Արձանագրությունները՝ «կապուտ», ոստիկանների օրը՝ կապո՞ւյտ

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ 

Վաշինգտոնում անցկացվող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հանդիպումները ԱՄՆ–ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հետ հայ բլոգերների կողմից գրեթե նույնանման արձագանքների արժանացավ։ Դա յուրահատուկ կերպով է ձեւակերպել Փիղը. – «Արձանագրությունները՝ կապուտ։ Որքան հասկանում եմ՝ արձանագրությունները նետվեցին զուգարանակոնքը։ Սահմանը չի բացվելու։ Թուրքը մնում է թուրք, իսկ Հայաստանը միշտ մնալու է պանթուրքիզմի կոկորդին դեմ առած ոսկոր»։

«Առավոտյան կարդացի Սերժ Սարգսյանի խոսքը Վաշինգտոնի մայր տաճարում, Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո։ Ասեմ, որ հաճույքով կարդացի։ Լավն էր», – գրում է Ռեփորթեր—արմը ու մեջբերում մի հատված. – «Այո, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ։ Այս առավոտ ես հանդի պեցի Թուրքիայի վարչապետի հետ։ Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ»։

Հայկական ամենահայտնի համասեռական բլոգում՝ Գեյ Արմենիայում, հետաքրքիր մեկնաբանություններ հնչեցին շաբաթվա մեկ այլ խոշոր իրադարձության՝ Ոստիկանության տոնի առթիվ։ Բլոգը նշում է, որ չստուգված փաստերի վրա հիմնված եւ  «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում տպագրված հոդվածը թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Թերթը գրել էր, թե ապրիլի 16–ին նշանակված ոստիկանության տոնի օրը «աշխարհի տարբեր երկրներ նշում են համասեռամոլների օրը»: Այնուհետեւ, լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանապետը ասել էր, թե դիմել է նախագահին եւ խնդրել է փոխել ոստիկանության տոնի օրը։ Գեյ Արմենիա բլոգը սակայն ծիծաղում է։ «Սա իսկական տրագիկոմեդիա է», – գրում է բլոգը եւ հիշեցնում, որ ապրիլի 16-ին համասեռականների ոչ մի տոն էլ չկա։

Ոստիկանությանը վերաբերող մի ուշագրավ լուր էլ հրապարակել է ԱրտակԵվն բլոգը։ Ապրիլի 13-ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Չարենցավանի ոստիկանությունում հարցաքննության կանչված մի երիտասարդ խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն եւ ինքնասպանություն է գործել։ –«Ես միգուե եւ հավատայի, եթե սպանվածի զարմիկն իմ գործընկերը չլիներ», – գրում է բլոգը։ – «Տղային պարզապես զանգել կանչել են քաղմաս (ոչ թե բռնել տարել), նա զանգել է մորն ու ասել, որ քաղմաս է գնում: իսկ այնտեղ արդեն սպանել են: Քննիչը փախած է: Նրա հոգեկան հիվանդության մասին տեղեկությունը սուտ է: Տղան Սեւանում հյուրանոցային համալիր էր աշխատացնում ու մի քանի այլ ընտանեկան բիզնեսներ»:

Բուն ոստիկանության տոնի օրը նույնպես աննկատ չանցավ՝ բլոգերները մեկնաբանում էին, թե այն սովետական շրջանի «պառադ» է հիշեցնում։ Կոռնելիյ Գլասը խոսքեր չի գտնում տեսարանը նկարագրելու, իսկ Բլանշը զուգահեռներ է անցկացնում ոստիկանության տոնի եւ Չարենցավանի ոստիկանություն հարցաքննման կանչված երիտասարդի մահվան դեպքի միջեւ։

***

Մի քանի նորություն երեւանցիների համար։ Ռադիո Վան բլոգի տեղեկացմամբ, այսուհետեւ կարելի է Մատենադարանից մեքենայով ուղղիղ գծով քշել դեպի Մաշտոց պողոտա։ Բլոգը գրում է. – «19 տարի վարորդներին չէր թույլատրվում Մատենադարանից Պրոսպեկտ քշել։ Եվ ահա՝ կատարվեց։ Այսուհետեւ կարելի է, ուռաա!!!»։ Փոխարենը, բլոգի փոխանցմամբ, ոստիկանությունը խստացրել է հսկողությունը մեքենա վարելիս ծխելու եւ մեքենայի լուսամուտից աղբ դուրս նետելու դեպքերի նկատմամբ»։ Մեկ այլ հոդվածում էլ բլոգը տեղեկացնում է, որ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի մերձակա հրապարակի տակ կառուցվող ավտոկայանատեղիի շինարարությունը ավարտվելու է մայիսի 9-ին։ «Ուրախացեք երեւանցիներ», – գրում է Ռադիո Վանը. – «Շատ շուտով դուք կրկին հնարավորություն կունենաք զբոսնել սիրելի վայրում, կազմակերպել գունավոր կավճանկարության մանկական մրցույթներ, անվաչմուշկներ վարել։ Իսկ առայժմ տեսեք, թե Թումանյան փողոցում կանգնեցված երկաթե արգելապատից այն կողմ ինչ է կատարվում»։

Մինչ Օպերայի հրապարակը բացվում է՝ Երեւանում մոդայիկ հագուստի եւ ջինսերի Լեվիս ֆիրմային խանութը փակվում է։ Ֆեյշնբլոգը թախիծով է գրում այդ մասին։ – «Շատ տխրեցի։ Շատ։ Բացի նրանից, որ ես միշտ ջինս ու կեդ էի առնում Levi’s-ից, իսկ հիմա չեմ կարողանա, նաեւ տխրեցի են պատճառով, որ մեր քաղաքում մի ցիվիլ խանութ քիչ կլինի։ Փաստորեն մեր շուկան այսքան փոքր է ու անհույս…»։

Դե, իսկ հույսի մասին խոսելով՝ տեղեկացնենք, որ մեծ հույսեր կան, որ Վրացական հեռուստաընկերությամբ ընթացող Թաքնված տաղանդ հեռուստաշոուի հաղթողը կլինի հայուհի Աննա Խանչալյանը։ Բանաձեւ բլոգը գրում է. – «Այս փուլում բազմաթիվ տաղանդավորներից Աննան դարձավ հեռուստադիտողի ամենասիրելին ու հենց հեռուստադիտողների ձայների շնորհիվ եզրափակիչ փուլ անցած երկու մասնակիցներից մեկն ինքը դարձավ: Տասը հոգուց պետք է ընտրվեին երկուսը` մյուս խմբերի ընտրյալների հետ եզրափակիչում մրցելու համար: Աննային հեռուստադիտողն իր զանգերով ընտրեց, իսկ եզրափակիչ անցնող երկրորդ մասնակցին, նախագծի կանոնների համաձայն, ընտրեց ժյուրին։ Աննա, մենք սպաում ենք քո հաղթանակին, ոչ միայն ամբողջ Վրաստանը, այլև ամբողջ աշխարհի հայությունն է քեզ համար ցավում: Հաջողություն մեր տաղանդին»