Հայի դարդ, հայի խելք, հայի նամազ, հայի խոհանոց, հայի տրեխ ու ադրբեջանցու թումբան…

35676_135361269812105_100000146977398_390036_5722534_n

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումը, որի արդյունքում չորս հայ զինվոր զոհվեց, այս օրերին հայկական բլոգերում քննարկման ամենաթեժ թեման էր։ Բլոգերները ցավով եւ զայրույթով արձագանքեցին։

«Գիշերը, ինչպես արդեն երևի թե գիտեք, Մարտակերտում մարտ է տեղի ունեցել։ Չորս զոհ մեր կողմից, ադրբեջանցի թուրքերի կողմից՝ ինձ չի հետաքրքրում», – գրում է Ըհաուզքիպերը։ – «Ինչքան հասկացա թեմայից տեղյակ մարդու հետ խոսելուց, մերոնց արխայնության ու բառադիության հետևանք է։ Այսպիսի պատահարներից հետո մոտս շատ վատ ու չար մտքեր են առաջանում»։

«հայ երիտասարդների մահ, ընդհարում Մարտակերտում:Կպատժվի՞ արդյոք ինչ-որ բարձրաստիճան զինվորական:կկանչվե՞ն արդյոք պապայի բալիկները ծառայելու», – արձագանքում է Հայզակը՝ ընդգծելով, – «Վաղը կարողա մի քիչ ավելի շատով գան ու հասնեն Ստեփանակե՞րտ: գիտեք որ ունեք թշնամի հարևան,պարտադիր է ավելի զգոն լինել:մի հին խոսք կա.դուռդ փակ պահի, հարևանին էլ գող մի ասա:իսկ փա՞կ են արդյոք երկրի դռները:փաստորեն չէ՞»:

«թուրքը թշնամի է, թուրքը թշնամի է, թուրքը թշնամի է», – զայրույթով կրկնում է Նոնի–նոն։

***

Բլոգոսֆերայում շատ խոսվեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքի մասին։ Ոմանք կարծիք էին հայտնում, որ պետք էր ավելի խիստ արձագանքել, մյուսեները՝ թե Հայաստանի իշխանությունները ճիշտ են վարվում, որ, ադրբեջանցիներին դատապարտելով հանդերձ, չեն սրում իրավիճակը եւ դիվանագիտորեն են արձագանքում։

***

Էդվարդ Նալբանդյանի մեկ դիտարկում, սակայն, բլոգերներին առնվազն տարօրինակ է թվացել։ Էդվարդ Նալբանդյանը ասել էր, թե գիշերվա քողի տակ հարձակվել է բնորոշ է Ադրբեջանին։ Ի պատասխան՝ Թեւյանցը գրում է. – «Շատ կուզենայի Նալբանդյանին հիշեցնել, որ «Պարոն, պատիվ ունեմ հարձակվել» արտահայտությունը արդեն վաղուց չի օգտագործվում»։

***

Մարտակերտի իրադարձություններից հետո Ղարաբաղում տիրող իրավիճակին էլ անդրադարձել է ղարաբաղցի բլոգեր Հայկ Խանումյանը։ Նշելով, որ իրականում Ստեփանակերտում հանգիստ է, մարդիկ զբոսնում են հրապարակում, դիտում ֆուտբոլ եւ ոչ մի խուճապ էլ չկա, բլոգերը գրում է. – «Հայաստանյան մամուլն էլ ամեն մի զինվորական մեքենայի շարժ տեսնելով շտապում է հայտարարել, որ արդեն ռազմական գործողություններ են տեղի ունենում: Սակայն պետք չէ տագնապի մեջ լինել, ավելին` խուճապի: Քանզի թշնամու նպատակներից մեկն էլ խուճապ ստեղծելն է: Պետք չէ օգնել թշնամուն: Պետք չէ նաև ականջալուր լինել սենսացիա փնտրողների հաղորդած լուրերին»։

***

Երեւանի կենտրոնում խուճապի մեկ այլ առիթ է հայտնաբերել 7օր բլոգը. – ««7 օրի» խմբագրություն այցելած մեր ընթերցողը ներկայացրեց բջջայինով նկարահանած մի տեսանյութ, որից պարզ է դառնում, որ օրերս Երևանում տեղացած անձրևի հետևանքով Օպերայի դիմացի հրապարակի տակ կառուցված նորաբաց ավտոկայանատեղիում կայանած մեքենաները պարզապես ջրհեղեղի մեջ էին հայտնվել և մի կերպ էին դուրս գալիս այդտեղից», – գրում է բլոգը, հրապարակելով տեսանյութը. – «Երևի, միջազգային ստանդարտները հենց այդպիսին են լինում», – եզրակացնում է «7 օրը»՝ հիշեցնելով, որ ավտոկայանատեղիի բացումը բոլորովին վերջերս տեղի ունեցավ, եւ Հայաստանի նախագահի եւ Երեւանի քաղաքապետի ներկայությամբ հանդիսավոր կերպով բացված այդ ավտոկայանատեղիի մասին բոլորը միաձայն ասում էին, թե կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան։

***

Երեւանի քաղաքապետարանի քննադատելու մեկ այլ առիթ. քաղաքապետարանի որոշումը՝ արգելել Երեւանի Մոսկվա կինոթատրոնի դիմաց նախատեսվող համերգը, որը կազմակերպվել էր ի նշան բողոքի՝ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ, դժգոհության ալիք բարձրացրեց բլոգոսֆերայում, որտեղ քիչ չեն բլոգերները, ովքեր վերջին ամիսներին ակտիվորեն հանդես էին գալիս օտար լեզուներով կրթությունը Հայաստանում թույլատրելու՝ կառավարության նախաձեռնության դեմ։

«…Էշություն…Էշությունից…Էշությունով…Էշության մեջ», – գրում է Ազատարարը՝ չորքոտանի այդ գոյականի տարբեր հոլովաձեւերի այս շարքով մեկնաբանելով քաղաքապետարանի մերժումը։

***

Օտարալեզու դպրոցների դեմ պայքարի մեկ այլ ակտիվիստ, Բյուրին, հետաքրքիր եզրակացություններ է արել. – «Էսօր թռուցիկներ էի բաժանում, հետն էլ զրուցում էի հետաքրքրվողների հետ: Առաջին եզրակացությունը, որ արեցի, այն էր, որ բավական քիչ են այն մարդիկ, որոնք դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը, ինչպես քիչ են նրանք, ովքեր կողմ են: Ճնշող մեծամասնության կարծիքը կախված է նրանից, թե որ կողմն ավելի շատ կխոսի»:

Բլոգոսֆերայում սիրում են խոսել, եւ օտար լեզվով դպրոցների ուսուցման կողմ եւ դեմ կողմերի պայքարը շարունակվում է…

***

Եթե կարծում եք, թե բլոգերում գրում են միայն Երեւանի եւ քաղաքականության մասին, դուք չարաչար սխալվում եք։ Ահա մի օրինակ։ – «Պատկերացրեք` առավոտյան ժամը 11-ն ու մի ամբողջ հրապարակ` լի մարդկանցով: Ոչ ցույց է, ոչ էլ ֆայլա բազար: Տղամարդկանցով հավաքվել ու նարդի են խաղում, տեղ-տեղ էլ բլոտն է եռում: Եվ սա ժամանակի արդյունաբերական քաղաքում` Չարենցավանում», – գրում է Նելլի Հարությունյանը՝ «Բանաձեւի» բլոգում։ Նելլին պարզաբանում է. – «Մարդիկ կրակն են ընկել իրենց ժամանակի ձեռքը: Գործ փնտրելը նույնիսկ անիմաստ են համարում, գիտեն, որ չեն գտնի: Ում հետ խոսում ես` վաղը չէ մյուս օրը Ռուսաստան է գնալու: Նրանք չեն կատակում, լուրջ են ասում: Աշխատանք չկա: Փող չունեն: Միայն մի հարց հանելուկ մնաց, ինչպես են ապրում էդ մարդիկ: Տարօրինակ քաղաք է Չարենցավանը, տարօրինակ մարդիկ չարենցավանցիները, ես կասեի` հայերն ընդհանրապես. փող չունեն, բայց ապրում են»:

***

Փող չունեն՝ բայց լաաաաավ էլ ապրում են՝ խորովածով ու տժվժիկով։ Արվեստը պատմում է հայկական խորովածի մասին՝ ամենաիսկական, ոչ թե ինչ–որ շաշլիկ–մաշլիկների։ Այն խորովածի, որն առաջացել է խորովել բառից ու այնքան ախորժալի, որ շատերն են ոգեւորվել ու կիսվել խորովածի սեփական գաղտնիքներով։ Ընդհանրապես, Արվեստի մոտ մի ամբողջ բաժին է նվիրված հայկական խոհանոցին՝ անպայման այցելեք այդ բլոգը, չեք փոշմանի։

Իսկ նրանց համար, ովքեր գերադասում են հայկական կինոն, Աննա Մելքոնյանը առաջարկում է եփել տժվժիկ՝ խորովածի փոխարեն։ Սոխը կտրատել, տապակել յուղի մեջ հինգ րոպե, ավելացնել կտրտված լյարդը, ծածկել կափարիչով… դե գիտեք, էլի… համով է՝ դատելով նկարներրից։

***

Եթե նույնիսկ հայկական խոհանոցը ձեզ չի գոհացնում, Յուլիա Անտոնյանը առաջարկում է օգտագործել հետեւյալ հայի նամազ–աղոթքը՝ կրկնելով ամեն օր քնելուց առաջ եւ արթնանալուն պես։ – «Էս Հայաստանի հայերը ինչ զզվելի են, սաղ նախանձ, ծախու, բռի: Հայաստանն էլ երկիր չի: Ոչ ապրելու, ոչ էլ մեռնելու: Մեր կառավարության ու կուսակցությունների մասին ավելի լավ ա չխոսենք:Բա ժոովուրդը ժողովուրդ ա? Հայերենն էլ լեզու չի։ Տո մեր պատմությունն էլ պատմություն չի: Ում ա պետք սենց պատմություն` սաղ կյանք ոչխարների նման մեզ մորթել են: ԲՆություն էլ բնություն չի` սաղ քար ու ձոր: Կարգին ծով էլ չկա` լողանանք, հովանանք: Էս ամառը բա ամառ ա? Շոգից շունչը կտրվում ա, անձրևներից էլ բորբոսնել ենք արդեն: Թու-ու-ու….

***

Այսպիսի նամազ անողներին երեւի միայն հումորը կփրկի։ Քրեյզի Պատրիոտը հրապարակել է շատ դիպուկ ու սենսացիոն մի ծաղրանկար։ «Ի պատասխան հայերի հայտնաբերած կաշվե ամենահին կոշիկի, Ադրբեջանը որոշեց հայտնաբերել աշխարհի ամենահին կաշվե թումբանը»։

Այ այսպիսի տրեխներ ու թումբաններ կային այս շաբաթ Հայկական բլոգոսֆերայում…

***

кожаный башмак из Арени 35676_135361269812105_100000146977398_390036_5722534_n