Եվրատեսիլում առաջին հորիզոնականի ախորժակն ու Ադրբեջանում հասունացող սկանդալը

gd_9202

Նախաեվրատեսիլյան կրքեր, հաղթանակի սպասում, հրդեհ ուղիղ եթերում եւ հիասթափություն Հայաստանի զբաղեցրած 7-րդ հորիզոնականից։ Բանաձեւի բլոգում Արտակ Վարդանյանը, ով Հանրայինի ուղիղ եթերում տեղեկություններ էր փոխանցում Կարապի լճից պատմում է եվրատեսիլում առաջին հաղթական հորիզոնականի ախորժակով մարդկանց մասին։

«Երբ հաշված րոպեներ էին մնացել եվրատեսիլ 2010-ի շոուի մեկնարկին, Կարապի լճից վերջին ուղիղ կապի ժամանակ հրդեհ ու բոց բռնկվեց, լույսերն ամբողջությամբ անջատվեցին ու մարդկանց մեջ խուճապ սկսվեց»,– բլոգում հիշում է Արտակը՝ «Այդ ընթացքում հետաքրքիր էր մարդկանց շշուկներն ու խոսակցությունները»։

Սա միայն մի բան է նշանակում, որ մենք այսօր հաղթելու ենք:
— Ապե, Եվան էսօր հաղթելուա: Տես ինչքան մարդ ա եկել: Դիտմամբ պաժառ սարքին, որ մարդիկ ցվրվեն:

Հիասթափությունը հայկական բլոգոսֆերայում դրսեւորվեց անալիտիկ հոդվածների հեղեղով. Եվրատեսիլում միայն ստից երգերն են հաղթում, գեոպոլիտիկա է, սկզբից ամեն ինչ որոշված էր, գերտերություններն են որոշում… քուն ու դադար կորցրած բլոգերները հարյուրավոր մոնիտորների առջեւ ճռճռացնում են ստեղնաշարերն ու լալիս Եվրատեսիլի այնքա՜ն մոտ թվացող հաղթանակի դարդը…

«2006-2008 թվականներին Հայաստանը առավելագույն միավորներ ստանում էր 6-10 երկրներից, սակայն 2009-ից, երբ քվեարկության կարգը փոխվեց, սփյուռքահայերի ջանքերով ստացված միավորները նվազեցնում էր մասնագիտական ժյուրին», –  գրում է Սարդ բլոգը։

«Էմմիի նա՞վսն էր, կարասը ձեռին տղի ախմախ պա՞րը, թե՞ ծիրանի կորիզ երգը եվրոպացու ականջին էնքան էլ շոյիչ չէր, որ Եվա Ռիվասը յոթերորդ տեղը բռնեց», –Թերթ.ամ բլոգում հարցնում է Վահան Իշխանյանը՝ վերլուծում պատճառները, առաջարկում Արոնյանին շախմատի տախտակով, Շերին ու Քիմ Քարդաշյանին էլ Ջիվան Գասպարյանի հետ բերել բեմ ու հետագրության կարգով հավելում. – «Ադրբեջանը 20 միլիոն դոլար է տվել իր իր դեսպանություններին, որ նրանք կաշառեն Եվրատեսիլի ժյուրիի անդամներին, հայտնել է լիբանանյան ծագումով Ֆրասնսիացի բիզնեսմեն Օմար Հարֆուչը»:

Արդյո՞ք Ադրբեջանը իսկապես 20 միլիոն էր ծախսել, չենք իմանա։ Եվրատեսիլում կարեւորը արդնունքներն են։ Հայաստանի դեպքում, ինչպես գրում Բանաձեւի բլոգի մեկ այլ հեղինակ՝ Տիգրան Զարեյանը, կարեւորը փաստերն են։ Եվրատեսիլ 2010 Հայաստանը 7-րդ հորիզոնականում է: Այնպես, որ Սիրուշոն միանշանակ ու միանձնյա առաջատարի դիրքում է, մեր մասնակիցների մեջ:

000x7y8f Մեկ փաստ էլ նկատել է Փիղը՝ գաղտնի ի լուր աշխարհի հայտարարելով. – «Ժող,երեկ նկատեցիք,որ ազրների քարտեզը առանց Արցախի ու Նախիջևանի էր?:) Թուրքերը արդեն ֆազերը գցել են, բայց ամեն դեպքում, ռուսերեն մի գրեք ձեր մոտ դրա մասին»։

***

Բլոգերները Եվրատեսիլին հետեւում են բլոգերավարի՝ շոուի ժամանակ նրանցից շատերն ավելի շատ ժամանակ էին անցկացնում համակարգչի առաջ Եվրատեսիլի մասին գրելով եւ ուրիշների գրածներին արձագանքելով, քան երգիչներին հետեւելով։ Դժվար է նկարագրել անգամ, թե ինչ էր կատարվում Թվիտտեր եւ Ֆեյսբուկ սոցիալական կայքերում։

Թվիտտերում, մասնավորապես, Հայաստան եւ Apricot Stone «Ծիրանի կորիզ» թեմաները հայտնվել էին ամենաքննարկվող թեմաների շարժում՝ ինչը շուրջ 100 միլիոն գրանցված օգտագործող ունեցող այս ցանցի դեպքում նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ այդ պահին քննարկում էին հենց Եվրատեսիլում Հայաստանի համարը։

***

Եթե Եվրատեսիլում Հայաստանը 7-րդն էր, ապա բաժանորդներին տրամադրվող ինտերնետի միջին արագության հարցով մեր երկիրը շատ ավելի աննպաստ իրավիճակում է հայտնվել։

«154 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 111-րդ հորիզոնականում`1.67 մբ/վ-ով», – գրում է Արմթեք բլոգը. – «Ցավոք մենք զիջում ենք ոչ միայն մեր անմիջական հարևաններին (Վրաստան`43-րդ տեղ, 5.90 մբ/վ, Թուրքիա`54-րդ տեղ 4.76 մբ/վ, Ադրբեջան`86-րդ տեղ, 2.60 մբ/վ), այլև այնպիսի երկրների, ինչպիսիք են Մոնղոլիան, Ղրղզստանը, Ռուանդան, Քաթարը, Քենիան, Մարոկկոն և այլն»:

***

Հունիսի 1-ից փակվում է Երեւանի երիտասարդ գժերի սիրած վայրը՝ Պրոսպեկտի Յամ–Յամը սրճարանը, որտեղ միշտ կարելի էր գտնել ամերիկյան փքաբլիթներ՝ Դոնաթներ ու լավ ընկերների։ – «Ցավոք լավ բաները շուտ են ավարտվում», – այս առիթով գրում է Ռոբի Ռաուլ բլոգը: – «Կհասկանան Մեզ նրանք ովքեր զգացել են Դա… երբ ամբողջ 2 տարի ամեն օր գնում ես մի տեղ , առանց մտածելու որովհետեվ այդպես է արդեն…գիտես , որ գնաս Ընկերներդ ենտեղ են լինելու , գիտես , որ լինելու ես մի այնպիսի միջավայրում որտեղ բոլորը կարծես հարազատ լինեն: Մի տեսակ նենց էր , որ մեր յամ Չուժոյ մարդ չէր գալիս կարծես: Ի՞նչ Չենք արել այնտեղ: Հիմա թվարկելն անհնար կլինի։ Զարամանլիա , բայց եթե Յամը չլիներ հնարավորա հիմա Ես իմ կողքին չունենայի մարդկանց ում համարում եմ լավ ընկերներ։ Շնորհակալ եմ այն ամենի համար ինչ Ես ունեմ այսօր այդ վայրի շնորհիվ», – գրում է բլոգերն ու պատմում այն մասին, թե ինչպես վերջին անգամ ընկերներով հրաժեշտ տվեցին Մաշտոցի 39/12 հասցեում գտնվող Յամ-Յամ Դոնաթսին…

***

kukuruzniki_poxaren Լավ բաներն ավարտվում են, իսկ նրանց փոխարեն ծնվում են նորերը։ Ավարտվել ու պատմության գիրկն է անցել նաեւ Երիտասարդական պալատը, փոխարենը կառուցվելու է նոր հյուրանոցային համալիր։ Մշեցին գրում է. – «Այս "յեսիմինչը" կլինի կուկուռուզնիկի տեղում: Ես ճարտարապետությունից գլուխ չեմ հանում, բայց դուրս չի գալիս։ Նախկին «Երիտասարդական պալատի» տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպած մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային»։

***

Նույն այդ մրցույթին ներկայացված մի շարք այլ նախագծեր ավելի վաղ հրապարակել էր ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ իր Նեո ԱրչԼաբ բլոգում, իսկ Լճակը հայտնաբերել է Լեյս Հիլ կոչված տարօրինակ նախագիծը, որը կառուցվելու դեպքում Երեւանի ծանոթ Կուկուռուզնիկի տեղում հայտնվելու է արհեստական կանաչ Արարատ՝ որտեղից կարելի կլիներ նայել իսկական բիբլիական Արարատին եւ նրա ստորոտում փռված չքնաղ Երեւանին։ Նախագիծը, սակայն, կյանքի չի կոչվելու, որովհետեւ հայկական Արայի անվամբ ճապոնացին, ինչպես արդեն իմացանք, առաջարկել էր շատ ավելի տարօրինակ մի նախագիծ ու հաղթող ճանաչվել։

***

Օրերս Երեւանում ավարտվեց մի խոշոր շինարարական նախագիծ՝ Երեւանի Ազատության հրապարակի տակ կառուցվող ավտոկայանատեղին պաշտոնապես բացվեց, վերաբացվեց նաեւ շինարարության պատճառով փակված հրապարակը։

«Գնացել էինք Ազատութայն Հրապարակ, տեսնեյինք ոնց են սարքել։ Նորմալ սարքել էին, սիրուն, մաքուր: Արձանները մի քիչ արհեստականորեն փայլում էին: », – պատմում է «Մենք ու մերոնք» բլոգը՝ շարունակելով, – «Մի բան դուրս չեկավ: Որ մի խումբ ոստիկանները պտտվում էին արձանների շուրջ ու թույլ չէին տալիս, որ մարդիկ նստեն պատվանդաներին: Իմ կարծիքով դա աբսուրդ արգելք ա: Պատվանդանին, աստիճաններին եւ ինչու չէ նաեւ գետնին նստելը մի տեսակ նույնիսկ «եվրոպական պահ ա»: Բայց մերոնք այլ ուղղությամբ են գնում: Եթե չեն ուզում որ որոշ տհասներ պատվադանների մառկերներով գրեն, կարող են մի երկու կոպեկ ավել ծախսել, ու պատվանդանը պատել հատուկ նյութով, որի վրա չի գրվի: Թանկ չի լինի»:

***

Չնայած նոր ավտոկայանատեղիի կառուցմանը, Երեւանում մեքենաների կայանման խնդիրը շարունակում է բարդ մնալ։ – «Այս քաղաքում պարկովկայի հողի վրա շուտով քաղաքացիական պատերազմ է սկսվելու», – դժգոհում է Բեկայզան։ – «Այս տհասները լրիվ կորցրել են չափի զգացումը։ Արդեն սեփական տան մուտքի մոտ կանգնել հնարավոր չէ, որովհետեւ գոյություն ունի հարեւան դղյակի պահակ–թիկնապահը, ով սպառնում է ապակիներդ ջարդել, եթե նորից կանգնես այդտեղ»։.wtf ?

***

Անցած շաբաթ տեղի ունեցավ հանրահայտ Դիփ Փարփլ խմբի համերգը Երեւանում, որը սակայն, միանշանակ չընդունվեց։ 517 դիզայն մականունով հանդես եկող բլոգերը, օրինակ, բողոքում է, որ համերգից 1 օր անց ականջներում շարունակում է զրնգալ համերգի ձայնը՝ խլացել է։ Ոմանք բողոքում էին համերգի ժամանակ ձայնային տեխնիկայի որակից, ուրիշները՝ որ Փարփլի երաժիշտները շատ են ծերացել..

Ամիգա–գան, սակայն, պատմում է, թե համերգի ժամանակ իրենք ինչպես էին «տժժժժժում». – «Հավես էր. ջահելական ներվ կար մեջները, ու ի~նչ ջահել պապիկ էր Գիլանը: Առաջին դեպքն էր կյանքումս, երբ որ համերգի էի գնացել ու հաճույք էի զգում ամեն ինչից, բացի երաժշտությունից: Էդ համերգ էր, որտեղ ամենավերջի բանը, որ պիտի հաճույք պատճառեր, երաժշտությունն էր: Երեւի, ես միակը չեմ, ով վայելում էր Փարփըլի փառքը, հեղինակությունը…»։

***

Դիփ Փարփլի համերգի նախաձեռնող, բլոգեր ու վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր բլոգում շնորհավորում է ռոքասեր բլոգերներին ու առաջարկում ռոքի սիրահարների հետ ձեռնամուխ լինել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խորագրով մեծ նախագծի կազմակերպմանը: – «Այսօր մենք արդեն ստացել ենք այդ համերգին մի քանի ռոք աստղերի մասնակցության համաձայնությունը», – նշում է ռոքեռ–բլոգեր–վարչապետը։

***

Վերջում մի հետաքրքիր եւ վաղուց սպասված կայք՝ Վեբմատյանից։ Բլոգերը հայտնաբերել է հայկական բաղադրատոմսերի կայք՝ recepes.am, որտեղ, իր բնութագրմամբ՝ «Չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան․ միայն բաղադրատոմսեր, որոնք, ի դեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Կայքում արդեն 100-ից ավելի բաղադրատոմս կա, որոնք լրացվել են օգտվողների կողմից»։