Անկախություն–մանկախություն, փուչիկ–մուչիկ, համերգ–մամերգ

Հայկական բլոգոսֆերան այս շաբաթ տոնում էր Հայաստանի անկախության օրը։

Սփյուռքահայ բլոգեր Սերժ Թանկյանը, որը հայտնի է նաեւ որպես Գրեմմի մրցանակներ շահած ու աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, իր բլոգում հայտարարեց, որ սեպտեմբերի 21–ին՝ Հայաստանի անկախության օրը, թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը, որը կոչվում է «Իմփըրֆեքթ Հարմընիզ»։

Մենք ու մերոնք բլոգը շնորհավորում է bոլոր նրանց, ովքեր պայքարել են անկախության համար ու նվաճել են այդ անկախությունը, նրանց, ում համար անկախությունը մենակ հայերեն անձնագիր ու դրամ չի, նրանց, ով հստակ գիտակցում է, որ մենք իրականում դեռ անկախության ճանապարհին ենք։

«Մնացած բոլորին, ովքեր նույնիսկ չգիտեն, թե ինչի ա հենց էս օրը նշվում էս տոնը, ցանկանում եմ ուրախ տոնական օր: Փուչիկ-մուչիկ, կաֆե-մաֆե, համերգ-մամերգ», – եզրափակում է բլոգը։

Յուրահատուկ կերպով է նշում անկախության օրը Ըհաուզքիփըր բլոգը. «Ինձ թվում է, որ մինչև Հայաստանի Հանրապետության անկախությունը տոնելը պիտի դեռ ահագին հաց ու պանիր ուտենք աշխատենք։ Որովհետև այդ անկախությունը հռչակագրերով, տոնական ճառերով ու կենացներով չէ, որ հաստատվում է։ Դեռ մի բան էլ ընդհակառակը. քաղցր ու ճոռո բառերը բթացնում են զգոնությունը, մոռացնել տալիս այդ անկախություն կոչվածի կարծես թե օրեցօր պակասելու մասին։ Ճիշտ կլիներ, որ այս օրն աշխատանքային լիներ»։

Դիտորդ բլոգը անդրադարձել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվող պատարագի շուրջ զարգացումներին։

«Մինչ Աղթամարում պատարագ էր տեղի ունենում՝ Ծիծեռնակաբերդում բողոքի ցույց էր անցկացվում՝ Թուրքիայի իշխանությունների պրոպագանդիստական գործողությունների դեմ», – գրում է բլոգը՝ դիտարկելով. – «Հայերը միակարծիք չէին պատարագին մասնակցելու հարցում։ Շատերը պնդում էին, որ հարկավոր է բոյկոտել այն, սակայն ոմանք էլ փաստում էին, թե սա լավ հնարավորություն էր մասնակցել պատարագին եւ աշխարհին ցույց տալ, որ այս հողերի իրական տերերը հայերն են, որոնք ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան Կայսրությունում՝ իրենց հետեւում թողնելով կիսավեր եկեղեցիներ եւ որբացած խաչքարեր»։

Անզիփփդ բլոգը դժգոհում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ելույթ ունենալու փաստից։ – «Խնդրում եմ, որեւէ մեկը թող Ջհանգիրյանին ասի, որ բերանը փակի։ Նախկին զինդատախազը ինքն է մեղադրվում մարդու իրավունքների խախտումների եւ մարդկանց կտտանքների ենթարկելու համար, ու հիմա հանկարծ սկսել է մարդու իրավունքների վերաբերյալ լեկցիաներ կարդալ»։

«Հայերենի պուճուր դաս» է տալիս Բյուրի բլոգը. – «Էսօր որ բանկում չեկը տվեցին, մի բառ կարդացի վրան, արյունը տվեց գլխիս. «պատճե»: Ժողովուրդ, հայերենում պատճե բառ չկա, մոռացեք: Ճիշտը՝ պատճեն: Որտեղ տեսնում եք, ուղղեք: Էնքան արմատացած սխալ է, որ նույնիսկ բավական գրագետ բանկի չեկի վրա է հայտնվել»:

Բանաձեւի բլոգը ավելի մեծ մի դաս է տալիս՝ հայարենի ու ինտեռնետերենի մի այլանդակ խառնուրդ է հրապարակել Մանուն՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ինտերակտ բառարան»։ Կարդացեք՝ չեք փոշմանի, կիմանաք թե ինչ է Յուզեռը, Հոսթինգն ու Դոմենը։ Իսկ թե ի՞նչ է «ինքնագեներացվող հարթակ»–ը՝ բլոգերը ինքն էլ խաբար չէ…

Advertisements