Հայկական բլոգերում շրջում է մրցույթների ուրվականը

clip_image002 clip_image004

Եվրատեսիլն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ով կհաղթի՝ հաստատ կիմանանք այսօր։ Իսկ անցած տաս օրերին բլոգերները փորձում էին գուշակել՝ ի՞նչ սցենարով կզարգանա եվրոպական երգի մրցույթը։ Ներկայացնում ենք մեկ–երկու օրինակ, իսկ բլոգերների գուշակության ձիրքերի եւ ճշգրտության մասին՝ դատեք ինքներդ։

Բանաձեւի բլոգում ԱՄՆ–ից գրում է Գեղամ Մուղնեցյանը։ – «Ոճական առումով գերակշռում է փոփ-ռոքը։ Ալբանացի և իռլանդացի երգչուհիները հզոր ձայների են տիրապետում: Մալթան, Լատվիան, Ադրբեջանը և Վրաստանը ուղարկել են փոփ-բալլադներ, որոնք իրարից շատ քիչ են տարբերվում: Լեհաստանը, Բելգիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը ուղարկել են երիտասարդ տղաների, ովքեր կփորձեն հավաքել երիտասարդ աղջիկների ձայներն այնպես, ինչպես Ալեքսանդր Ռիբակն արեց 2009-ին: Լիտվական խումբը bitboxing կանի, իսկ հույների խումբը կպարի: Բոլոր երգերից ինձ ամենաշատը դուր եկավ թուրքական maNga խմբի We Could Be the Same երգը և ինձ թվում է որ այն մնացած մասնակիցների համար ուժեղ հակառակորդ է», – գրում է բլոգերը ու հաջողություն ցանկանում մեր Եվային՝ ափսոսանքով հիշեցնելով, որ ԱՄՆ–ի հայ համայնքը քվեարկել չի կարող, բայց Եվայի հաղթանակը՝ նաեւ իրենց հաղթանակն է՝ «ու մենք էլ մեր լավ ցանկություններով իր հետ ենք»:

Անզիպպդ. Գեյ Արմենիա բլոգը, որը Մեծ Բրիտանիայից միշտ առավելագույն ուշադրությամբ է հետեւում Եվրատեսիլ մրցույթին, վերլուծում է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացրած համարներն ու փաստում. – «Երաժշտության առումով՝ ես գերադասում եմ Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզը»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի Սաֆուրայի երգին՝ այն ինձ ձանձրացնում է»։ Բլոգը դժգոհում է ե՛ւ Եվայի, ե՛ւ Սաֆուրայի հագուստից՝ «դրանք առանձնապես տպավորիչ չեն, թեեւ Սաֆուրայի հագուստը ավելի մոդայիկ է»։ Ներկայացվող շոուի մասին խոսելով էլ Անզիպպդը գրում է՝ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի համարը ավելի հետաքրքիր է։ Ադրբեջանինը որակով է, բայց չափազանց կանխատեսելի։ Այդուհանդերձ, Ադրբեջանի տղան վստահաբար ավելի լավ է պարում»։ Անկախ ամեն ինչից՝ բլոգերը խոստանում է Մեծ Բրիտանիայից քվեարկել Հայաստանի օգտին։ Դե ինչ, առնվազն 1 ձայն Լոնդոնում ապահովված է։

Ռեպորտեր—արմը փորձում է գուշակություններ անել ոչ թե Եվրատեսիլի, այլ հայկական ֆուտբոլի ապագայի մասին. – «Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ հաղթեց էստոնացիներին 2-3 հաշվով։ Կեցցեն տղաները։ ՈՒ սա մեր երիտասարդականի երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Հույս ունեմ, այդպես կշարունակվի… ՈՒ գիտեք, մարդիկ, որ ֆեյսբուքերում մերոնց հաղթանակի լուրը կարդում են՝ այնպես են զարմանում… էտ ո՞նց պատահեց, պատի ծակը չոփ խրեք ու նման մեկնաբանություններ։ Ժողովուրդ, մերոնք կարող են ֆուտբոլ խաղալ ու մեր ֆուտբոլը ապագա ունի»։

Իսկ այ, հայկական հոկեյը այս տարի արդեն ապագա չունի։ Միջազգային հոկեյի ֆեդերացիան Հայաստանի հավաքականին անորոշ ժամանակով որակազրկել է այն բանի համար, որ աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի որակավորման փուլում թիմի կազմում հանդես են եկել երկքաղաքացիություն ունեցող մարզիկներ, ովքեր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի քաղաքացիություն են ունեցել: Words բլոգը դժգոհ է ու գրում է. – «Հուսանք մեր հոկեյի ֆեդերացիան այս գործով կզբաղվի եւ մենք հարկադրված չենք լինի անորոշ ժամանակով պարապուրդի մատնվել հոկեյի ասպարեզում»։

Ուզող բլոգում հայտարարվել է մրցույթ՝ Տարվա ամենամառազմատիկ լուրը թեմայով։ Բոլգերներ հարյուրից ավելի հոդվածներ են ներկայացրել, որոնք, ըստ նրանց, պարունակում են ամենաանիմաստ, անկապ ու զավեշտալի տեղեկատվությունը։ Անկախ այն բանից, թե ո՞ր լուրը կհաղթի, այստեղ ներկայացված նյութերն արժե կարդալ։ Առնվազն լավ տրամադրությունն ապահովված է։

Մեկ այլ մրցույթ էլ հայտարարվել է Շուռի բլոգում՝ լավագույն բանաստեղծությունների հայերեն թարգմանության մրցույթ, թարգմանվում է Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունը։ Առայժմ ներկայացվել է 9 թարգմանություն։

Եթե անցկացվեր հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող հեռուստասերիալների մրցույթ, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Կորուսյալները» սերիալը կհայտնվեր ամենաաբսուրդ սերիալների ցանկում։ Դա Ազատամարտիկ բլոգի կարծիքն է։ Բլոգը խորամուխ է եղել սերիալի թաքնված բովանդակության մեջ, ու հիրավի զարմանալի հայտնագործություններ արել. – «Այս սերիալում լիքն են սիվոլները եւ սիմվոլիկ անունները, որոնք հիմնականում կրոնական–գաղափարախոսական են եւ շատ նման են Մատրիցա ֆիլմին», – գրում է բլոգն ու կարծիք հայտնում, որ սերիալի հերոսներից Ջոն Լոկը ներկայացնում է Անգլիական լիբերալ փիլիսոփայության հիմնադիր փիլիսոփա Ջոն Լոկին, իսկ սերիալի մեկ այլ հերոս՝ Ջոյկոբը, իրականում ներկայացնում է Հիսուսին։ Սերիալն էլ, Ազատամարտիկ բլոգի կարծիքով, իրականում այն մասին է, որ Անգլիական լիբերալիզմը սպանում է քրիստոնեությանը։ Եվ սա դեռ ամենը չէ, գրում է բլոգը, խոստանալով շուտով նոր «բացահայտումներ» հրապարակել…

Մինչ այդ, Ռադիո Վան բլոգը դժգոհում է՝ առավոտյան արթնացա «10–ի Բ» բացականչություններից ու մեքենաների ազդանշաններից։ Ընդ որում, այնպիսի տպավորություն էր, որ քաղաքապետարանի հատուկ որոշմամբ բոլոր «10–ի Բ» դասարանները հավաքվել էին հատուկ մեր բակում։ Իջա հաց առնելու։ Հաց բերող մեքենայի վարորդը խանութպանին պատմում էր, որ առավոտյան քիչ էր մնացել բախվեր ջիպերով ֆռֆռացող շրջանավարտների հետ։ Եկեղեցու շուրջն էլ BMW էր պտտվում՝ կասկադյորին վայել հնարքներ կատարելով։ Լավ է գոնե, որ կենտրոնական փողոցներում ոստիկանները հսկողություն են սահմանել, շրջանավարտները հիմնականում տժժում են բակերում։ Վերջում էլ բլոգը հարցում է հրապարակել, փորձելով բացահայտել, թե ո՞վ է մեղավոր, որ վերջին զանգի օրը անչափահասները առանց վարորդական իրավունքների մեքենա են վարում ու ընկնում փորձանքի մեջ։ Բլոգում անցկացվում է քվեարկություն, եւ հաղթում է այն տեսակետը, որ մեղավորը նրանց պապաներն են։