Google-ի գոլը, վարչապետի Բարքեմպը, լրագրողի մլիցեն, սփյուռքահայի տեխօսմոտրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Գուգլ որոնողական համակարգը արդեն գոլեր է խփում, գրում է Արմթեք բլոգը։

«Եթե Google-ում փնտրեք “World Cup” արտահայտությունը, կգտնեք ոչ միայն առաջիկա հանդիպումների մասին «տոննաներով» ինֆորմացիա, այլև, իջնելով էջի ստորին հատվածը, կտեսնեք, որ սովորական լոգոն դարձել է Goooooooal!»

Ինտերնետային, ցանցային ու թվային աշխարհից այսպիսի բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ունեին 300-ից ավելի Geek [Գիք]-երը, ովքեր անցած շաբաթ-կիրակին անցկացրեցին Բարքեմպում՝ ծրագրավորողների, համակարգչային գժերի ու բլոգերների հավաքում։ Դե, իսկ Գիք բառն էլ համապատասխանաբար՝ բնորոշում է հենց այդ ծրագրավորողներին ու համակարգչային գժերին, ովքեր Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող չը՝կոնֆերանսի ժամանակ իրար հետ կիսվում էին ոլորտի նորություններով, փոխանակում թվային աշխարհի գաղտնիքներ ու ընտիր ժամանակ անցկացնում… չը՝կոնֆերանսի յուրաքանչյուր մասնակից օգտվում էր կես ժամ պրեզենտացիա անելու իրավունքից։ Մյուս բոլոր բլոգերների նման՝ պրեզենտացիա էր նախատեսել նաեւ ոչ-շարքային հայ բլոգեր Տիգրանսարգսյանը։

«Ինչը դուր եկավ՝ կազմակերպիչները ոչ մի խտրականություն (սեռի, մաշկի գույնի, պաշտոնի) չէին անում ոչ վարչապետի, ոչ էլ այլ մասնակիցների նկատմամբ», – այս առիթով գրում է բլոգեր Նորայրը՝ անդրադառնալով բլոգեր Տիգրանսարգյանի, նույն իր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պրեզենտացիային։ — «Ու հավես էր վարչապետին տեսնել բարքեմփի [մեծ էկրանի] ֆոնին որտեղ ռեալ ժամանակում մեկնաբանում էին մարդիկ իրա խոսքերը ու ի դեպ չդրական բաներ էլ էին գրում։ Լավ էր։ Ու ամբոխի մեջ հանգիստ զրուցեց մարդկանց հետ։ Որովհետև չեր վախենում իրանցից։ Կամ ցույց չտվեց որ վախենում ա ու զրուցեց։ Ու եթե դա փիառ ակցիա էր ապա այն հաջողվել ա»։

Բարքեմպն էլ էր հաջողվել… հունիսյան տժժժժ շոգերին՝ Ամերիկյան համալսարանի օդորակիչ՝ կոնդիցիոները հովացնում էր ինտերնետային աշխարհից տաքացած գլուխները։

***

Բլոգեր Դավիթ_Սանդը Բարքեմպին չէր մասնկացում, գուցե դա է պատճառը, որ ամառային առաջին շոգերը նրան երկու խնդրի առաջ են կանգնեցրել։

«ա/ Ինչպես ստիպել ուղեղին աշխատել, երբ դրսում 38 աստիճան տաքություն է, բ/ Ինչպես ստիպել ուղեղին զարգանալ, երբ չորս-բոլորը այսքան առօրյա հոգսեր կան։ Խեղճ-խեղճ ուղեղ՝ ես իրեն չեմ նախանձում», – սեփական ուղեղի դարդն է լալիս բլոգերը։

***

Շոգից փրկվելու ձեւեր է առաջարկում Բանաձեւի բլոգը՝ զբոսաշրջություն, մեկնումը տաք, բայց ոչ շոգ երկրներ։ Բլոգը, համենայնդեպս, խորհուրդ է տալիս՝ զգուշացեք իտալական և հունական զբոսաշրջային գործակալություններից. — «Հասնելով տեղ` զբոսաշրջիկը պարզում է, որ առաջարկվող պայմանները չեն համապատասխանում նկարագրածին։ Խոստացած 2 սենյականոց համարի փոխարեն` փոքրիկ ու անշուք սենյակ, դեպի կանաչ, գեղեցիկ զգոսայգին նայող պատուհանների փոխարեն` սենյակ` առանց պատուհանների: Մնացածը պատկերացրեք ինքներդ: Տուրօպերատորները խորհուրդ են տալիս` այս տարի եղեք ավելի ուշադիր»։ Բլոգը պարզել է՝ որ մեր զբոսաշրջիկների շատ պահանջկոտ չեն, Իտալիան կամ Հունաստանը տեսնելու համար հայերը պատրաստ են դիմանալ ցանկացած անհարմարության, միայն թե լինի քնելու տեղ ու ուտելիք»։

***

Ռուսաստանյան զբոսաշրջիկները Հունաստանի եւ Իտալիայի փոխարեն հնարավորություն ունեն մեկնել Արցախի Հանրապետություն։ Այս հնարավորությունը նրանց տրամադրում է «Ժարկով տուր» ընկերությունը։ Զբոսաշրջային ընկերության այս առաջարկը ջղայնացրել է ադրբեջանցիներին, ովքեր աղմուկ են բարձրացրել ու բողոքի նամակներ ուղարկել ընկերության տնօրենին՝ հավանաբար պնդելով, որ Արցախի Հանրապետություն գոյություն չունի եւ դա Ադրբեջանի տարածքն է։ 517դիզայն բլոգը հիացմունքով գրում է այն մասին, որ ադրբեջանցիների բողոքները ընկերության տնօրենին՝ Անդրեյ Ժուրկովին, բնավ չեն անհագնստացրել։ Նա համբերությամբ պատասխանել է բոլոր ստացված բողոքներին առանձին-առանձին, մոտավորապես այսպիսի նամակներով. — «Ինչե՞ր եք դուրս տալիս։ Դուք չեք կարող մեզ խորհուրդ տալ, թե դեպի ուր կարող ենք ուղեւորություններ առաջարկել։ Մարդիկ իրավունք ունեն ինքնուրույն որոշել։ Ես ինքս երազում եմ գնալ Լեռնային Ղարաբաղ եւ մոտ ապագայում հենց այդպես էլ կանեմ։ Իսկ ձեր սպառնալիքները ձեզ պահեք»։

Պարոն Ժուրկովի պատասխանն անչափ դուր է եկել հայ բլոգերներին՝ շատերն են գրել քաջ տուրօպերատորի մասին՝ նրա համար ապահովելով շատ կարգին գովազդ  LiveJournal բլոգային ցանցի բազմամիլիոնանոց օգտագործողների շրջանում։

***

Երեւանցիներից շատերը գերադասում են մնալ քաղաքում, չմեկնել ոչ մի տեղ եւ հանգստանալ Երեւանի Օպերայի շենքի մերձակա սրճարաններում եւ զբոսնել Ազատության հրապարակում։ Մինչդեռ, երեւանցիների սիրելի զբոսավայր հանդիսացող այս հրապարակում օրերս տեղի ունեցած մի միջադեպ օրեր շարունակ բլոգոսֆերայում թեժ քննարկումների թեմա էր՝ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի 22-ամյա լրագրող Անի Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել այս հրապարակում ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Լրագրողը լուսաբանում էր ընդդիմության բողոքի ակցիա կազմակերպելու փորձը։ Ոստիկանությունը արգելում էր ընդդիմության ակցիան՝ պատճառաբանելով, որ այն խանգարում է հանգստացող Երեւանցիներին։

Բլոգոսֆերայում քիչ չեն հեգնական մեկնաբանությունները. — «Այս ի՞նչ է կատարվում երկրում… լրագրողուհիները ծեծում են խեղճ ոստիկաններին, դեռ լավ է, որ մահացու չէ։ Ի՞նչ քաջ ոստիկաններ ունենք. որքա՞ն քաջություն է հարկավոր, որպեսզի ցուցմունք տաս, որ քեզ աղջիկ է ծեծել», – գրում է Զուբիանը։

Թերթ.ամ-ի բլոգում Վահան Իշխանյանը պատմում է միջադեպի մանրամասները, որի ականատեսն է եղել՝ ընդգծելով միջադեպի ընթացքում ընդդիմադիրների ագրեսիվ պահվածքը, մինչդեռ Ծիծեռնակ բլոգը քննադատում է ոստիկանությանը՝ ընդդիմադիրների Սահմանադրական ազատությունը սահմանափակելու եւ երիտասարդ աղջկան «ոստիկան ծեծելու» համար մեղադրելու առնչությամբ։

***

Թեժ քաղաքական անցուդարձը ոչ բոլոր բլոգերներին է հուզում։ Հոգատար մայրիկ Յուլիա Անտոնյանը պատմում է 4-րդ դասարանցի տղայի դպրոցի տարեվերջյան  ծնողական ժողովից՝ տղայի ուսուցչուհին բողոքում է, որ գնահատման համակարգը բարդացել է, թեստային համակարգ է մտցվել։ Իսկ Յուլիա Անտոնյանն էլ դժգոհում է. — «Այ քեզ բան… Ուրեմն եթե թեսթը ճիշտ ես լուծում, բառերը ուղղագրությունը անգիր ես անում, լեզուն գիտես, նույնիսկ եթե այդ լեզվով բարևել անգամ չես կարողանում, իսկ եթե ազատ խոսում, կարդում ու թարգմանում ես, բայց թելադրության մեջ սխալներ ես անում, ուրեմն լեզուն չգիտես»։

***

Սփյուռքահայ գրող Քրիստիան Գարբիսն էլ իր հոգսերն ունի՝ անգլալեզու բլոգերը սովորել է ռուսերեն «տեխ օսմոտր» բառը՝ նրա ՆԻՎԱ մեքենան հենց նոր է անցել հերթական տարեկան տեխզննությունը, ու բլոգերը գրել է հենց տեխզննման մասին։ — «Պետք է ընդունեմ, որ գործընթացը Հայաստանում գնալով պարզեցվում է, երբ ես առաջին անգամ էի տեխզննում անցնում 5 տարի առաջ, ստիպված էի բազմաթիվ թղթեր ստորագրել, տանել դրանք կնիքելու։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա։ Հուսամ մինչեւ 2020 թվականը «տեխ օսմոտրի» պրոցեսն ավելի կպարզեցվի։ Իսկ տեխզննության եւ հարակից հարկերի վճարման ընդհանուր արժեքն էլ չի գերազանցել 32,000 դրամը, կամ մոտ 83 դոլարը»։

Advertisements