Այս Լրաքաղը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի բլոգում պահպանվեն Ինտերնյուս Հայաստանի հռչակած Լրագրողի Վարքականոնի չափանիշները։«Ինտերնյուսը» նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ աջակցելով ազատ եւ բազմակարծիք լրատվամիջոցների կայացմանը։ Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել արդար եւ պատասխանատու լրատվությամբ։

Մենք կարեւոր ենք համարում.

Մասնագիտական հմտություններով նպաստել հասարակության բարեփոխմանը։

Միանալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համընդհանուր ջանքերին։

Սատարել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը։

«Ինտերնյուսն» ընդունում է լրագրողական աշխատանքի հետեւյալ սկզբունքները։

1. Ազատություն

1.1 Մենք պաշտպանում ենք խոսքի ազատությունը։ Գրաքննության ցանկացած սահմանափակում վտանգում է հանրությանը ծառայելու մեր առաքելությունը։

1.2 Մենք դատապարտում ենք տեղեկատվություն մատուցելուն եւ ստանալուն միտված բոլոր խոչընդոտերը՝ դա համարելով ոտնձգություն ազատ լրատվության դեմ։

1.3 Մենք ընդունում ենք մեկնաբանության եւ քննադատության ազատությունը, եթե այն հիմնված է ճշտված փաստերի վրա եւ հստակորեն տարբերակված է ենթադրություններից ու վարկածներից։

2. Արդարություն

2.1 Մենք համոզված ենք, որ լրագրողն իրավունք չունի կատարել առեւտրային կամ քաղաքական պատվեր, պատրաստել կամ տարածել տեղեկատվություն, որը քողարկված գովազդ է պարունակում։ Մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ ցանկացած ճնշում չի կարող ազդեցություն ունենալ տեղեկատվությունը բազմակողմանի, ճշմարիտ, ամբողջական, որակյալ եւ հրատապ ներկայացնելու վրա։

2.2 Մենք կարծում ենք, որ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, հեղինակային իրավունքը, տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեղեկություններ չհայտնելու իրավունքը մշտապես հարգվում են։ Դրանք կարող են մի կողմ դրվել, երբ մարդուն, հասարակությանը ծանր ու անխուսափելի վտանգ է սպառնում։

2.3 Մենք աշխատում ենք իրողությունը բացահայտելու ճանապարհին զերծ մնալ փաստաթղթեր, նյութեր գտնելու, հարցազրույցներ ստանալու անարդար միջոցներից։ Անուղղակի ճանապարհով ձեռք բերված տեղեկությունները պետք է ճշտվեն հատուկ ջանադրությամբ ։

3. Արժանապատվություն

3.1 Փաստերը չի կարելի ծառայեցնել մարդուն կամ կազմակերպությունն անվանարկելուն, վիրավորելուն կամ նսեմացնելուն։ Մարդու ազգությունը, ռասան, կրոնը, ֆիզիկական եւ մտավոր վիճակը չի կարելի պիտակավորել։

3.2 Բռնության զոհ դարձած անձանց, անբուժելի կամ ծանր հիվանդներին, հանցագործներին ցուցադրելու եւ նրանց հարազատների անունները հրապարակելու համար պետք է ստանալ վերջիններիս համաձայնությունը։ Խորը վիշտ, հոգեկան ցնցում ապրող անձինք, անչափահասները պետք է ազատ լինեն լրագրողների անհարկի հետապնդումներից։

3.3 Էական սխալը, մոլորեցնող կամ խեղաթյուրված հաղորդագրությունը պետք է անհապաղ ճշտել։ Վարկի, արժանապատվության, նյութական վնաս կրած անձանց ու կազմակերպությունների հերքումները պետք է հրապարակվեն առանց իմաստային էական փոփոխությունների։

4. Հավասարություն

4.1 Մենք սպասարկում ենք հասարակության բոլոր խմբերին՝ անկախ նրանց քաղաքական, տնտեսական եւ գաղափական ուղղվածությունից։ Բարեկամական, ազգակցական, ընկերական եւ այլ կապերը ոչ մի կերպ չեն կարող փոփոխել մեր որդեգրած հավասարության սկզբունքները։

4.2 Մենք նախընտրում ենք հիմնավորել տեղեկատվությունը հնարավոր բոլոր աղբյուրներով, հետաքննություն անցկացնել՝ չսահմանափակվելով ակնհայտով, հետաքրքրաշարժով կամ մակերեսայինով։

4.3 Մենք փոխգործակցությունը համարում ենք աշխատանքի սկզբունք։ Մշտապես աջակցում եւ օժանդակում ենք մեր բոլոր գործընկերներին, համակիրներին։ Օգնում ենք բոլոր նրանց, ովքեր նպատակների, կոչման, գործի, մասնագիտության բերումով դիմում են մեզ։

5. Հանդուրժողականություն

5.1 Մեր գործունեության եւ աշխարհայացքի գերակա գործոնը հանդուրժողականությունն է։ Կրոնական, ազգային, ռասայական, կուսակցական եւ այլ պատկանելության անձանց, խմբավորումներին, կազմակերպություններին մենք վերաբերվում ենք որպես մեր հասարակության լիիրավ անդամների՝ տեղեկացնելու եւ տեղեկացվելու իրենց իրավունքով։

5.2 Մենք պարտավորվում ենք նպաստել հասարակական երկխոսությանը, կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը։ Հասկանում ենք, որ մեր գործունեությամբ ոչ մի կերպ չենք պառակտելու հասարակությունը, չենք պարսավելու հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական այլ նախաձեռնություններ։

5.3 Մենք հաշվետու ենք հանրության առջեւ եւ պարտավոր ենք ի գիտություն ընդունել, նկատի ունենալ ոչ միայն մեզ ուղղված գովասանքը, այլեւ քննադատություններն եւ դժգոհությունները հավասարապես։

Մենք հետեւողական ենք ազատ եւ անկախ լրատվության երաշխիքների պահպանման գործում։ Մենք պարտավոր ենք բարձրացնել լրագրողի հեղինակությունն վարկանիշը հասարակության մեջ։ Ահա սրանք են մեր գործունեության հիմնական սկզբունքները։ Մենք պարտավորվում ենք մեր ամենօրյա աշխատանքում առաջնորդվել սույն վարքականոնով եւ երբեք չչարաշահել այն անձնական, նյութական, անհիմն քարոզչության, զրպարտության, ուղղակի կամ անուղղակի պատվերներ կատարելու, տեղեկատվությունն աղճատելու կամ թաքցնելու նպատակով։

Advertisements