Tagged: Ընդդիմություն Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 12:12 on January 28, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , Ընդդիմություն,   

    Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվեց 

    coebannerԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Կայացած քվեարկության արդյունքում՝ 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ, ընդունվեց թիվ 1643 բանաձեւը, ըստ որի որոշվեց «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»: (More …)

    Advertisements
     
  • Observer 12:09 on October 29, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Ընդդիմություն   

    Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը երկարացվեց եւս երկու ամսով 

    Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ՙՄարտի 1՚-ի գործով կալանքի տակ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը երեկ երկարացվեց երկու ամսով:

    Մյուս հինգ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ պաշտպանական կողմը ծանոթանում է քրեական գործի նյութերին:

    Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայությունը երեքշաբթի օրը պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակվում է մինչեւ հոկտեմբերի 31-ը:

    ՙԲնականաբար, պաշտպանական կողմը, ինչպես նաեւ մեր պաշտպանյալները, իրենց առարկությունները ներկայացրեցին կայացված որոշման դեմ՚, — ասաց Հովիկ Արսենյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին` նշելով, որ հատկացվող ժամանակը գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար բավարար չէ:

    Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը նաեւ հավելեց, որ թեեւ նախաքննության ավարտը հայտարարվել է սեպտեմբերի 4-ին, քրեական գործի նյութերը պաշտպանական կողմին սկսել են տրամադրել միայն սեպտեմբերի 11-ից, եւ այն էլ` ոչ միանգամից:

    ՙԸնդ որում, 40-րդ հատորը միայն` 412 էջ է, մնացած բոլոր հատորները 265-280 էջից են բաղկացած: Նաեւ կան տեսաժապավեններ՚, — հստակեցրեց Մելանյա Առուստամյանը: — ՙԱյս բոլոր ապացույցները պետք է նախ ուսումնասիրվեր, ծանոթանայինք, ապա կատարեինք վերլուծություններ, որից հետո միայն` հնարավորություն ունենայինք ներկայացնելու միջնորդություններ՚:

    Փաստաբանները պնդեցին, որ իրենց առարկությունները եւ ժամկետը երկարացնելու միջնորդությունները չբավարարվելու դեպքում նախաքննության մարմնի կայացրած որոշման դեմ բողոք են ներկայացնելու նախ` գլխավոր դատախազին, ապա նաեւ դիմելու են դատարան, քանի որ խախտվում է պաշտպանական կողմի իրավունքը:

    Փաստաբանները նաեւ նշեցին, որ առաջին հերթին պետք է միջնորդություն ներկայացնեն քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու վերաբերյալ` պնդելով, որ գործում ընդգրկված ապացույցները շինծու են: Ըստ նրանց, կլինեն նաեւ այլ միջնորդություններ, որոնք հիմնավորելու եւ փաստեր ներկայացնելու համար բավականին ծավալուն աշխատանք է անհրաժեշտ կատարել: Դրա համար առնվազն մեկ ամիս ժամանակ կպահանջվի:

    Կարինե Քալանթարյան — «Ազատություն» ռադիոկայան

     
  • Observer 19:03 on October 17, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Ընդդիմություն   

    Արշակ Բանուչյանին 4 ամիս անազատության մեջ են պահել առանց հիմնավոր ապացույցների 

    Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ կարճել է 2008թ. փետրվարին Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դեմ հարուցված քրեական գործը:

    Բանուչյանը մեղադրվում էր 2008թ. նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, սակայն մեղադրանք ներկայացնելուց 7 ամիս անց քննչական ծառայությունը որոշում է կայացրել գործը կարճել. ՙհանցագործության կատարմանը Արշակ Բանուչյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով՚: Փաստորեն, մատենադարանի փոխտնօրենին 4 ամիս անազատության մեջ են պահել, այնուհետեւ երկրից չհեռանալու մասին ստերագրություն են վերցրել, առանց հիմնավոր ապացույցների:

    Այսօր ՙԱզատություն՚ ռադիակայանին տված հարցազրույցում Արշակ Բանուչյանն ասաց, թե սա ցույց է տալիս, որ քննչական ծառայությունն այդպես էլ չկարողացավ իր վրա ՙգործ սարքել՚:

    ՙՎերջին հաշվով, մնացած տղաներն էլ, որ այժմ գտնվում են կալանավայրում, վաղ թե ուշ արդարացվելու են՚,-գտնում Մատենադարանի փոխտնօրենը, ՙՃիշտ 37 թվականին էլ շատ մարդիկ դատապարտվեցին, աքսորվեցին, բայց ժամանակը ցույց տվեց, թե այդ մարդիկ ինչ մարդիկ էին՚:

     
  • Observer 19:28 on October 16, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Ընդդիմություն   

    Սմբատ Այվազյանը պահանջում է իրեն «իշխանությունը յուրացնելու» մեղադրանք առաջադրել 

    ՙԻմ արժանապատվությունը վիրավորված է այն մեղադրանքներից, որոնք ինձ են վերագրված՚, — այսօր դատարանում հայտարարեց ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

    Նա պահանջեց իր գործը կարճել եւ միացնել իր ՙբանտարկված ընկերների` 7-ի գործին՚:

    Հիշյալ 7 գործիչներին` Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ Սասուն Միքայելյանին առաջադրվել է ՙիշխանությունը յուրացնելու՚ մեղադրանք, իսկ Այվազյանին մեղադրում են ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ:

    ՙԵս ավելի շատ եմ արժանի այդ գործով դատվելու, քան այդ 7 հոգին՚, — դատավարության ժամանակ պնդեց Այվազյանը:

     
  • Observer 17:31 on October 16, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ընդդիմություն,   

    Արման Մուսինյան. «Ոստիկանությունն ինքն է օրենքի սահմաններից դուրս գործում» 

    Ընդդիմության հոկտեմբերի 17-ի հանրահավաքի վերաբերյալ վերջին երկու երթ-իրազեկումները խոչընդոտելով եւ բռնություն կիրառելով` ոստիկանությունն ինքն է օրենքի սահմաններից դուրս գործում, ինչի վկայությունն է նաեւ առաջին միջադեպի կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

    ՙՈստիկանությունը գործել է բացահայտ ապօրինի, չի ներկայացրել որեւէ իրավական հիմք իր գործողությունների եւ սահմանափակել է քաղաքացիների` հանրահավաքի մասին իրազեկելու իրավունքը: Մենք դատապարտում ենք նման կեցվածքը՚, — հայտարարեց Հայաստանի առաջին նախագահի խոսնակն ու հավելեց. — ՙԵթե 50 հոգի իրազեկում են իրականացնում եւ ոստիկանության շուրջ 70 աշխատակիցներ, ընդ որում` նաեւ հատուկ ջոկատայիններ, շրջապատում են քաղաքացիներին, սա իսկապես վախի նշան է, իսկ իրավական առումով սա ցույց է տալիս, որ իշխանությունները ՙօրենք՚ հասկացությունը լավ չեն պատկերացնում՚:

    Մուսինյանի փոխանցմամբ` հեռուստաընկերությունների եթերով հանրահավաքի մասին ազդարարելու փորձերը առայժմ ապարդյուն են անցել: Հանրահավաքի կազմակերպիչը` ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, դիմել է Հանրային հեռուստաընկերությանը, ՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերությանը, ԱԼՄ հեռուստաընկերությանը, որպեսզի միջոցառման մասին տեսահոլովակով իրազեկեն հանրությանը` ՙայն նույն պայմաններով, ինչպես որ այլ անձինք իրազեկում են կամ գովազդում են որեւէ այլ բան՚, սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացվել:

     
  • Observer 21:00 on October 15, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ընդդիմություն   

    ՙԱ1+՚-ի օպերատորի պնդմամբ` իր նկարահանած կադրերում երեւացողը արյուն է 

    ՙԱ1+՚ հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանը այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պնդեց, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իր կողմից նկարահանված կադրերում երեւացող հեղուկը արյուն է:

    ՙԱյդ կադրերը ես նկարել եմ մարտի 1-ին, երեկոյան ժամը 10:20-ին` Պարոնյան փողոցի այդ խաչմերուկում: Նկարահանումները կատարելիս ես գնացի այդ կողմ եւ հանդիպեցի այդ տեսարանին, որտեղ ամբողջովին թաթախված էր այդ հատվածը արյունով՚, — պատմեց ՙԱ1+՚-ի 27-ամյա օպերատորը` հավելելով. — ՙՀաստատ արյուն է, որովհետեւ ես այդ արյունի միջով մի քանի քայլ քայլել եմ, որպեսզի հնարավորինս լուսավոր հատված գտնեմ, որ նկարահանեմ: Այնտեղ ոսկորներ ինչ-որ, ավտոմատի պատրոններ կար դատարկ` արյան մեջ, նույնիսկ մեկ հատ էլ, եթե չեմ սխալվում, որսորդական պատրոնի դատարկ պարկուճ: Այդ տեսարանը ես իմ աչքերով եմ տեսել, նկարահանել եմ, ու դրանից հետո հետ եկանք էլի Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ խաղաղ միտինգն էր շարունակվում, 10:30-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ մենք վերադարձանք խմբագրություն՚:

    Այդ կադրերում երեւացող մարմնամասերի վերաբերյալ Հովսեփյանը ասաց. — ՙԴա տեսել եմ արդեն եղած, գործողությունը կատարված-վերջացրած, ես գործողությանը ներկա չեմ եղել արդեն, ես չեմ կարող ասել` կոնկրետ դա հաստատ մարդո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ այդ ծնոտը նման էր մարդու, այդքան բան կարող եմ ասել: Ես` որպես գյուղում ապրող տղա, ես այսքան ժամանակ ոչխարի նման ծնոտ չեմ տեսել, չգիտեմ: Ոչ էլ կարող եմ ասել, որ հաստատ մարդ էր: Բայց նմանություն կար՚:

    Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա, Հովսեփ Հովսեփյանի վկայությամբ` ՙկրակոցներ միշտ էլ լսվում էին արդեն այդ ընթացքում, այդ կադրերում չի՞ երեւում, որ կրակոցներ կան, օդ էլ էին կրակում, այդ կադրերն էլ կան, որ կրակոցները լսվում են՚:

    Հարցին` պատրա՞ստ է արդյոք մասնակցել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին եւ իր տեսածը պատմել այնտեղ, ՙԱ1+՚-ի օպերատորը արձագանքեց. — ՙԻնչո՞ւ չէ, նույնը, ինչ ձեզ եմ ասում, նույնն էլ իրենց պետք է ասեմ: Ո’չ ավելին կարող եմ ասել, ո’չ պակասը` իմ տեսածը դա է՚:

    Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը եւ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, ՙՄարտի 1՚-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պնդել էին, որ ընդդիմության տարածած հիշյալ տեսանյութում պատկերված ոսկրային բեկորները ոչ թե մարդու, այլ կենդանու մարմնամասեր են, կադրերում երեւացող հեղուկն էլ արյուն չէ:

    ՙԱ1+՚ հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնեց, որ իրենք այս շաբաթ քննչական մարմնին են ներկայացրել մարտի 1-ի երեկոյան իրենց օպերատորի կողմից նկարահանված տեսանյութն ամբողջությամբ, որտեղ տեսախցիկը հստակ ֆիքսել է, թե կադրերը որ րոպեին եւ վայրկանին են արվել:

    ՙԵթե խնդիր ծագի, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած լաբորատորիայի, որը կուսումնասիրի այդ կադրերը՚, — ասաց Մովսեսյանը: — ՙԿարող եմ ապացուցել ցանկացած վայրկյանին` պատկերվածը իսկություն է: Պատկերվել է եւ վավերագրվել է այն պահին, այն վայրկանին եւ այն վայրում, որտեղ ցույց է տալիս խցիկը՚:

    Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը վստահեցրեց, որ կադրերը նկարահանած օպերատոր Հովսեփ Հովսեփյանն անպայման կհարցաքննվի, իսկ ՙԱ1+՚-ի ներկայացրած տեսանյութն առաջիկայում կենթարկվի փորձաքննության:

     
  • Observer 20:19 on October 15, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Ընդդիմություն, Իշխանություններ   

    Հայ ազգային կոնգրեսը ֆինանսական ճգնաժամի հետեւանքների ԽՈՐԱՑՄԱՆ ուղիներ է առաջարկում 

    Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում կառավարությունից պահանջում է իրականացնել մի շարք նախնական միջոցառումներ` Հայաստանում համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճհնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով:

    Մասնավորապես, Կոնգրեսն առաջարկում է արգելել շինարարության վարկավորումը առեւտրային բանկերի կողմից, չեղյալ հայտարարել էլիտար բնակարանային շինարարության նպատակով նոր տարածքների իրացման մասին որոշումները, առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության սահմանած նշագծի շրջանակներում, վերացնել դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները, այդ թվում` կասեցնել մի շարք կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելանքները:

    Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ`«Հայաստանի գործող կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը»:

    Տնտեսագետ չլինելով հանդերձ, չեմ կարող զսպել արտահայտվելու ցանկությունս: Կոնգրեսի առաջարկների մեծ մասը պոպուլիզմի գլուխգործոցներ են: Շինարարության վարկավորման արգելումը, եւ ընդհանրապես, շինարարական նախագծերի հանդեպ խոչընդոտների հարուցումը այն դեպքում, երբ երկրի տնտեսական աճի խոշորագույն բաղադրիչներից մեկը, ոչ թե կմեղմացնի, այլ ընդհակառակը` կխորացնի ճգնաժամը:

    Մյուս կողմից էլ, սոսկ այն փաստը, որ Կոնգրեսը հանդես է եկել տնտեսական ոլորտի առաջարկություններով, արդեն դրական զարգացում է, հուսամ` իշխանությունները որեւէ կերպ կարձագանքեն:

     
    • nazarian 23:04 on Հոկտեմբերի 16, 2008 Permalink | Պատասխանել

      Ներկայիս ֆինանսական կռախի հիմնարար պատճառը ԱՄՆ-ի տնային պղպջակն էր:

      Եթե Երեւանում որեւէ շենք կառուցվում է բանկային վարկի միջոցով եւ այդ շենքը հետո չի վաճառվում, վաղ թե ուշ դու քո ձեռքին պղպջակ ես ունենում: Երբ որ վարկը հետ վճարելոը յամանակն է գալիս ու այդ շենքը ծախված չի, դու պետք է վճարելուց հրայարվես:

      Մեկ-երկու անգամ ցանկացած բանկի համար մեծ խնդիր չի բայց դրանից ավել արդեն դու մեծ խնդիրների առաջ կկանգնես: Ավելի լավ է պղպջակ չստեղծես քան թե այն պայթելուց հետո փորձես իրավիճակը շտկել:

    • Observer 13:12 on Հոկտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Նազարյան, ասածներս պարզաբանելու համար նախ հրապարակում եմ Կոնգրեսի հայտարարության ամբողջ տեքստը.

      ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

      15.10. 2008

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      Վերջին շրջանում աշխարհում ծավալված ֆինանսական ճգնաժամը պահանջում է համարժեք գործողություններ, որոնք թույլ կտան նվազեցնել այդ ճգնաժամի կործանարար հետեւանքները Հայաստանի ֆինանսական շուկայի եւ տնտեսության համար։ Ցավոք սրտի, Հայաստանի գործող կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը։ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է Հայաստանում համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով իրականացնել հետեւյալ նախնական միջոցառումները.

      1. Կենտրոնական բանկը պետք է հայտարարի առեւտրային բանկերի կողմից շինարարության վերավարկավորման արգելման եւ նման վարկերի 100 տոկոսանոց պահուստավորման մասին։
      2. ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ը պետք է հայտարարեն, որ կբացառվեն ավանդների վերադարձման հետ կապված բոլոր սահմանափակումները, առնվազն այն դեպքերում, եթե ավանդի ժամկետը լրացել է։
      3. ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ը պետք է երաշխավորեն ՙՀայռուսգազարդ՚, ՙՎալեքս գրուպ՚ ընկերությունների կողմից IPO-ների միջոցով թողարկած արժեթղթերի 100 տոկոսանոց վերադարձը։ Միեւնույն ժամանակ պետք է արգելվի նոր IPO-ների թողարկումը առանց ՀՀ կառավարության մասնակցության։
      4. ՀՀ կառավարությունը հրատապ կարգով փոփոխություններ պետք է մտցնի հարկային համակարգում՝ էապես ավելացնելով մեծ մակերես ունեցող թանկարժեք տներից գույքահարկի գանձումը։ Գույքահարկի նոր դրույքները պետք է տարվերվեն ըստ գոտիականության։ Մասնավորապես շեշտակիորեն պետք է ավելան Երեւանի կենտրոնում կառուցված էլիտար բնակարաններից գանձվող գույքահարկը։ Միաժամանակ բարձրացված հարկ պետք է սահմանել անավարտ, պատրաստվածության որոշակի աստիճան ունեցող բազմաբնակարան շենքերի եւ խոշոր առանձնատների նկատմամբ։
      5. ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ վերացվում է ներմուծումների նկատմամբ վերջին 10 տարիներին կիրառված ոչ տարիֆային կարգավորումը։
      6. ՀՀ ԿԲ-ը պետք է վերացնի դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները , կասեցնի մի շարք կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելանքները։
      7. ՀՀ ԿԲ-ը պետք է պարտավորվի առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության հետ սահմանած նշագծի սահմաններում։
      8. Առաջիկա 6 ամիսներին կառավարությունն իր վերահսկողության տակ պետք է վերցնի առեւտրային բանկերի, լեռնամետալուրգիական արդյունաբերության բարձրաստիճան մենեջերների աշխատավարձերի չափերը, պետք է սահմանափակի նշված ոլորտներում արտադրանքի ինքնարժեքի անհակի ուռճացման հնարավորությունները։
      9. ՀՀ պետական բյուջեում պետք է փոփոխություններ կատարել եւ 20%-ով կրճատել ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների (բացառությամբ կրթության, առողջապահության, գիտության եւ պաշտպանության նախարարությունների), դատախազության, դատարանների բյուջեները։
      10. Կառավուրությունը պետք է չեղյալ հայտարարի էլիտար բնակարանային շինարարության հետ կապված նոր տարածքների իրացման հետ կապված որոշումները, առաջիկա 6 ամիսների ընթացքում բացառի այդպիսի նոր որոշումների կայացման հնարավորությունը։

      ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
      15.10.08

    • Observer 13:19 on Հոկտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Երկրորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, հետեւյալն է. Հայաստանում բնակարանների գները աննորմալ կերպով բարձր են` հաշվի առնելով բնակչության եկամուտների մակարդակը, գնողունակությունը եւ այլն: Դա նշանակում է մեկ բան` մեզ մոտ ոչ թե բնակարանային պղպջակ չկա: Ընդհակառակը` կա բնակարանաշինության մեծ պահանջարկ: Կառավարությունը պետք է խրախուսի բնակարանաշինությանը վարկեր տրամադրելը` ապահով վարկերի մասին է խոսքը, որպեսզի շուկայի պահանջարկը բավարարվի:

      Եվ վերջին նկատառումը. ԱՄՆ-ում Credit Crunch-ը առաջացել է ոչ թե բնակարանային շինարարության վարկեր տրամադրելու հետեւանքով, այլ` բնակչությանը չհիմնավորված հիպոթեկային վարկեր տալու պատճառով, ինչը մեզ մոտ հնարավոր չէ: Ընդհակառակը, հիպոթեկային վարկերը պայմաններն այստեղ այնքան խիստ են, որ հազարից մեկը չի կարողանում դա իրեն թույլ տալ:

    • nazarian 17:56 on Հոկտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Ditord, ‘varkavorum’ yev ‘vera-varkavorum’ haskacutyunner@ lriv tarber baner en. Veravarkavorum@ kayanum e ayn depqum yerb du veradzevum es yeghatz vark@. Ayd entacqum karogh en patahel yerku depqer:
      1. vjarum es hin vark@ yev pastoren ayn veradzevum nor varki. Sra mej aynqan el vat ban chka.
      2. hin vark@ ches vjarum. Aysinqn, arajva mek varki pokharen arden unenum es yerku vark. Yete bank@ araj qo snankutyan depqum shenq@ het vercnel (varki hamar covorabar grav e petq) yev ir pogheri het berelu huys unenal, hima ayd varkeric mek@ arden pghpjak e. Sa dasakan khabebayutyan dzev e. Amenahaytni orinak@ Enronn e yerb irenc partqeri grav@ irenc bajnetghtern ein. Isk bajnetghteri arjeq@ pahpanvum er gravneri mijocov. Inchpes asum en, vicious cycle er u henc vor irenc pghpjak@ paytec, Enron@ vari gnac.

      Isk inch verabervum e Congressi haytararutyan@, yes chem haskanum te inch en uzum asel ‘100% pahustavorum’-ov. Isk mnacatz@ pataskhanatu dramayin qaghaqakanutyan koch e (partatghteri erashkhavorum, etc.) shukanerum vstahutyan pakasord chsteghtzelu hamar.

  • Observer 12:52 on October 13, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Ընդդիմություն   

    Սարգիս Հացպանյանը քաղաքական ապաստան է խնդրում Ղարաբաղում 

    Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով գրավոր դիմել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին նա այսօր հայտնեց ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում:

    Նախկին ազատամարտիկը նույն հարցով նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ, խնդրելով գոնե քննարկել իր դիմումը, քանի որ, Հացպանյանի խոսքերով` ՙվտանգը լուրջ է, ինձ կարող են ապօրինի արտաքսել Հայաստանից, այդ դեպքում, միակ տեղը, որ կգամ` Լեռնային Ղարաբաղն է, ուրիշ տեղ ես չեմ գնա՚:

    Սարգիս Հացպանյանը հայտնեց նաեւ, որ չնայած խոստմանը` իրավապահներն այսօր էլ իրեն չեն տրամադրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 10-ի կարգադրությունը, որի հիման վրա ինքը կարող է արտաքսվել Հայաստանից. կարգադրությունը կարող է ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ Հացպանյանը ստանա եւ ստորագրի այն:

    Սարգիս Հացպանյանը ուրբաթ օրը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամի չափով` ՙՎարչական իրավախախտումների մասին՚ օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի՝ ՙառանց քաղաքացիական հատուկ կացության իրավունքի Հայաստան մուտք գործելու համար՚:

    Ինչպես ուրբաթ ուշ երեկոյան ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնել էր Հացպանյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ոստիկանությունում կազմվել է արձանագրություն այն մասին, որ Սարգիս Հացպանյանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը. — ՙԴա ընդամենը ֆաքսից կատարված պատճեն էր, որի օրինականության վերաբերյալ Հացպանյանն արտահայտեց իր տարակուսանքը՚: Էլբակյանը ասել էր նաեւ որ, կասկածում է, թե այդ փաստաթուղթը կարող է եւ պատրաստված լինել ոստիկանությունում, քանի որ ոչ կնիք կա, ոչ էլ՝ ՙիսկականի հետ ճիշտ է՚ բառերը:

    ՙՍա ապօրինություն էր, բնականաբար, մենք պետք է բողոքարկենք ե’ւ ոստիկանության որոշումը, ե’ւ կարգադրությունը: Եթե մի կարգադրություն կայացվել է մարտի 10-ին եւ դրա մասին մենք տեղեկանում ենք հիմա, դա չի կարող համարվել օրինական՚, — հավելել էր փաստաբանը:

    ՙՈստիկանությունում ինձ ներկայացվեց երկու փաստաթուղթ, մեկը ոստիկանություն էր ուղարկվել ֆաքսով: Ես ասացի՝ ինչպես պետք է հավաստիանամ, որ դա վավեր փաստաթուղթ է: Նրանք խոստացան, որ վավեր փաստաթուղթը ինձ կհանձնվի երկուշաբթի, որ իմանամ՝ ինչ է դա, ով է կնքել, երբ՚, — նույն օրը ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասել էր Հացպանյանը:

    Ըստ նրա, ոստիկանությունում իրեն տրամադրել են նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ մեկ այլ փաստաթղթի լուսապատճենը, համաձայն որի՝ վարչության պետը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը: Փաստաթղթում, ըստ Հացպանյանի, նշված է, որ անվավեր է ճանաչվում իր՝ 10 տարվա քաղաքացիական հատուկ կացության փաստաթուղթը:

    ՙԱյդ թղթի բնօրինակը եւս պետք է տան երկուշաբթի՚, — ասել էր Հացպանյանը` հավելելով. — ՙԱպօրինությունները պիտի վերանան, Հայաստանը պիտի օրինական երկիր դառնա՚:

    Անցած շաբաթ Սարգիս Հացպանյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին պատմել էր հետեւյալը. — ՙՄարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված անձանցից` Ազատության հրապարակում: Այդ հարձակումից հետո անմիջապես` հենց մարտի 1-ին, հասել եմ արցախյան ազատագրված տարածքներ, այդտեղ եմ գտնվել: Երեկ [հեկտեմբերի 8-ին] առաջին անգամ գիշերը ժամանել եմ Երեւան եւ ուզեցել եմ երեխաներիս տեսնել, կնոջս տեսնել.. Բայց իմանալով, որ ոստիկանությունը հսկում է տունը` չեմ մոտեցել: Ամսի 8-ին հանդիպել եմ լրագրողների, իրավապաշտպանների, կապվել եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու անձանց հետ, պատմել եմ եղելությունը, ասել եմ, որ այսպիսի իրավիճակ է, բայց անպայման ուզեցել եմ երեխաներիս եւ կնոջս տեսնել ու եկել եմ տուն: Տուն գալուցս մի 10-15 րոպե հետո ոստիկանությունը արդեն եկել է, որ իրենց հետ գնամ: Մերժել եմ դուրս գալը, որովհետեւ ես ապօրինի գործողություն կատարելու բոլորովին պատրաստ անձնավորություն չեմ, օրինապաշտ եմ, օրենքի շրջանակներում եմ եղել միշտ եւ որեւէ օրենք չեմ խախտել՚:

    Դրանից հետո մինչեւ ուրբաթ օրը Հացպանյանը տնից դուրս չէր եկել: Ոստիկանությունն այդ ամբողջ ընթացքում հսկում էր նրա բնակարանը: Իսկ ուրբաթ օրը ոստիկանների ուղեկցությամբ տարվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ էլ ուշ երեկոյան կայացվել էր նրան տուգանելու մասին որոշումը:

     
  • reporter-arm 20:05 on May 28, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ընդդիմություն,   

    Ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը 

    Այսօր ծեծի է ենթարկվել «Սկսելա» երիտասարդական շարժման եւ «Հիմա» երիտասարդական-քաղաքական ուղղվածության շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը:

    Դեպքը տեղի է ունեցել Ֆինանսների նախարարության դիմացի այգու սրճարաններից մեկի մոտ:

    Ինչպես պատմեց Արսենի քույրը` Լուսինե Խառատյանը, անցած 3-4 օրերի ընթացքում անհայտ մեկը պարբերաբար զանգահարել եւ որպես լրագրող ներկայանալով հարցազրույց է խնդրել Արսեն Խառատյանից: Արսենը նրա հետ պայմանավորվել է հանդիպել այսօր: Հասնելով ժամադրավայր, Արսենը ոչ ոքի չի հանդիպել: Նա որոշել է մի քիչ սպասել: Ըստ Լուսինեի պատմածի, այդ ընթացքում ինչ-որ մեկը հետեւի կողմից հարվածել է Արսենին ու նրան ծեծի ենթարկել: Հայտնի չէ ծեծողների քանակը:

    Այս պահին Արսեն Խառատյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է: Ըստ Լուսինեի, Արսենի գլխին կարեր են դրել: Առողջական վիճակը բավարար է:

     
  • Observer 15:01 on May 7, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Սերժ Սարգսյան, , , , , նախագահ, Ընդդիմություն, , ԼՏՊ, Լեւոն Տեր-Պետրոսյան,   

    Միացյալ ընդդիմության առաջնորդ Լեւն Տեր-Պետրոսյանի հաշտարար ճառը բլոգոսֆերայում տարաձայնություններ է առաջացրել 

    Ինչպես եւ սպասվում էր, ինտերնետային ուշադրությունն անցած օրերին հիմնականում սեւեռված էր ՝ մայիսի 2-ին տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած առաջին հրապարակային ելույթի վրա։ մարտիմեկյան հետընտրական բռնություններից հետո:

    Ընդդիմադիր կոնգրես, 2-ը մայիսի, 2008 | Սկզբնաղբյուրը՝ Unzipped

    Կարծիք հայտնելով, որ «չի կարելի լուրջ ընդունել որեւէ անձի, ով պնդում է, որ ստացել է ձայների 65%-ը, մեղադրում է ներկա իշխանություններին մարդասպանության մեջ [], սակայն իր ասածը հաստատող փաստեր չի ներկայացնում», Martuni or Bust!!! բլոգը խորհում է ընդդիմադիր կոնգրեսի ընդհանուր ենթատեքստի եւ երկրում քաղաքական վիճակի մասին.

    Երեւում է, որ կեղծված ընտրություններից եւ մարտի 1-ի սպանություններից հետո վիճակը շարունակում է լարված մնալ: Նկատելի անհանգիստ վիճակը ավելի երկար է շարունակվում, քան ես սպասում էին եւ գուծե, ո՞վ իմանա, այս անգամ ճշմարտությունն իսկապես ջրի երես դուրս կգա եւ նրանք, ովքեր պետք է իրենց համապատասխան տեղերում դրվեն, վերջապես կստանան իրենց արժանի պատիժը:

    Ավելի համակողմանի վերլուծությամբ է հանդես եկել Կովկասյան հանգույցը, ընդհանուր առմամբ եզրակացնելով, որ «արմատական ընդդիմությունը կարծես թո պատրաստ է իշխանությունների հետ բանակցել» եւ փաստելով, որ մարտիմեկյան խռովություններից հետո Տեր-Պետրոսյանի այս առաջին հրապարակային ելույթը «ակնհայտորեն ավելի հաշտարար բնույթ է կրում»:

    Ինչեւէ, քննարկումների եւ բանակցությունների հիմք կա` Եվրոպայի Խորհրդի 1609 Բանաձեւի տեսքով: Բանաձեւը, մասնավորապես, կոչ է անում արմատական ընդդիմությանը ճանաչել Սահմանադրական դատարանի` ընտրությունների արդյունքները հաստատող որոշումը, իսկ իշխանություններին` ազատ արձակել զուտ քաղաքական հիմքերով ձերբակալված անձանց:

    Նկատելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «գործնականում պատրաստակամություն հայտնեց ԵԽԽՎ երաշխավորումների շուրջ երկխոսություն սկսել», ընդդիմադիր ուժերին աջակցող Unzipped բլոգը իր անհամաձայնությունն է հայտնում ընդդիմության առաջնորդի ելույթում հնչած այն հայտարարությանը, որը ըստ բլոգի «ուղղակիորեն ընդունում է ընդդիմությանն ուղղված ԵԽԽՎ կոչը` ճանաչելու ընտրությունների արդյունքները հաստատող Սահմանադրական դատարանի որոշումը», ասելով, որ ավելի նպատակահարմար կլիներ այս կետը ընդունել որպես բանակցությունների վերջնանպատակ, այլ ոչ թե նախապայման:

    Առաջին նախագահի նկատմամբ իր ակնհայտ բացասական վերաբերմունքով հայտնի Pigh-ն էլ Տեր-Պետրոսյանի ճառից որոշ մտքեր առանձնացնելով ակնարկում է, որ այդ մոտեցումները ընդդիմության առաջնորդի «դերին» հակասում են, եւ ավելի շուտ հարիր են իշխող Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունների «գործիքին».

    Հանրապետական-Գործիք

    [Կոչերից] մեկը ուղղված էր ԱՄՆ կառավարությանը եւ «Հազարամյակի Մարտահրավերներ» կորպորացիային, ում նա կոչ է անում խուսափել Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատելուց, քանի որ դրանից կտուժի ժողովուրդը, ոչ թե իշխանությունը:

    Դաշնակ-Գործիք

    Երկրորդ [կոչը] ուղղված էր հարեւան Ադրբեջանին: Առաջին նախագահը մասնավորապես նշեց, որ Բակուն վերջապես պետք է հասկանա, «որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը»:

    Հետաքրքիր է, որ ԱՄՆ աջակցությունը չկրճատելու մասին կոչը նաեւ քննադատել է ընդգծված պրո-Տեր-Պետրոսյանական կողմնորոշում ունեցող Nazarian բլոգը.

    Ես համաձայն չեմ նրա հետ եւ կշարունակեմ պնդել, որպեսզի (հուսով եմ կարճ ժամանակով) դադարեցվի Ամերիկյան հարկատուների գումարների օգտագործումը Հայաստանում ավազակապետությունն ամրապնդելու նպատակով: Որեւէ մեկի վարքագիծը փոխելու լավագույն միջոցը ֆինանսական լծակներ բանեցնելն է:

    Եւ մինչ Ուզողը տարակուսում է, թե վերջապես ինչն է դարձել «ԼՏՊ-ի աշխարհայացքի» նմանօրինակ կտրուկ փոփոխության պատճառը, Unzipped-ն էլ իր հերթին կարեւորում է իշխանությունների արձագանքը` երկխոսության այս ակնհայտ կոչին.

    Մայիսի 10-ին, երբ Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը, պարզ կդառնա, թե որքանով են հայաստանյան իշխանությունները լրջորեն մոտենում անհրաժեշտ բարեփոխումների ԵԽԽՎ առաջարկներին եւ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու պահանջին:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել