Հաղթական–քաղաքացիա-բնապահպանական–հակաուսանողական բլոգ–դայջեստ

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» անվանմամբ խումբը, որն օրերս ստեղծվեց Ֆեյսբուկ սոցիալական մեգացանցում, «չունի որևէ քաղաքական ուղղվածություն», եւ ունի լիքը անդամներ՝ 2918 հոգի։ Նրանց մեջ կան թե՛ բլոգերներ, թե՛ բնապահպաններ, եւ թե պարզապես ինտերնետային ակտվիսիտներ՝ բիտերով ապրող, մեգաբայթերով սնվող մարդիկ։ Խմբում հավաքված մարդկանց թիվն էլ արագ աճելու միտում ունի… Անցած շաբաթվա ընթացքում սարից իջնող ձնագնդիի արագությամբ մեծացող այս խումբը նպատակ ունի պահպանել կանաչ տարածքները քաղաքամայր Երեւանում եւ տեր կանգնել ամեն հողի, քարի ու ծառի։

«Ո՛չ այգիները վերացնելուն: Ո՛չ բոլոր ծառահատումներին: Թույլ չտա՛նք, որ Երևանը վերածվի ծառազուրկ, բետոնապատ քաղաքի: Ո՛չ կամայականություններին: Պայքարենք միասի՛ն: Այս քաղաքն անտեր չէ՛: Մե՛նք ենք այս քաղաքի տերը», – հայտարարում են խմբի անդամները։ Հայտարարություններին էլ կցում են մայիսի 1–ից 7-ը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ իրականացված ստորագրահավաքի արդյունքները՝ շուրջ 10,000 ստորագրություններ, որով բողոքում են Հայաստանի ազգային գրադարանի առջեւի այգում իրականացվող շինարարության դեմ։

Այս նախաձեռնությամբ հետաքրքրվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նախաձեռնության մի քանի անդամներ նրա հրավերով անցած շաբաթ այցելել են քաղաքապետարան եւ Բեգլարյանը խոստացել է, որ այգիներում այլեւս շինություններ չեն կառուցվի: Չնայած քաղաքապետի խոստումին՝ «Ուսանողական այգում» շինարարությունը շարունակում է, իսկ Ֆեյսբուկի վիրտուալ էջերում չեն դադարում քննարկումները շինարարությունը կասեցնելու մասին։

Ի դեպ, նախաձեռնված ստորագրահավաքին են միացել մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ երաժիշտ–ճարտարապետ մաեստրո Արթուր Մեսչյանն ու Ֆորշը…

***

Հայ ժողովրդի համար մայիս ամիսը պայքարի եւ հաղթանակների ամիս է։ Իսկ իրար հաջորդող տոներն էլ բլոգերների համար լավ առիթ են՝ շնորհավորանքներ հղելու, հուշերի գիրկն ընկնելու, գրելու, ջնջելու, կարճ ասած՝ բլոգելու… Այս մասին իր դիտարկումներն է գրում հայկական բլոգոսֆերայի հնաբնակներից Դավիդ—Սանդը՝ հավելելով. – «Հաղթանակի օրը բոլորը ինչ–որ բան են գրում, բայց ամեն մեկը՝ յուրովի»։

Այսպես՝ Արտաշես Բոյաջյանը հիշեցնում է, որ մայիսի 8-ին լրանում է Շուշիի ազատագրման 18 տարին։ – «Այսօր Շուշիի ազատագրման օ՜րն է: Այդ ժամանակվա իմ ամենասիրած հերոսը «Ասկոլկան» էր, Աշոտ Ղուլյանը, որն առաջինն էր մտել Շուշի 18 տարի առաջ: Ասում էին, որ համեստ ա, գլուխգովան չի ու — արտակարգ քաջ: ՀԵՐՈՍ բառը այդպիսի մարդկանց համար է ստեղծված: Հավե՜րժ հիշատակ ու հավերժ փա՜ռք մեր զոհված հերոսներին»:

Մեկ օր անց՝ մայիսի 9-ին, Հաղթանակի տոնի առթիվ բոլորին շնորհավորում է Մարկ Գրիգորյանը. – «Այս տոնը պետք է միավորեր բոլոր նրանց, ովքեր հաղթանակ տարան Երկրորդ համաշխարհային պատերազմում. ռուսներին, վրացիներին, աբխազներին, ադրբեջանցիներին, հայերին, ֆրանսիացիներին եւ ամերիկացիներին… եւ բոլոր նրանց, ովքեր դիմագրավել են նացիզմին, սակայն դա չի ստացվում… Խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առջեւ, ովքեր մարտնչել են Հայրենական մեծ պատերազմում։ Սակայն նույնիսկ այսօր ես չեմ կարողանում միայն նրանց մասին մտածել։ Ցավոք, մտածում եմ նաեւ այն քաղաքական գործիչների մասին, ովքեր, հավանաբար, մանկության տարիներին բավականաչափ «կռիվ–կռիվ» չեն խաղացել»։

Դերենիկ Մալխասյանը «7–օր» բլոգում ահազանգում է. – «Այսօր Գյումրի-Երևան ճանապարհով երթևեկողները Գյումրի-Մարալիկ ճանապարհահատվածում կարող էին նկատել նացիզմի խորհրդանիշ համարվող սվաստիկաներ: Այդ ճանապարհահատվածին նման կերպով ձևափոխված էր առնվազն 4 ճանապարհային տարբերանշան: Տարօրինակն այն է, որ այս ամենը կատարվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի՝ մայիսի 9-ի տոնի նախաշեմին, և մարզային կամ քաղաքային որևէ գերատեսչություն մինչ այժմ հավուր պատշաճի չի անդրադարձել այս իրողությանը»:

***

Նառա–լրագրողը դժգոհում է ԲՈՒՀ–ական կրթության մակարդակից. – «Այսօր հաճախ չես էլ հասկանում, թե ինչու են մարդիկ բուհ ընդունվում, եթե չեն սովորելու կամ դասերի չեն հաճախելու:  Այսօր շատերը ընդունվում են ոչ այնքան սովորելու, որքան դիպլոմով տնային տնեսուհի կամ ավարտած փեսա դառնալու համար: Իսկ այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են սովորել կամ ընդունվում են սովորելու, կրթություն ստանալու համար, կանգնում են մի շատ կարևոր խնդրի առջև. վարձավճարները և դրանց դիմաց գիտելիք չստանալը: Տարեց տարի գնալով ավելանում են մեր բուհերի ուսումնական վարձը, բայց դրանց դիմաց ստացած գիտելիքը` ոչ այնքան: Օրինակ, 100.000 դրամով ավելացել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բոլոր ֆակուլտետների վարձավճարները` կազմելով 500.000-600.000 դրամ: Մայր բուհում, այսինքն` Երևանի պետական համալսարանում, վճարները սկսվում են 250.000 դրամից: Ամենաթանկը Բժշկական համալսարանն է, որտեղ վճարները կազմում են 580.000-800.000 դրամ»։

***

Անցած շաբաթ մի խումբ ուսանողներ հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել՝ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի կրճատման կապակցությամբ»։

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Ուսանողական Խորհրդի Բլոգը իրեն պահում է տիպիկ Ուսանողական խորհրդի բլոգի պես՝ ուսանողներին աջակցելու փոխարեն՝ քննադատում է նրանց. – «Վերջին տարիներին մեր երկրում շատացել են միտինգները, ցույցերը և նմանատիպ բաները: Կարելի է ասել, որ դրանց մասնակիցների մեծամասնությունը երիտասարդ ուսանողներն են: Արդյոք այդքան խելացի չեն գտնվում, որքանով են դա ճիշտ համարում, ինչն է նրանց դրդում գնալ այդպիսի քայլերի. ծնողները, ուսումնական հաստատությունները, ֆինանսական կարգավիճակը, իսկ միգուցե<<սրտի կանչը>>, – հարցնում է Սիրանուշը ուսխորհրդի բլոգում՝ ընդգծելով. – «Չեմ պատկերացնում, ինչ են մտածում այդ ուսանողները, որոնք նոր են հասկանում կյանքի իմաստը և իր բարդություններով , և իր պարզությունով, ու արդեն սկսում են կեղտոտ գործերի խառնվել»։

***

Մինչ բլոգոսֆերայում շարունակվում են արդեն բոլորին ձանձրացրած քննարկումները օտարալեզու եւ էլիտար դպրոցների վերաբացման մասին՝ հիմնականում քննադատելով Կրթության եւ գիտության նախաձեռնությունը այս ոլորտում, Չեմարինան իր բլոգում որոշ ուշագրավ տեղեկություններ է հրապարակել։ Պարզվում է Հայաստանում կա սուպերէլիտար մի դպրոց, որտեղ աշակերտների տարեկան վարձավճարը կազմում է 19,000 ամերիկյան դոլար։ Ավելին՝ սեպտեմբերից այս վարձն էլ ավելանալու է՝ հասնելով 21,000 դոլարի։

«Հայաստանում 1995թ-ից գործում է QSI (Quality School International)միջազգային դպրոցը: QSI ցանցի դպրոցներ գործում են քսանհինգ երկրներում և ֆինանսավորվում են ԱՄՆ Կառավարությունից։ Հայաստանում QSI դպրոցն ընդունվելու համար անհրաժեշտ է լրացված դիմում, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճե, պատվաստումների մասին տեղեկանք, նախկին դպրոցից տեղեկանք, $300 գրանցման վճար: Որևէ բան չի ասվում ՀՀ քաղաքացիների Չընդունելության մասին», – գրում է Չեմարինան ու բոլորին հավաստիացնում, որ էլիտար դպրոցներին դեմ չէ, եւ չի պատրաստվում միանալ ռուսալեզու դպրոցները վերաբացելուն դեմ բլոգոսֆերայում շրջանառվող բողոք–դիմումին։