Ազգային-ազատագրական Ղարաբաղ-Քոբուլետ տրանզիտ

Սեպտեմբերի 4-ին Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումը, որի արդյունքում ադրբեջանական կողմից առնվազն 2 զինվոր զոհվեց, անցած շաբաթ արժանացավ բլոգերների հատուկ ուշադրությանը։

Միջադեպի հերոսը շարքային Արման Մանուկյանն է: Նա է ձեռնամարտի բռնվել ադրբեջանցի դիվերսանտի հետ, գետնել նրան, որից հետո օգնության է հասել ընկերը և ոչնչացրել թշնամուն», — գրում է Փիղն ու ընդգծում. — «Արման Մանուկյանը ինքնակամ վերադարձել է Ռուսաստանից` բանակում ծառայելու համար։ Հալալա ձեզ տղերք!»

Մեկ այլ հանրահայտ բլոգեր՝ Կոռնելիյ Գլասը, մեկնաբանում է վերջին շրջանում գրանցված հրադադարի բազմաթիվ խախտումները. — «Շատերի մոտ համոզմունք է առաջացել, որ ուր որ է Ադրբեջանի հետ պատերազմ է սկսվելու։ Ես հակառակ կարծիքն ունեմ՝ ընդհակառակը, վստահ եմ, որ պատերազմ չի սկսվելու։ Դրա համար տարբեր պատճառներ կան, բայց մեջբերեմ մի մարդու կարծիքը, ով առաջինն է հայտնվելու կրակի տակ, եթե վաղը պատերազմ սկսվի։  Ահա Ղարաբաղում ապրող Ալբերտ Ոսկանյանի կարծիքը. — «Աշնանը, Ադրբեջանում ընտրությունների մեկնարկին մոտ, վիճակն ավելի է վատթարանալու։ Այդպես եղել է միշտ՝ Ադրբեջանում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ միշտ լարվածություն է եղել շփման գծում։  Ընտրություններից հետո, սակայն, կտրուկ անկում։ Առաջին անգամը չէ»։

Ադրբեջանական թեման այսօր կեզրափակենք Ալիեւի հսկա դրոշի վերաբերյալ պատմությամբ։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը որոշել էր ռեկորդ սահմանել՝ Բաքվում տեղադրելով աշխարհի ամենաբարձր եւ ամենամեծ դրոշը, սակայն դրոշը քամիներից պատառոտվեց։ Այն հապճեպորեն փոխեցին՝ իսկ դրոշը, կրկին պատառոտվեց։ Իսկ հայակակն բլոգոսֆերայում եւ սոցիալական ցանցերում այս առթիվ տիրում էր իսկական անեկտոդային՝ «մե ծիծաղ, մե ուրախություն»։

Թեւյանցը, փորձելով որոշ լրջություն պահպանել, գրում է. — «Շատ ադրբեջանցիներ դրոշի պատառոտվելը երկրորդ անգամ ընկալեցին որպես ի վերուստ ուղարկված ազդանշան։ Սնահավատ քաղաքացիները կարծում է, որ այն խորհրդանշում է այն, որ ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքները այլեւս երբեք Ադրբեջանի վերահսկողության տակ չեն վերադարձվի»։

Սիվիլիթասի բլոգում Անի Նավասարդյանը պատմում է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Նոյեմբերյանի շրջանի Կոթ գյուղ կատարած իր այցի եւ տեղի երիտասարդների հետ հանդիպման մասին։

«Երիտասարդները, ում խանդավառությունն ու եռանդը մենք սպասում էինք տեսնել, վերջնականապես կոտրեցին ինձ իրենց հիասթափությամբ:», — գրում է բլոգերը. — «Պատմում էին այն մասին, որ ոչ մի գործ շահավետ չէ, ու աջակցություն էլ չունեն ոչ ոքից:  Զրուցակիցներս ասում են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կլքեն գյուղը:  25-ամյա տղաները, ովքեր համալսարանն ավարտելուց ու բանակում ծառայելուց հետո վերադարձել են հայրենի գյուղ, ովքեր սահման են պահում, չունեն ոչ հույս, ոչ հավատ ապագայի նկատմամբ»։

Բայց մի՞թե անհնար է խրախուսելը նման մարդկանց, որ չթողնեն հողերն ամայանան ու օտարինը դառնան, հարցնում է բլոգերն ու պատասխանում՝ ո’չ, անհնար չէ, բայց և ո’չ, դա չի’ արվում։

Արտավազդը պատմում է այն մասին, որ Երեւանում իրեն հաջողվել է հանդիպել հանրահայտ ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարտյեին։

«Ահա թե ինչն է հետաքրքիր։ Այնպիսի հարուստ ու հայտնի մարդիկ, ինչպիսին Ժերար Դեպարտյեն է, վաղուց է ինչ հսկայական փողեր են պահանջում, ոչ միայն հարցազրույց տալու կամ իրենց լուսանկարելու, այլ նույնիսկ ստորագրության համար։ Իսկ այ Երեւանում՝ բոլորովին ուրիշ կերպ է ամեն ինչ», — գրում է բլոգերն ու որպես ապացույց հրապարակում հայտնի դերասանի լուսանկարը։ — «Փաստորեն», — եզրակացնում է նա, — «Եթե այնուամենայնիվ նրանցից մեկին հնարավոր է լինում բերել այստեղ, այդ աստղերին կարելի է ե՛ւ լուսանկարել, եւ նրանց հետ զրուցել։ Ինչը շատ ուրախալի է»։

Բանաձեւի բլոգը եզրափակում է ամառային հանգստի թեման։ Քոբուլեթում՝ նվազագույն գներով եւ հարմարավետությամբ է հանգստացել Գոհար Մանուկյանը։

«Այս տարի սովորականից շատ էին վրացիները, որքան էլ զարմանալի է, բայց  նախորդ տարիներին ափի պաշտոնական լեզուն հայերենն էր: Քոբուլեթիում շատ են նաեւ ռուսներն ու ուկրաինացիները, մի երկու սեվամորթ էլ կային», — տարվա «յուրահատկությունը» նկատել է բլոգերն ու թվարկում անհարմարությունները՝ ռեստորաններում աջարական խաչապուրիից բացի ամեն ինչ անորակ է ու հնացած, հյութերը ջրիկ, խանութներում միայն վրացերեն են խոսում, տաքսի վարորդներն էլ փորձում են թանկ գներով մնալու տեղեր առաջարկել հյուրերին՝ համարյա ստիպելով իրենց առաջարկած տներն այցելել:

«Գուց Ձեզ տվա, որ դժգոհում ենք, չէ` սխալվում եք», — եզրափակում է Գոհարը. — «Սա Քոբուլեթիի անբաժան ու միեւնույն ժամանակ համ ու հոտ դարձած մշակույթի, հյուրընկալության մի մասն է: Եթե այսքանից հետո դուք դեռ ցանկանում եք մյուս տարի ճանապարհ ընկնել դեպի Քոբուլեթի, չենք զարմանա: Մեզ ամեն տարի Սեվ ծովը ձգում է իր քարոտ ափերով, էժան գներով, զբոսաշրջիկի համար նվազգագույն գներով ու հարմարավետությամբ գիրկը»:

Լուսանկարը՝ Ուզողի բլոգից