վատթարացման փաստը։

    Իրավիճակի վատթարացման փաստը ժխտելը, ըստ բլոգերի՝ կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել.«Ժողովուրդը կարող է հուսախաբվել, եւ դրա արտահայտությունները կարող են 2008-ի մարտյան իրադարձություններից ավելի վատը լինել»։

    Ինչեւէ, ոմանց ճգնաժամը նույնիսկ դուր է գալիս։ «Ճգնաժամը՝ բիզնեսի ոլորտում աշխատելուս ողջ ընթացքում ինձ հետ կատարված լավագույն բանն էր»,-գրում է Նայսայկուսը, մեկնաբանելով.«Ճգնաժամը մարդկանց սովորեցրեց աշխատել, քրտինք թափել։ Հետ-սովետական ողջ պատմության մեջ առաջին անգամ մարդիկ սկսեցին հասկանալ փողի իրական արժեքը։ Այժմ 10 ձրիակերների փոխարեն ընկերությունում թողել են 2 աշխատողի, եւ դեռ նրանց աշխատավարձերն էլ կարգին բարձրացրել են։ Այսինքն՝ բանիմաց եւ գործունյա մարդիկ սկսել են ավելի լավ վճարվել։ Մի՞թե սա լավ չէ»։

    «Լավ չէ՛», դժգոհում են Նայսայկուսի ընթերցողներից մի քանիսը։

    Ճգնաժամը ծանր է անդրադառնում Հայաստանի վրա, գրում է Կոռնելիյ Գլասը իր բլոգում։

    «Հանքարդյունաբերությունը ճռռում է, քանդվում եւ գնում է կոնսերվացման։ Փակվում է տեղեկատվական ոլորտի Լայկոս ընկերությունը։ Եվ չնայած այս ամենին՝ Համահայկական հիմնադրամի դրամահավաքի արդյունքում այս տարի հավաքվել է 35 միլիոն դոլար՝ երկու անգամ ավելի, քան նախորդ անգամ։ Ահա այսպիսին է ճգնաժամի արդյունքը։ Ընդունեք, որ տարօրինակ ժողովուրդ ենք»։

    Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի մասին է գրել նաեւ Ահաուզքիպերը։ «Հավաքվել է 35 միլիոն դոլար։ Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ նույնիսկ անցյալ տարվա չափ կհավաքեն… ինչեւէ. ուզում է խոսել այն մասին, որ երեկվա ընթացքում մի քանի անգամ խոսակցություններ եմ լսել, որ իբր. «Ամբողջ փողն ուտում են, ժողովրդին բան չի հասնում»։

    Փաստորեն դուրս է գալիս, որ տասնյակներով դպրոցները, հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները, աղետի գոտու բնակելի տները, ճանապարհները եւ ջրագծերը կառուցվել են միայն Սերժի ու նրա մտերիմների համա՞ր»,-դժգոհում է բլոգերը։

     
  • Observer 10:00 on October 28, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Տնտեսական, ,   

    Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը չեն ավելանա 

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այժմ ստանում է ամսական 400 հազար դրամ աշխատավարձ: Հայաստանի թիվ երկու պաշտոնյան` Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ստանում է 350 հազար դրամ ամսական: Նույնքան աշխատավարձ են ստանում վարչապետն ու Սահմանադրական դատարանի նախագահը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստանում են համարժեք գումար` 325 հազար դրամ: Նախարարները ստանում են 300 հազարական դրամ:

    «Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի նախատեսված չէ», — այսօր ասաց ‎ֆինանսների նախարար Պավել Սա‎ֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին: — «Բայց դա այս փուլում, երբ դեռ բյուջեի նախագիծն է քննարկվում»:

    Հաջորդ տարվանից բարձրաստիճան պաշտոնյաների համար ձեռք բերվող ծառայողական մեքենաների արժեքը չպետք է գերազանցի 12 միլիոն դրամը:

    Աստղիկ Բեդեւյան — «Ազատություն» ռադիոկայան

     
  • Observer 13:05 on October 25, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Տնտեսական   

    Ֆինանսների նախարար. ՙ2009-ի պետբյուջեն աղքատամետ է՚ 

    Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով Հայաստանի 2009 թվականի պետբյուջեի նախագիծը` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այն ՙաղքատամետ՚ որակեց:

    ՙԲյուջեն նաեւ ուղղված է դեպի աղքատության մակարդակի նվազեցմանը: Չորս տարվա ընթացքում աղքատության մակարդակը պետք է կտրուկ` 2,5 անգամ իջեցնենք՚, — իր կողմից տրված որակումը մեկնաբանեց ֆինանսների նախարարը:

    2009 թվականի պետբյուջեի նախագծի ծախսային մասը 945,4 միլիարդ դրամ է, եկամուտները կազմում են 905,4 միլիարդ դրամ, դեֆիցիտը 40 միլիարդ դրամ է:

    Հաջորդ տարի շուրջ 17 տոկոսով նախատեսվում է ավելացնել աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը. այն կկազմի 25,5 հազար դրամ` այս տարվա 21,8 հազար դրամի դիմաց: Ավելացվելու են ընտանեկան նպաստները, կազմելով 23,6 հազար դրամ` 2008 թվականի 21 հազարի դիմաց: Նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել նվազագույն աշխատավարձի չափը` հասցնելով մինչեւ 30 հազար դրամի:

    Սահմանվել է գնաճի 4 տոկոս ցուցանիշ` 1,5 տոկոսի տատանման կանխատեսմամբ, չնայած 2009-ի ապրիլից սպասվող գազի թանկացմանը:

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, թե կենսաթոշակների եւ աշխատավարձերի նախատեսվող բարձրացումները կչեզոքացնեն գազի գնի աճը:

    Նախարարի պնդմամբ` ՙգազի գնի 40 տոկոս թանկացումը չի նշանակում, որ ընտանիքների բյուջեի կտրվածքով 40 տոկոս ազդեցություն կունենա՚:

    Անուշ Մարտիրոսյան — ‘Ազատություն’ ռադիոկայան

     
  • Observer 17:42 on October 21, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Տնտեսական, , Իրան   

    Զարգացման ասիական բանկը 1,5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծմանը 

    Զարգացման ասիական բանկը շուրջ 1,5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար: Այդ մասին այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

    ՙՄյուս տարվա կեսին մենք կկարողանանք հաստատել բիզնես մոտեցումները, հաշվարկները` տնտեսական էֆեկտիվության մասին, եւ Ասիական բանկի կողմից պատրաստված փաստաթղթերը կկարողանանք ներկայացնել նաեւ մասնավոր հատվածին, որը նույնպես կարող է այս նախագծին մասնակցել՚, — ասաց վարչապետը:

    ՙԱյսօր գաղտնիք չէ, որ մենք մեր ստրատեգիական գործընկերներին նույնպես առաջարկում ենք մասնակցել այս պրոյեկտում, եւ հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք զեկուցել, որ այս ոլորտում լուրջ առաջընթաց կա՚, — նշեց Տիգրան Սարգսյանը:

    Ժողովրդին եւ Ազգային ժողովին հոկտեմբերի 2-ին հղած իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի կողմից նախաձեռնվելիք երեք խոշորագույն ծրագրերի մասին, որոնք են` Հայաստան-Իրան երկաթուղու եւ նոր ատոմակայանի կառուցման, ինչպես նաեւ Համահայկական բանկ ստեղծելու նախագծերը:

     
  • Observer 20:26 on October 16, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Տնտեսական,   

    Տիգրան Սարգսյան. «Հայաստանում մակրոտնտեսական կայունությունն ապահովված է» 

    Հայաստանում նախապես ձեռնարկված եւ ապագայի համար հաշվարկված միջոցառումների շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն ապահովված է: Այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին:

    Միաժամանակ, ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանն աշխարհից մեկուսացած չէ` երկրի հիմնական տնտեսական գործընկերը Եվրամիությունն է, որի հետ իրականացվում է Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը, եւ ցնցումները այդ շուկայում ժամանակի ընթացքում կարող են անդրադառնալ Հայաստանի վրա:

    Ավելի լուրջ վտանգ Տիգրան Սարգսյանը տեսնում է Ռուսաստանի տնտեսական աճի նվազման դեպքում.- ՙԵթե տնտեսական աճը Ռուսաստանում նվազի, մեր հայրենակիցների եկամուտները նույնպես կնվազեն, եւ մասնավոր տրանսֆերտները, որ գալիս են Հայաստան, կնվազեն, ինչը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել մեր ֆինանսական հատվածի վրա եւ սպառման մակարդակի վրա, քանի որ մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսը ուղղվում են սպառմանը՚:

    Տրանսֆերտներից նման մեծ կախում չունենալու միակ ճանապարհը, ըստ վարչապետի, Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է, այդ իսկ պատճառով կառավարությունը նախատեսում է կտրուկ ավելացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները:

    ՙՄենք ունենք նմանատիպ պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ եւ պետք է լրացուցիչ միջոցներ ներգրավենք` չեզոքացնելու այս հնարավոր բացասական հետեւանքը՚, — տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը:

     
  • Observer 20:19 on October 15, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Տնտեսական, , , , , Իշխանություններ   

    Հայ ազգային կոնգրեսը ֆինանսական ճգնաժամի հետեւանքների ԽՈՐԱՑՄԱՆ ուղիներ է առաջարկում 

    Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում կառավարությունից պահանջում է իրականացնել մի շարք նախնական միջոցառումներ` Հայաստանում համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճհնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով:

    Մասնավորապես, Կոնգրեսն առաջարկում է արգելել շինարարության վարկավորումը առեւտրային բանկերի կողմից, չեղյալ հայտարարել էլիտար բնակարանային շինարարության նպատակով նոր տարածքների իրացման մասին որոշումները, առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության սահմանած նշագծի շրջանակներում, վերացնել դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները, այդ թվում` կասեցնել մի շարք կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելանքները:

    Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ`«Հայաստանի գործող կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը»:

    Տնտեսագետ չլինելով հանդերձ, չեմ կարող զսպել արտահայտվելու ցանկությունս: Կոնգրեսի առաջարկների մեծ մասը պոպուլիզմի գլուխգործոցներ են: Շինարարության վարկավորման արգելումը, եւ ընդհանրապես, շինարարական նախագծերի հանդեպ խոչընդոտների հարուցումը այն դեպքում, երբ երկրի տնտեսական աճի խոշորագույն բաղադրիչներից մեկը, ոչ թե կմեղմացնի, այլ ընդհակառակը` կխորացնի ճգնաժամը:

    Մյուս կողմից էլ, սոսկ այն փաստը, որ Կոնգրեսը հանդես է եկել տնտեսական ոլորտի առաջարկություններով, արդեն դրական զարգացում է, հուսամ` իշխանությունները որեւէ կերպ կարձագանքեն:

     
    • nazarian 23:04 on Հոկտեմբերի 16, 2008 Permalink | Պատասխանել

      Ներկայիս ֆինանսական կռախի հիմնարար պատճառը ԱՄՆ-ի տնային պղպջակն էր:

      Եթե Երեւանում որեւէ շենք կառուցվում է բանկային վարկի միջոցով եւ այդ շենքը հետո չի վաճառվում, վաղ թե ուշ դու քո ձեռքին պղպջակ ես ունենում: Երբ որ վարկը հետ վճարելոը յամանակն է գալիս ու այդ շենքը ծախված չի, դու պետք է վճարելուց հրայարվես:

      Մեկ-երկու անգամ ցանկացած բանկի համար մեծ խնդիր չի բայց դրանից ավել արդեն դու մեծ խնդիրների առաջ կկանգնես: Ավելի լավ է պղպջակ չստեղծես քան թե այն պայթելուց հետո փորձես իրավիճակը շտկել:

    • Observer 13:12 on Հոկտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Նազարյան, ասածներս պարզաբանելու համար նախ հրապարակում եմ Կոնգրեսի հայտարարության ամբողջ տեքստը.

      ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

      15.10. 2008

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      Վերջին շրջանում աշխարհում ծավալված ֆինանսական ճգնաժամը պահանջում է համարժեք գործողություններ, որոնք թույլ կտան նվազեցնել այդ ճգնաժամի կործանարար հետեւանքները Հայաստանի ֆինանսական շուկայի եւ տնտեսության համար։ Ցավոք սրտի, Հայաստանի գործող կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը։ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է Հայաստանում համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով իրականացնել հետեւյալ նախնական միջոցառումները.

      1. Կենտրոնական բանկը պետք է հայտարարի առեւտրային բանկերի կողմից շինարարության վերավարկավորման արգելման եւ նման վարկերի 100 տոկոսանոց պահուստավորման մասին։
      2. ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ը պետք է հայտարարեն, որ կբացառվեն ավանդների վերադարձման հետ կապված բոլոր սահմանափակումները, առնվազն այն դեպքերում, եթե ավանդի ժամկետը լրացել է։
      3. ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ը պետք է երաշխավորեն ՙՀայռուսգազարդ՚, ՙՎալեքս գրուպ՚ ընկերությունների կողմից IPO-ների միջոցով թողարկած արժեթղթերի 100 տոկոսանոց վերադարձը։ Միեւնույն ժամանակ պետք է արգելվի նոր IPO-ների թողարկումը առանց ՀՀ կառավարության մասնակցության։
      4. ՀՀ կառավարությունը հրատապ կարգով փոփոխություններ պետք է մտցնի հարկային համակարգում՝ էապես ավելացնելով մեծ մակերես ունեցող թանկարժեք տներից գույքահարկի գանձումը։ Գույքահարկի նոր դրույքները պետք է տարվերվեն ըստ գոտիականության։ Մասնավորապես շեշտակիորեն պետք է ավելան Երեւանի կենտրոնում կառուցված էլիտար բնակարաններից գանձվող գույքահարկը։ Միաժամանակ բարձրացված հարկ պետք է սահմանել անավարտ, պատրաստվածության որոշակի աստիճան ունեցող բազմաբնակարան շենքերի եւ խոշոր առանձնատների նկատմամբ։
      5. ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ վերացվում է ներմուծումների նկատմամբ վերջին 10 տարիներին կիրառված ոչ տարիֆային կարգավորումը։
      6. ՀՀ ԿԲ-ը պետք է վերացնի դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները , կասեցնի մի շարք կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելանքները։
      7. ՀՀ ԿԲ-ը պետք է պարտավորվի առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության հետ սահմանած նշագծի սահմաններում։
      8. Առաջիկա 6 ամիսներին կառավարությունն իր վերահսկողության տակ պետք է վերցնի առեւտրային բանկերի, լեռնամետալուրգիական արդյունաբերության բարձրաստիճան մենեջերների աշխատավարձերի չափերը, պետք է սահմանափակի նշված ոլորտներում արտադրանքի ինքնարժեքի անհակի ուռճացման հնարավորությունները։
      9. ՀՀ պետական բյուջեում պետք է փոփոխություններ կատարել եւ 20%-ով կրճատել ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների (բացառությամբ կրթության, առողջապահության, գիտության եւ պաշտպանության նախարարությունների), դատախազության, դատարանների բյուջեները։
      10. Կառավուրությունը պետք է չեղյալ հայտարարի էլիտար բնակարանային շինարարության հետ կապված նոր տարածքների իրացման հետ կապված որոշումները, առաջիկա 6 ամիսների ընթացքում բացառի այդպիսի նոր որոշումների կայացման հնարավորությունը։

      ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
      15.10.08

    • Observer 13:19 on Հոկտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Երկրորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, հետեւյալն է. Հայաստանում բնակարանների գները աննորմալ կերպով բարձր են` հաշվի առնելով բնակչության եկամուտների մակարդակը, գնողունակությունը եւ այլն: Դա նշանակում է մեկ բան` մեզ մոտ ոչ թե բնակարանային պղպջակ չկա: Ընդհակառակը` կա բնակարանաշինության մեծ պահանջարկ: Կառավարությունը պետք է խրախուսի բնակարանաշինությանը վարկեր տրամադրելը` ապահով վարկերի մասին է խոսքը, որպեսզի շուկայի պահանջարկը բավարարվի:

      Եվ վերջին նկատառումը. ԱՄՆ-ում Credit Crunch-ը առաջացել է ոչ թե բնակարանային շինարարության վարկեր տրամադրելու հետեւանքով, այլ` բնակչությանը չհիմնավորված հիպոթեկային վարկեր տալու պատճառով, ինչը մեզ մոտ հնարավոր չէ: Ընդհակառակը, հիպոթեկային վարկերը պայմաններն այստեղ այնքան խիստ են, որ հազարից մեկը չի կարողանում դա իրեն թույլ տալ:

    • nazarian 17:56 on Հոկտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Ditord, ‘varkavorum’ yev ‘vera-varkavorum’ haskacutyunner@ lriv tarber baner en. Veravarkavorum@ kayanum e ayn depqum yerb du veradzevum es yeghatz vark@. Ayd entacqum karogh en patahel yerku depqer:
      1. vjarum es hin vark@ yev pastoren ayn veradzevum nor varki. Sra mej aynqan el vat ban chka.
      2. hin vark@ ches vjarum. Aysinqn, arajva mek varki pokharen arden unenum es yerku vark. Yete bank@ araj qo snankutyan depqum shenq@ het vercnel (varki hamar covorabar grav e petq) yev ir pogheri het berelu huys unenal, hima ayd varkeric mek@ arden pghpjak e. Sa dasakan khabebayutyan dzev e. Amenahaytni orinak@ Enronn e yerb irenc partqeri grav@ irenc bajnetghtern ein. Isk bajnetghteri arjeq@ pahpanvum er gravneri mijocov. Inchpes asum en, vicious cycle er u henc vor irenc pghpjak@ paytec, Enron@ vari gnac.

      Isk inch verabervum e Congressi haytararutyan@, yes chem haskanum te inch en uzum asel ‘100% pahustavorum’-ov. Isk mnacatz@ pataskhanatu dramayin qaghaqakanutyan koch e (partatghteri erashkhavorum, etc.) shukanerum vstahutyan pakasord chsteghtzelu hamar.

  • Observer 13:22 on September 17, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Տնտեսական   

    Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը կաղում է 

    Թվով 47 Հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով հրաժարվել են մասնակցել ՙՀազարամյակի մարտահրավեր-Հայաստան՚ (ՀՄՀ) ծրագրի Շահառուների Խարհրդի առաջիկա ընտրություններին: Խորհրդի ներկա կազմի լիազորություններն ավարտվում են 2008թ. սեպտեմբերի 29-ին:  

    Քաղաքացիական հասարակության, ֆերմերային տնտեսությունների, շահառու համայնքների եւ ջրօգտագործողների 15 ընտրովի ներկայացուցիչներից կազմված այս մարմինը կոչված է ծրագրի իրականացման ընթացքում պաշտպանել հանրապետության ավելի քան 750 հազար ջրօգտագործողների շահերը: Շահառուների խորհրդի ընտրություններին մասնակցելուց հրաժարվող հասարակական կազմակերպություններն իրենց որոշումը պատճառաբանել են խորհրդի կանոնակագում գոյություն ունեցող համակարգային թերություններով, ինչը էականորեն նվազեցնում է այս մարմնի առաքելության իրականացման արդյունավետությունը:

    2008թ. հուլիսի 23-ի նիստում Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի Կառավարման խորհուրդը հաստատել է ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք μաղադրիչի վերանայված տարμերակի նախագիծը, որը, ՀՄՀ Շահառուների խորհրդի անդամ, Ժուռնալիսների ՙԱսպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, 50-70 տոկոսով կկրճատի ոռոգման ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված աշխատանքների ծավալը եւ լուրջ հարված կհասցնի ջրօգտագործողների շահերին:

    ՙԵրկու տարվա աշխատանքի արդյունքում համոզվել ենք, որ Շահառուների խորհրդում լինելով մենք չենք կարող անել ավելին, քան կարող ենք անել այնտեղ չլինելով՚,_խորհրդում իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նոր ընտրությունների չմասնակցելու որոշումը մեկնաբանում է Լեւոն Բարսեղյանը, որը նաեւ հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության համահեղինակներից է: ՙԿոնկրետ ինձ չհաջողվեց ծրագիրը պաշտպանել այն ռիսկերից, որոնց մասին մենք լավատեղյակ էինք, կռահում էինք, փորձում էինք պաշտպանել, ջանքեր էինք ներդնում… չհաջողվեց՚: Լեւոն Բարսեղյանի կարծիքով ծրագիրը կաղում է:

    Շահառուների խորհրդի 15 անդամներից հայտարարությանը միացել են նաեւ ՙԱզատանի ՙԱզատան՚ համայնքային կենտրոն՚ կազմակերպության ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանը եւ ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՚ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, որոնք, սակայն, չեն պատրաստվում սեպտեմբրի 29-ին շահառուների խորհրդում իրենց լիազորությունների ավարտից երկու շաբաթ առաջ հրաժարվել իրենց մանդատից եւ այսօր կմասնակցեն Շահառուների խորհդրի հերթական նիստին:

     
  • Observer 11:49 on December 14, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Ստեփան Դեմիրճյան, Տնտեսական, , , , , , Լևոն Տեր-Պետրոսյան   

    Ստեփան Դեմիրճյանը հակադրվո՞ւմ է իր կողմից սատարվող թեկնածուին… 

    Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դեկտեմբերի 8-ի ելույթում այնպիսի խիստ գնահատականներ հնչեցրեց Խորհրդային Հայաստանի տնտեսության հասցեին, որ անգամ նրան սատարող ուժերից՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չկարողացավ զսպել իրեն եւ հանդես եկավ հակաճառությամբ: ԱրմԻնֆոյի փոխանցմամբ. «Անվիճելի է փաստը, որ խորհրդային տարիների Հայաստանը լուրջ հաջողությունների էր հասել տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ընդ որում պետք է ընդգծեմ, որ Խորհրդային Միության տնտեսական համակարգում մեր հանրապետությունը շատ ճիշտ էր զարգանում, լավագույններից մեկն էր», —ասել է Ստեփան Դեմիրճյանը, նշելով, որ վերջին շրջանի խորհրդային Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները գիտատար արտադրություններն էին, սկսած 70-ական թվականներից, խոշոր քիմիական արտադրությունն իր տեղը զիջում էր սարքաշինությանն ու էլեկտրոնիկային։ «Հանրապետությունում ստեղծվել էր լուրջ ինժեներագիտական ներուժ։ Բացի այդ, բոլորն են ընդունում չափազանց բարձր կրթական մակարդակը երկրում, եւ այսօր Հայաստանում գոյություն ունի խորհրդային կրթական համակարգը` աղճատված տեսքով»:

    Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «բոլոր նրանց համար, ովքեր երեւույթները գնահատում են «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տեսանկյունից», []  անհնար է ընկալել Խորհրդային տնտեսության՝ «1980-ականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժումը», որը «Հայաստանում ծանրանում էր  չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ»:

    Ակնհայտորեն Ս. Դեմիրճյանին այնքան էլ չի անհանգստացրել «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի պատվավոր տիտղոսին արժանանալու տխուր ճակատագիրը, երբ անկախության առաջին տարիներին, իր իսկ պաշտպանյալ Առաջին Նախագահի կողմից իրականացված տնտեսական քաղաքականության վերաբերյալ հնչեցրել է հետևյալ գնահատականները. «Անկախության առաջին տարիներին թույլ տրվեցին սխալներ, դիլետանտության, փորձի բացակայության, շուկայական դոգմատիզմի դրսեւորումներ։ Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ շուկայական բարեփոխումներն իրականացվեցին ոչ թե ինքնաբերաբար, այլ հավասարակշռված, կորուստներն զգալիորեն պակաս էին։ Այսինքն` Հայաստանում կարելի էր խուսափել տնտեսական ճգնաժամի այդքան ծանր հետեւանքներից»:
    Հետաքրքիր է, ինչի՞ մասին է վկայում ՀԺԿ առաջնորդի այս անսպասելի հակահարվածը Տեր-Պետրոսյանին… կազմակերպվածության բացակայություն ԼՏՊ պաշպանողների շարքերո՞ւմ, խեղդված ամբիցիաների անսպասելի «ծլարձակում», թե՞ Ս. Դեմիրճյանն էլ իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանի շտաբ ներմուծված հերթական ռումբն է…

     
    • nazarian 01:35 on Հունվարի 11, 2008 Permalink | Պատասխանել

      Only a few years prior to the independence the leader of Armenia was Stepan Demirjian’s father. It is easy for him to take LTP’s words as a criticism of his dad’s work.

      Each time I hear about the heaven that USSR was I get upset. People forget the reality very quickly. And, if they haven’t known any better, they may be misled in their perceptions.

      But then, the majority of the people have not been on the KGB black list and haven’t had their phone conversations recorded or had had a KGB tail follow them.

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել