Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Հայկական հիշատակի օրվա առթիվ, որում, ինչպես եւ նախորդ երեք տարիներին, խուսափել է ցեղասպանություն բառից` փոխարենը օգտագործելով Մեծ Եղեռն (Meds Yeghern) բառերը:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն եղեռնագործություններից մեկը, եւ այդպիսով հարգանքի տուրք մատուցում այն 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին դաժանաբար կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին», — ասված է Օբամայի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի գրասենյակը: — «Այսօր, խորհելով 97 տարի առաջ տեղի ունեցած անասելի տառապանքների մասին, մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում եւ այստեղ՝ Ամերիկայում, որտեղ այս օրը հանդիսավորությամբ նշվում է մեր նահանգների, պետական հաստատությունների, համայնքների եւ ընտանիքների կողմից։ Մենք պարտավոր ենք մեր խոսքերով եւ մեր արարքներով վառ պահել զոհերի մասին հիշողությունը եւ ապահովել, որպեսզի պատմության նմանօրինակ աղետալի դրվագները երբեւէ չկրկնվեն»։

Օբաման, ով մինչեւ ԱՄՆ-ի նախագահ դառնալը՝ ինչպես Սենատում աշխատանքի տարիներին, այնպես էլ ընտրարշավի ժամանակ բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, իր հայտարարությունում նաեւ ասել է․ — «Ես մշտապես հայտարարել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ տեսակետը, եւ իմ տեսակետը այդ պատմության վերաբերյալ չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ եւ արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»:

ԱՄՆ-ի նախագահը ընդգծել է, որ առանց անցյալի փաստերը հաշվի առնելու՝ առաջընթացը հնարավոր չէ։ — «Որոշ անհատներ արդեն իսկ խիզախ քայլեր են կատարել այս ուղղությամբ։ Մենք ողջունում ենք այն հայերին եւ թուրքերին, ովքեր ընտրել են այս ճանապարհը, եւ հույս ունենք, որ դեռ շատերը կընտրեն այն՝ իրենց, այնպես էլ իմ կառավարությունների աջակցությամբ»։

Օբաման ընդգծել է, որ հայ ժողովրդի ցուցաբերած ոգին ու տոկունությունը թույլ են տվել հայ ազգին գոյատեւել, բարգավաճել եւ սերնդեսերունդ փոխանցել իրենց ավանդույթները՝ կյանքով լեցուն համայնքներ հիմնելով ամբողջ աշխարհում։ Նա ասել է, որ ամերիկահայերը մեծ ավանդ ունեն Միացյալ Նահանգներում։

«Միացյալ նահանգները հպարտ է ձեր թողած ժառանգությամբ, եւ ձեր ավանդը պատիվ է բերում նրանց հիշատակին, ովքեր տառապանքների ենթարկվեցին եւ զոհվեցին շուրջ մեկ դար առաջ», — նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ — «Հիշատակի այս մռայլ օրը մենք միանում ենք բոլոր հայերին՝ ոգեկոչելով Մեծ Եղեռնի սարսափները եւ պարտավորվելով ավելի պայծառ ապագա կերտել Հայաստանի ժողովրդի համար»։