Ֆուտբոլն սկսվեց, գործատուները քաշվեցին

Ֆուտբոլի տոնը մեկնարկել է ու 1 ամիս շարունակ՝ քաշվել են գործատուները։ Վիճակը բոլորից դիպուկ նկարագրում է Ռեփորտեր—արմ–ը. – «1 ամիս ծխարաններում, սուրճի, թեյի սեղանների, ընդմիջումների ժամերին ֆուտբոլ է քննարկվելու։ Խաղերի մի մասը ցերեկը 4-ի կողմերն են՝ քաշվեցին գործատուները։ Խաղերի մյուս մասն էլ 7-ի կողմերն է՝ աշխատողները կամ պետք է  շուտ ցվրվեն գործից՝ ֆուտբոլ նայելու (էլի քաշվեցին գործատուները), կամ գործի տեղը նաjեն։ Առավոտներն էլ՝ մի ժամի չափ պարտադիր է նախորդ օրվա խաղերի քննարկումը՝ քաշվեցին գործատուները»։

DSC_0650-copy

***

Կամոբլոգը պատմում է հայկական շոու–բիզնեսի այս շաբաթվա գլխավոր իրադարձության՝երգիչ Հայկոյի եւ երկգչուհի Անահիտ Սիմոնյանի ամուսնության մասին. – «400 հյուրեր, հիմնականում ուրբաթ երեկոյան, ՕՋԱԽ ռեստորանային համալիրում հավաքվել էին ներկա լինելու տարվա ամենասպասված հարսանեկան երեկոներից մեկին։ Քավորի դերում` Արթուր Ջանիբեկյանն էր, հարսի զգեստը` Կիվերա Նայնոմիս բրանդի, հարսանեկան տորտը` ԼԱԿԻ բրանդի, հրավառությունը չգիտեմ որտեղից եր, բայց ասում են, որ 20 րոպե միայն հրավառությանն են հետևել հյուրերը»։

***

Հայկական շոու–բիզնեսին է անդրադարձել նաեւ շուկայագետ Լուսինե Նալբանդյանը՝ փաստելով. – «Իրականացվում է հայ աստղերի գաղտնի հակագովազդ։ Մեր անհասանելի աստղերը արդեն որտեղ ասես չեն եղել, ինչով ասես չեն զբաղվել, ինչպես ասես իրենք–իրենց հասանելի չեն դարձրել», – գրում է բլոգն ու թվարկում բոլոր այն հեռուստանախագծերը, որոնց արդյունքում բացահայտվել է հայկական աստղերի անտաղանդությունը. – «Աստղերը պարում են. – այստեղ աստղերը պարում էին պրոֆեսիոնալ պարողների հետ։ Ոմանք վատ էին պարում, մյուսները անտանելի՝ կարծես փայտից լինեին… փոխարենը հայ հեռուստադիտողը հնարավորություն ուներ տեսնել նրանց լակոնիկ հագուստի մանրամասները։ Աստղերը երգում են. ավելի ճիշտ՝ երկու աստղ։ Սա հոյակապ էր։ Վերջապես ես լսեցի ամբողջը առանց ֆոնոգրամայի։ Բացառությամբ երկու–երեք հոգու՝ դա ԱՀԱՎՈՐ է՝ր»։ Ամենից ավելի բլոգը ուրախացել է աստղերի խոհարարական կարողություններվ՝ փաստորեն վարպետ–խոհարարը վերջապես կարողանում է նրանց սովորեցնել կարտոֆիլ մաքրել, հեգնում է Լուսինե Նալբանդյանը։

***

Ֆեյշնբլոգը, որը հիմնականում գրում է հագուստի եւ կոշիկների նորաձեւության մասին, այս անգամ անդրադարձել է հնաձեւությանը, այն էլ ինչպիսի՝ 5500 տարվա հնություն ունեցող Հայկական կաշվե կոշիկը, որը հայտնաբերվելով Արենիում՝ դարձել էր միջազգային լրատվական սենսացիա,  ավելի հին է, քան Եգիպտական բուրգերն ու հին Հռոմը։ – «Հայաստանի կոշիկը կովի կաշվից եւ, մասնագետների կարծիքով նրա տերը եղել ե երիտասարդ տղամարդ», – գրում է Ֆեյշնբլոգը. – «Ինձ ահավոր դզում ա տեսքը, եսոր էլ հաճույքով կհագնեի։ Հիմա տեսեք, եթե հայկական կոշիկները եսքան երկար կյանք ունեն ուրեմն, չերտ պոբերի, եկեք կրենք մենակ մեր կոշիկները. ԳՆԵՔ ՀԱՅԿԱԿԱՆը, ինչպես ասում են Աշտարակ կաթի գովազդում»։

***

Հայկական կոշիկները լավն են, կրթությունը՝ ոչ այնքան, այս մասին են խոսում բոլորը։ Իսկ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր կրթական հաստատություններ հիմնելու գաղափարը, որը բլոգերների միջավայրում ավելի հայտնի է Օտարալեզու դպրոցների բացման մասին օրենսդրական նախաձեռնություն անվանմամբ, Էլյա Եփրեմյանին ոգեշնչել է գրել կատակ–օրենք՝ էլիտար դպրոցների մասին։ Ահա օրենքի դրույթներից մի քանիսը. – «Հոդվ. 5. Էլիտար դպրոցների աշակերտներին խստիվ արգելվում է. ա. Ավտոմեքենաներով մտնել դասասենյակներ, բ. Դպրոցների զուգարաններում եւ ջակուզիներում ծխել, գ. Դասամիջոցների ընթացքում կռվացնել թիկնապահներին եւ խաղադրույքներ կատարել»:

Շուռը կատակելու տրամադրություն չունի. – «Լեզվի օրենքի մեջ փոփոխություններ կատարելու օգտին բոլոր քվեարկողները իմ կողմից կհամարվեն անողնաշար ստրկամիտ անիքնասեր օտարամոլ ապուշ ողորմելի մանկլավիկներ, բացառությամբ նրանց, ով կանի այդ քայլը իր համոզմունքներից ելնելով եւ իմ կողմից կհամարվի սառնասրտորեն պետությունը հանձնելու ու գավառ դարձնելու ուղին բռնած իմ բոլոր երազանքների եւ սպասումների դավադիր թշնամի», – ցասումով հայտարարում է նա՝ ու հավելում. – «Սա իմ խոսքն ու կարծիքն է, խնդրում եմ, եթե համաձայն չեք՝ չհամոզել, սխալներս չմատնանշել
Երկար մտածել եմ, կարդացել, նայել եւ համեմատել»։

***

Աթանաթոի բլոգը հայտնաբերել է, որ կենսամակարդակի առումով Երեւանը աշխարհում զբաղեցնում է 174–րդ տեղը։ Նույն ցուցակում առաջին տեղում Վիեննան է՝, երկրորդում՝ Ցյուրիխը։ Բաքում մի քիչ զիջում է Երեւանին՝ այն 196–րդ տեղում է, իսկ ցուցակում վերջին՝ 221–րդ տեղը զբաղեցնում է Բաղդադը։

«174–րդ տեղը Երեւանի համար լա՞վ է, թե վատ», – հարցնում է բլոգը. – «Օրիրնակ "Деловом Экспресс" թերթում գրում են, որ դա վատ է, բայց ես կարծում եմ, որ բոլորովին էլ վատ չէ։ Իհարկե լավ է, որ փորձում ենք համեմատվել Վիեննայի հետ, բայց այսօր դա Երեւանի համար իրատեսական չէ։ Երեւանը պետք է համեմատել այլ հետ–խորհրդային քաղաքների հետ, եւ այդ դեպքում Երեւանի ցուցանիշները՝ քաղաքաշինության, տնտեսության եւ այլն, բոլորովին էլ վատը չեն, եւ նույնիսկ լավն են», – եզրակացնում է Աթանաթոին։