Սելեբրիթին եւ գլամուրը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման

Հայտնի հայազգի մոդել եւ ռիալիթի շոու-աստղ Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության 95-րդ տարելիցին աննախադեպ ակցիա իրականացրեց մեծ մասսայականություն վարող Թվիթթեր միկրոբլոգային համակարգում՝ իր շուրջ 3,5 միլիոն ընթերցողներին ապրիլի 24-ին ուղղելով Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրառումներ, իսկ վերջում էլ առաջարկելով անցկացնել ֆլեշմոբ-ակցիա՝ Արմենիան Գենոսայդ բառակապակցությունը դարձնելով օրվա ընթացքում ամենահաճախ հիշատակվող արտահայտություններից մեկը ամբողջ աշխարհում։

Թեեւ «Ինտերակտիվի» նախորդ թողարկմանը արդեն իսկ խոսել էինք այն մասին, թե ինչպես է հայկական ինտերնետ-համայնքը հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, թեման շարունակում է ակտուալ մնալ նաեւ այս շաբաթ, նամանավանդ երբ ճշմարտությունը ճանաչելու կոչերին են միանում սկանդալային համբավ ունեցող, բայց շատ ճանաչված մարդիկ, ինչպիսին Քարդաշյանն է։

Դե, իսկ մեր «սեփական», հայկական շոու-բիզնեսի աստղերը նույնպես յուրատեսակ ակցիա անցկացրեցին ապրիլի 24-ին, իսկ նրանց մասին էլ գրեց ամենշոուբիզնեսային ամենակամո ամենաբլոգը՝ Կամոբլոգը։

«Ուղիղ կեսօրին Հանրապետության Հրապարակում՝ կենտրոնական գորգի վրա, տեղի ունեցավ «Եկել է ժամանակը…» խորագրով ակցիա։ Մասնակցում էին 95 երիտասարդ արտիստներ, մարզիկներ եւ ուսանողներ, որոնց միջոցով գորգի վրա գրվեց 95 պատկերը», — ահավոր անընթեռնելի լատինատառ հայերենով գրում է Կամոն ու հրապարակում շատ ավելի ընթեռնելի ու հասկանալի լուսանկարներ՝ մեջը լիքը հայ աստղերով. Սյուզի, Էմմա Բալաբանյան, Լիլիտ Հովհաննիսյան, Գոհար Գասպարյան, Ավետ Բարսեղյան, Հայկ Կասպարով, Արտակ, Լուլու, Ժակ, Ժակլին եւ այդպես՝ 95 անգամ։

Դե իսկ հայկական բլոգային աստղերից՝ Փղի բլոգում կարելի էր կարդալ, թե ինչպես են ամբողջ աշխարհում մեր հայրենակիցները միջոցառումներ անկացնում՝ հարգելով զոհերի հիշատակը եւ բողոքի ակցիաներով բողոքելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։

***

Թերթ.ամ օնլայն պարբերականի բլոգում հետաքրքիր դիտարկում է արել Տիգրան Պասկեւիչյանը՝ ապրիլքսանչորսյան առեւտրի հետ կապված։

«Եթե զույգ կակաչները ձեռքում պահած հատուկենտ մարդիկ չհանդիպեն, դժվար թե տպավորություն ստեղծվի, որ Ապրիլի 24-ը հայերիս պատմության մեջ ամենաեղերական օրն է, որովհետեւ՝ չնայած դաշնակցական պաստառների առատությանը, այն ոչնչով չի տարբերվում տարվա 364 օրերից. տրանսպորտը գործում է, խանութները, սրճարաններն ու ռեստորաններն աշխատում են», — գրում նա՝ ու հավելում. — «Արդեն 45 տարի անընդմեջ նշում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բայց չի ձեւավորվում հարգանքի արտահայտման այն մշակույթը, որը եւ մեզ՝ տեղացիներիս, եւ հյուրերին կհաղորդեր օրվա խորհուրդը։ Հասկացանք, ոչ ոք չի ուզում զրկվել եկամտից, բայց օրվա խորհուրդն առեւտրի ու ժամանցի մեջ կորչում է։ Դրա համար հնարագետ մենեջերները, որոշել են, որ խանութում բանջարեղեն կամ երշիկ ընտրելիս ցեղասպանության զոհերի ժառանգը պետք է Մոցարտի «Ռեքվիեմը» լսի կամ Ջիվան Գասպարյանի դուդուկի տխուր մեղեդիների ուղեկցությամբ լվացքի փոշի ու հիգիենայի համար անհրաժեշտ այլ առարկաներ ձեռք բերի»։

***

Մինչ լուսանկարիչ 517դիզայն բլոգը հրապարակել է այրվող թուրքական դրոշի լուսանկարը՝ Դաշնակցության ջահերով երթից, Կորնելիյ Գլաս բլոգը հետաքրքիր քննարկում է ծավալել Թուրքիայի արտգործնախարարության կողմից վերջերս հրապարակված 10 կետերից բաղկացած «գործողությունների ծրագրի» շուրջ, որով Թուրքիայի դեսպաններին եւ հյուպատոսներին հրահանգ է տրվում փոխել մինչ այժմ ընդունված իրենց վարքագիծը եւ հնարավորինս հաճախ կապի մեջ մտնել հայկական լոբբիստական կազմակերպությունների ու սփյուռքահայկական գախթօջախների հետ եւ նրանց ներկայացնել Թուրքիայի տեսակետը։ Հայ բլոգերները առաջարկում են արտգործնախարարության 10 կետերին ավելացնել եւս մեկը՝ 11-րդ կետը. Բոլոր թուրք դեսպաններին եւ հյուպատոսներին պարտադրել թույն խմել։

***

Բլոգային ամենախոշոր հիասթափությունը այս շաբաթ անկասկած Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձն էր՝ ԱՄՆ-ի նախագահը կրկին խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, փոխարենը այն կոչելով «Մեծ Եղեռն»։ Այս թեմայով կրկին հետաքրքիր քննարկում է ծավալվել Կոռնելիյ Բլոգում։ Հնչում է կարծիք՝ իսկ գուցե արժե «Մեծ Եղեռն» արտահայտությունը շրջանառության մեջ մտցնել որպես Ցեղասպանության եւ Հրեական «Հոլոքոստի» համարժեք տերմի՞ն։ Աթանաթոի բլոգը վստահ է՝ դա է միակ ճանապարհը, եւ այդպես պետք է արվեր դեռ անցած տարի՝ պետք էր Օբամային բարձրաձայն շնորհակալություն ասել «Մեծ Եղեռն» ասելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Չէ որ Օբաման չէր կարողանա ասել, որ չի ճանաչում Ցեղասպանությունը…

***

Այլ թեմաներից՝ անցած շաբաթ բավականին շատ քննարկվեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին։ Շատերը ողջունեցին այն, մյուսները գտան քննադատելի կետեր։ Արմեն Աղայանը, օրինակ, գրում է. — «Սերժ Սարգսյանը այդպես էլ չեղյալ չհայտարարեց թուրքական արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը: Այսինքն, ամեն ինչ մնում է նույն վիճակում: Պաշտոնական Երևանը նորից հայտարարեց, որ ուզում է և միշտ պատրաստ է վավերացնել արձանագրությունները` թուրքական կողմից դրանք վավերացվելուց անմիջապես հետո: Պարզապես հիմա «ողջամիտ» ժամկետը դարձավ ավելի անորոշ»:

Լոնդոնից ամենայն ուշադրությամբ հայաստանյան զարգացումներին հետեւող Մարկ Գրիգորյանը, սակայն, այլ կարծիքի է. — «Այս հայտարարությունը հստակ ազդանշան ուղարկեց, այսպես ասած՝ «մեսիջ»։ Հայաստանի նախագահը Թուրքիային մեղադրեց երկխոսության պատրանք ստեղծելու եւ գործընթացը ձգձգելու մեջ…։ Իսկ եթե խոսելու լինենք ներքաղաքական վիճակի մասին, ապա այս ուղերձը ամրացրեց նրա դիրքերը»։

***

Լոնդոնում ապրող մեկ այլ բլոգեր՝ Քրիստինան, փաստում է Իսլանդական անհասկանալի ու չարտաբերվող անվամբ հրաբխի տարօրինակ ազդեցության մասին՝ «Հրաբուխը չորացրել է Լոնդոնի երկինքը»։ Հետաքրքիր է՝ ինչի՞ մասին են խոսում լոնդոնցիները այս օրերին, չէ որ նրանք բարեւելիս ու հրաժեշտ տալիս խոսում են միամյան եղանակի եւ անձրեւի մասին…

***

Մշեցին դժգոհում է հայերից ու հայկական սերիալներից. — «Միշտ չեմ հասկացել երկու բան. 1. Թե ինչո՞ւ են հայերը ամեն տարի ոգևորված ծառ տնկում ու չորացնում, տնկում ու չորացնում… 2. Թե ինչո՞ւ են հայ ուսանողուհիների գերազանց մեծամասնությունը հագնվում, զարդարվում ու խոսում ոնց որ փողոցայիններ»: Քիչ անց բլոգերը պատասխանում է իր հարցերից մեկին՝ «Կյանքումս առաջին անգամ մի քանի րոպե «բախտ վիճակվեց» Հ 1-ի եթերում տեսնել «Աննա» հեռուստասերիալն ու երկրորդ հարցիս պատասխանը ստացա: Համոզված եմ ու կարող եմ ապացուցել, որ նման սերիալներ նկարողներն ու հեռարձակողները հայ ազգի հանդեպ թուրքից վատ գործ են անում»:

***

Բանաձեւի բլոգը մտահոգ է. — «Երիտասարդության շատ չնչին տոկոսն է ընթերցում գրականություն։ Ճիշտն ասած, երբ հանդիպում եմ մի կարդացած և բավականին զարգացած երիտասարդ անձնավորության, ինչ-որ տեղ նույնիսկ զարմանում եմ։ Նման մարդիք ներկայումս կամաց կամաց դառնում են սպիտակ ագռավներ։ Ի՞նչն է ստիպում այս սերնդին չսիրել գրականությունը։

Շատ է փոխվել և գնալով դեռ ավելի է այլայլվում երիտասարդների բերանից հնչող այսօրվա հայերենը՝ ապէ, բոցա, վերջնա, ալո Սերոժ, նատուռի, դզողա, մոմենտա, մեռնեմ քեզ, ախպեեերս, թույնա…: Եւ նման արտահայտություններով են կազմվում ժամանակակից նախադասությունները։ Գրականությունը սովորեցնում է անձին ճիշտ ձևավորվել և ճիշտ խոսել։ Բայց շատերը դա չեն ընդունում, չեն հասկանում, նույնիսկ լսել անգամ չեն ցանկանում ընթերցանության մասին։ Գրականությանը նրանք նախընտրում են համակարգիչներ, նվագարկիչներ, բջջային հեռախոսներ, խաղային կցիչներ, փողոց:

Կա մի այսպիսի հետաքրքիր փաստ ևս՝ անգրագետների շրջաններում շատ, շատ են մեծամիտները։ Ոմանց թվում է, թե իրենք Երկրի առանցքն են։ Իմ կարծիքով, դա էլ է գալիս մակարդակի, դաստիրակության, էթիկայի պակասից, ինչը կարող էր լրացնել գրականությունը։
Գիրքը ձեռքը վերցնելը երբեք ուշ չէ»։

***

Դե, իսկ ԱրմՔոմեդի բլոգը կատակով պարզել է, որ երկիր մոլորակի բնակչության 96,31 տոկոսը հայեր են։ «Միակ ազգերը, որ հայեր չեն, հետեւյալն են՝ թուրքերը, ազերինեւը, եւ ցավում եմ… բայց բուլղարացիները», — գրում է բլոգը՝ շարունակելով — «Չինաստանը, որը այժմ համարվում է աշխարհի ամենամեծ հայկական Սփյուռքը, թերահավատներին կոչ է անում հանգստանալ. «Այո, մենք նույնպես ցավում ենք Բուլղարացիների համար, ի՞նչ արած։ Իսկ աշխարհի մյուս բոլոր ազգերը պետք է պարզապես ընդունեն, որ իրենք հայեր են։ Բոլորը գիտեն, թե որտեղ է Նոյը կանգնեցրել իր տապանը՝ ընդունեք այս պարզ ճշմարտությունը։ Համ էլ այլեւս խնդիր չի առաջանա «made in China» արտահայտության հետ։ Այժմ ամեն ինչ կլինի «made in Armenia»։ Թեեւ որոշ բաներ գուցե կմնան «made in Bulgaria» մակնիշմամբ»։

Advertisements