Հակացանցային համակարգ՝ հայկական բանակի համար

banaki_demqy

Հայկական ինտերնետային տարածքում օրերս մի տեսահոլովակ հայտնվեց, որտեղ զինվորական հագուստով անհայտ տղամարդը, ականջներից ձգելով, ստորացնում էր զինվորական հագուստով երկու երիտասարդ տղաների։ Տեսանյութից դժվար էր հասկանալ՝ որտեղ է դա տեղի ունենում, եւ ի՞նչ ազգության են պատկանում զինծառայողի հագուստով այդ մարդիկ, սակայն տեսանյութը վերնագրված էր «Բանակի իսկական դեմքը»։

«Հայաստանը ենթարկվում ա տեղեկատվական հարձակման: հիմնական թիրախը բանակն ա», — Ֆեյսբուկ ցանցի էջերում դժգոհում է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը։ — «Չի բացառվում որ` սա հենց պատերազմի նախապատրաստություն լինի: բանակը դասալքվի, պատերազմը սկսվի, Հայաստանը պարտվի»։

«Սաղ աշխարհում պետության թույլ տեղերից մեկը դա բանակում տեղի ունեցող ձիդավշինայի դեպքերն են… յութուբում որ ման գաք անգլիական բանակի կայֆոտ ձիդավշինայի կադրեր կգտնեք…», – իր ձեւակերպմամբ՝ բանակում ականջ քաշելու «անմեղ վիձյոյին» է անդրադառնում Գագո—բեռլին բլոգը. – «Դրսից պետությունը քանդելու ձևերից մեկը դա այդ հարցը ռասկռուտկա անելն ա… հիմա գանք հիմնական մասին… մեր դեպքում ամենամեծ պռոբլեմը դա Հայկական բանակի հրամանատարական կազմի կատարյալ կոռումպացվածությունն ա… երբ գեներալները թալանում էին գրավյալ տարածքները (ու էդ թալանը ինձ թույլ ա տալիս էս կոնտեքստում հրաժարվել ազատագրված բառից) սաղ ասում էին հա դե զասլուժիլի… հետո երբ իրանց համար դղյակներ էին սարքում ՌՔը ասեց Կիրովաբադից էրևում ա, տակ նուժնը… բայց Մանումենտը Կիրովաբադից մենակ գուգըլով ա էրևում…»։

Տեսանյութի տարածումից ժամեր անց Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական արձագանքով, որում, մասնավորապես, ասված էր. – «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը»: 

Ի պատասխան՝ Artak Yeghiazaryan–ը գրում է. – «Բայց ամենաուժեղը ՊՆ-ի արձագանքն էր: Առաջին հերթին մարդիկ պիտի գտնեն ու պատժեն տեսանյութը տարածողին: Վերջն եք, դուք, արա: Թասիբ ասած բանը չի մնացել էդ անտեր Պենտազոնի մեջ»:

Թեման եզրափակում է Մարկ Գրիգորյանը. – «Տեսանյութից չի երեւում, որ դա հայկական բանակում է կատարվում։ Բայց, ցավոք սրտի, այդ իմաստով հայկական բանակը գործնականում ոչնչով չի տարբերվում հետխորհրդային երկրների զինված ուժերից։ Միակ բանը, որ ինձ մի փոքր հանգստացնում է, դա այն է, որ հասարակությունը սկսել է ուշադրություն դարձնել այս ոլորտին, որը նախկինում գրեթե փակ, չքննարկվող թեմա էր։ Միայն թե պարզ չէ մի բան՝ այս նորահայտ ուշադրությունը արդյո՞ք որեւէ արդյունք կտա, բացի ցուցադրական–հանդիսավոր պատիժներից»։

Ավելի քան 750 մարդ տարածեց հայ–ադրբեջանական վավերագրական կարճ մի տեսահոլովակ, որը վերնագրված է «Ուղեւորը»։ Ֆիլմը, որը նկարահանվել է Երեւանում եւ Բաքվում, պատմում է այն մասին, թե ինչպես տաքսիստը իր մեքենա նստած ուղեւորի համար դնում է հակամարտ երկրի երաժշտությունը ու առաջարկում քննարկել հայ–ադրբեջանական հակամարտությունը։

«Ինը տարի առաջ այս օրը տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց բոլորին, արմատապես փոխեց, անճանաչելի դարձրեց աշխարհը», – սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ–ի դեմ ահաբեկչական «Ալ–Ղաիդայի» իրականացրած ահաբեկչության տարելիցի օրը իր բլոգում գրում է Սուրեն Սուրենյանցը։ – «Սեպտեմբերի 11-ից հետո՝ անիմաստ եւ ծիծաղելի դարձան խոսակցություններն երկբեւեռ աշխարհի մասին: «Սառը պատերզմի»ժամանակների իներցիայով ապրող որոշ մարդիկ աշխարհի երկրորդ բեւեռ համարում են Ռուսաստանը՝ նրան հակադրելով Արեւմուտքին»:

Նրան պատասխանելով՝ 777մոնկ777–ը գրում է. – «Իհարկե, սեպտեմբերի 11-ի տիպի ոճրագործություններն արդարացում չունեն, բայց դե ամեն ինչ այդքան էլ սև ու սպիտակ չի էլի: Ոչ պակաս ահաբեկչական երկրներ ու չարիքի առանցքներ են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և մնացածները: Պարզապես ուժն ում կողմը որ կա, նա էլ ձևակերպումներ է անում: Ում համար ահաբեկչություն է, ու համար` ազատագրական պայքար: Կրկնում եմ, նման ոճիրներն արդարացում չունեն, բայց չարիքի արմատը հենց ահաբեկչության զոհ ներկայացող տերություններն են»:

Պատաֆիզիկուսը արձանագրում է՝ Հայաստանում զգացվում են գլոբալ ջերմացման հետեւանքները. – «Իմ բլոգի «Եղանակ» բաժնի վաղուցվա ընթերցողները երեւի հիշում են, որ ես հաճախ եմ հրապարակել տվյալներ, որոնց համաձայն, նախկին տարիների ստացվում էր, որ գլոբալ ջերմացման ազդեցությունը մեր մայրաքաղաքում ընդհանրապես չի զգացվում։ Սակայն այս տարի, 2009թվականի սեպտեմբերից մինչեւ օրս, տարկան միջին ջերմաստիճանը հասնում է 14.5°C, այսինքն նորմայից բարձր է 2.5 աստիճանով։ Այս տարի 19 օր գրանցվել է վերջին հարյուր տրավա ընթացքում ռեկորդային բարձր ջերմաստիճան։ Էլ չեմ ասում, որ ոչ մի օր չի գրանցվել ռեկորդային ցածր ջերմաստիճան»։

ԸՀաուզքիպերը ահազանգում է. – «Հաշվեցի թե հարազատներիցս ու ազգականներիցս ինչքան մարդ է մեկնել արտասահմանում ապրելու։ Հետո նույնը հաշվեցի կնոջս ազգականների համար։ Հարևանի օրինակով նայեցի, հետո արհեստավոր ընկերներիս։ Տարբերությունն միայն այն էր, որ առանց բարձրագույն կրթության հիմնականում Ռուսաստան են գնում, բարձրագույնով՝ հիմնականում Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա։ Մեր սերնդի համար մեկնողներ-մնացողներ հարաբերությունը բոլոր դեպքերում էլ 50-50 էր։ Եթե սա աղետ չէ, ապա ի՞նչ է»։

Մոսկուլը լուծումներ է առաջարկում. – «Ինձ թվում է հաշվի առնելով բոլոր խնդիրները, ավելի ցանկալի կլինի, որ ՀՀ պետք է նրան, ով սկզբույնքայնորեն Հայաստանում է մնացել, տրամադրի ամենալայն առավելությունները: Իսրաելի կողմից սա կիրարվող ու աշխատող պրակտիկա է: Չուզողներով շրջապատված Հայաստանում պետք է սիրաշահել մնացողներին, ոչ թե եկողներին: Եկողը մի անգամ գնացել է, կամ առնվազն տասնյակ հնարավորություններ է ունեցել գալու,լ բայց ընտրել է լավագույնը (լգոտաները) Մնացողն իսկ, սրան հակառակ տասնյակ հնարավորություն է ունեցել գնալու, բայց շարունակել է մնալ, հետևաբար նա ու հենց նա պետք է իր երկրում ունենա բացառիկ դիրք»:

Հայաստանը լքում են նաեւ ծառերը՝ Հայաստանի անտառներ բլոգը ահազանգում է բազմաթիվ անօրինական ծառահատումների մասին՝ հիմնականում Լոռու մարզում։ Բլոգը, օրինակ, պատմում է այն մասին, որ Դսեղի անտառտնտեսությանը կից սղոցարան է գործում, ինչը լրիվ աբսուրդ է՝ չէ որ հենց անտառտնտեսությունն է պարտավոր պահպանել անտառը։

«Հուլիսի 22-ն էր, երբ ցանկություն հայտնեցինք անակնկալ հյուրընկալվել այնտեղ։ Պարզվեց, որ դեռ նոր ձմերուկ վայելած Դսեղի անտառների պահապանները տեղեկացել էին գյուղ այցելած լրագրողների մասին և հասցրել էին թաքնվել անտառտնտեսության վարչական շենքում ու շերտավարագույրներից այն կողմ դիտում էին, թե ինչպես ենք լուսանակարում իրենց տարածքը», – գրում է բլոգը. – «Սղոցարանի արտադրանքը` հաճարենուց ստացված մանրահատակը գեղեցիկ ձեւով շարված էր հենց բակում: Աընթացքում  անտառտնտեսության աշխատողները փակվել էին ներսում ու հաստատ մտքներում կրկնում էին. «Սրանք ձմերուկն էլ հարամ արեցին»:

Ֆ5 բլոգին տխրեցրել է Հայաստան – Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման ոչոքի՝ 2:2 հաշիվը։ Բլոգում կարդում ենք. – «Թվում է, թե վատ չէ մրցակցի դաշտում վաստակած մեկ միավորը: Սակայն, հաշվի առնելով, որ 1. Մակեդոնացիք մեզնից թույլ էին եւ 2. Մերոնք ահագին 100 տոկոսանոց գոլեր չօգտագործեցին, ահագին տխրեցուցիչ խաղ էր…»։

Թալինցին պատմում է, որ Արագածոտնի մարզում խանութներում հայտնաբերվել է «թուրքական չմաքսազերծված սնունդ, որը թունավոր է ու վնասակար է առողջության, մասնավորապես սեռական օրգանների համար»։ Թեեւ տեղեկատվության աղբյուրը պարզ չէ, բլոգը գրում է. – «Ես նման բան սպասում եմ նրանցից: Ադրբեջանը կարող է արցախցիներին գետերի միջոցով թունավորել, իսկ Թուրքիան չի՞ կարող սնունդի միջոցով անել նույնը: Նրանց համար առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն, եթե սահմանը բացվի»:

Թուրքական թեմային է անդրադարձել նաեւ Խլուրդը, ով գրում է. «Թուրք գործարարները Ս.Խաչի վրա խաչ են դնելու։ Իմացաք՞՞՞ Որովհետև անհանգստացած են հայերի` Վան մեկնելուց հրաժարվելուց։ Էս թրքերը բայց էս ինչ տիիիպն եեեեն. թուււ»։

Ուզողն էլ ուշագրավ ձեւակերպումներ է առնաձնացրել Հայաստանի ոստիկանությունում տրված բացատրագրերի պաշտոնական արձանագրություններից։

«Սեփականաշնորհված բոլոր կենդանի անասուններից միայն ես եմ կենդանի մնացել, մնացածը մորթել ու կերել են կամ մորթել ծախել ու հիմա էլ ցանկանում են պատգամավոր աշխատել առանց խղճի խայթի:

Տղաս հարբած մեքենա է վարել, բայց տուգանային հրապարակում արևի տակ նրա անմեղ մեքենային են պահել, փոխանակ նրան պահեին:

Տեսնելով, որ տուժող Ալեքսանյանը կնոջ և երկու երեխայի հետ մեքենայից դուրս եկան և շարժվեցին դեպի դարպասը, վրեժից խեղդված Եսայանը նռնակը շպրտեց նրանց վրա, որից տուժողները տեղնուտեղը մահացան, բայց բարեբախտաբար մեքենայի դիմահար ապակին չվնասվեց, քանի որ թթենու մեծ ծառը պահեց:

Այն մասին, որ ես ժամացույցս և մատիս մատանին որպես կաշառք եմ ստացել, առաջին անգամ եմ լսում և այն էլ քննիչից, քանի որ ես, որպես կանոն, զզվել եմ կաշառք ստանալուց»: