Երեւանը բլոգերների աչքով. ասք մայթերի լայնության մասին…

null

«Մայթերի լայնությունը սկսեց պակասել դեռ ութանասունականներին։ Երբ մայթերի մի մասը զբաղեցրեցին նորաբաց կոոպերածիվ սրճարանների և «կոմիսիոնների» անճոռնի մուտքերն ու աստիճանները», — հարազատ քաղաքի պատմությունը՝ հասարակ հետիոտնի ու սրտացավ քաղաքացու աչքերով պատմում է բլոգեր Նորայրը: — «Ինձ դեռ այն ժամանակ, իսկ ես երեխա էի, անհանգստացնում էր, պետք էր հա շրջանցել ընդհատակ տանող մուտքերը։ Եվ ահա հիմա, անցնելով քաղաքի տարբեր տեղերով ես նկատում եմ դեպի ներքնահարկ տանող այդ անցումները․ լքված, աղբի, ցելոֆանների կուտակման տեղ դարձաց»։

Նկարագրելով երեւանյան մայթերի բազում հրաշալիքները՝ Նորայրը եզրակացնում է. — «Չե, մենակ քայլելը դեռ լինում է։ Բայց երկուսով՝ արդեն բարդ է։ Այո, հնարավոր է կամ անցնել մեկը մյուսի հետևից, կամ շրջանցել պատնեշները տարբեր կողմերից, երբ նրանք մայթի մեջտեղն են։ Այդ ամենը ստորացնում է, նվաստացնում է։ Ու ստորացնում է բոլոր անցողներին, լինեն նրանք մեծահարուստ, բոմժ, պրոլետար, թե բոհեմի ներկայացուցիչներ»:

Հանուն արդարության պետք է նկատել, որ Նարայրը տեսնում է նաեւ դրականը. — «Մի քանի լավ բան եղավ՝ սիրահարների այգին, հարավ-արևմտյան/բանգլադեշ և Ավան թաղամասերում այգիների զարգացումը»։

Երեւանի մասին գրել է նաեւ Մշեցին՝ ցիտելով մի շարք հայ մտավորականների խոսքերը. — «Հ. Թեքգյոզյանի համար էլ  այսօրվա Երևանն ընդհանուր առմամաբ փախչող քաղաքի տիպիկ օրինակ է, որովհետև դու չգիտես, թե նա ո՞ւր է գնում։ Վ. Արսենը Երևանը բնութագրել է որպես դրամի-դոլարի ահռելի չափերի փոխանակման կետ և արտասահմանցիների համար խոշոր ամառանոց։ Իսկ Ա. Ավանեսյանն ասել է. -Ստամո՛քս։ Այնինչ մայրաքաղաքը պետք է լինի սիրտը։ Պետք է արյո՛ւն մատակարարի։ Իսկ ինքը ստամոքս է, ինքն ուտում է»։

Երեւանյան գետանցումները Ֆ5 բլոգի ուշադրության կենտրոնում են: Բլոգը ներկայացնում է YouTube կայքում տեղադրված մի տեսահոլովակ՝ որում երեւում են Երեւանի մի շարք գետնանցումներում տիրող վիճակը՝ հսկա, անընթեռնելի խզբզանքներ պատերին, առաստաղներից կախված անխնամ լույսեր: — «Ցավում եմ, որ մեր խայտառակությունը ուրիշներն են մատնանշում, բայց միաժամանակ ուրախ եմ, որ ներկայացված գետնանցումներն /հիմնականում Խանջյան-Գնունի, Աբովյան-Կորյուն/ Երեւանի «ամենամաքուր» գետնանցումներն են: Ուրախ եմ, որ նրանք չեն եղել 3-րդ մասի մի քանի անցումներում կամ ասենք Համալիրի դիմացի … քանի որ վիդեո-ռոլիկով դեռեւս հնարավոր չէ փոխանցել այն հոտը, որը տիրում է այնտեղ»:

Երեւանում անցած շաբաթ ընդդիմության կազմակերպած հանրահավաքում աֆրիկացի իրավապաշտպանի ելույթը բլոգոսֆերայի անսպառ սարկազմի աղբյուր դարձավ, որին գումարվել էր նույն հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի  «գողական» ժարգոնով համեմված ելույթը, իսկ մեկ օր չանցած՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էլ ավելի թունդ ժարգոնային պատասխանը վերջինիս:

«Ուրեմն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամները գալիս են հանրահավաք ու հրաշք երիտասարդության հետ գոռում լիբերասիոն, պահանջում քաղբանտարկյալներին ազատել, բայց ամենակարևորը նրանցից մեկը ելույթ է ունենում` նիգերացի նախկին քաղբանտարկյալ Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայուն ու կոչ անում պայքարել մարդու իրավունքների ու քաղբանտարկյալների ազատության համար», — իր բլոգում գրում է լրագրող Վահան Իշխանյանը: — «Որ ասում էին դրսի ճնշում, դրսի ճնշում, որ ընդդիությունը անընդհատ հայտարարում է, թե միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում Սերժ Սարգսյանի վրա Ղարաբաղի հարցում, չէի իմանում թե ով է այդ ճնշում գործադրողը: Ցույց չէր տալիս թե էդ ճնշողը ո՞վ է, կոնկրետ մարդուն: Հա, հիմնարկների անուններ կարող ա տային, պետդեպարտամենտ ու նման բաներ, բայց որ ցույց տային անձնավորություն, թե ով է կոնկրետ ճնշողը, ես չեմ տեսել: Էրեկվա ՀԱԿ-ի հանրահավաքում վերջապես ցույց տվեցին թե ով է այդ ճնշողը», — քմծիծաղում է Իշխանյանը:

Հանրահայտ բլոգեր Օգոստոսն էլ քննադատում է երկու նախկին նախագահներին: — «Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել», — ասված է մեկ նախկին նախագահից մյուս նախկին նախագահին ուղղված ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ կոչում», — գրում է Օգոստոսը: — «Եկեք, համոզեք ինձ, որ սա քաղաքական, ներողություն արտահայտությանս, երկխոսության ընդունելի մակարդակ է: Ազնիվ խոսք, ավելի լավ կլիներ մի ծածուկ վայրում իրեր ծեծեին, քան թե այսպիսի արտահայտություններ թույլ տային»:

Ի դեպ՝ ծեծկռտուքների մասին: Ընդդիմադիր քաղաքական կողմնորաշմամբ հայտնի հայ բլոգերներից մեկը՝ Բեկայզան, կամ Իզաբելլա Սարգսյանը, այս շաբաթ հայտնվեց իսկական մի սկանդալի կենտրոնում: Այդ մասին հաղորդում է Արամազդ բլոգը, պատմելով, թե ինչպես են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` FIDH-ի համաժողովի ընթացքում «Էրեբունի» հյուրանոցի անվտանգության աշխատակիցները փորձել ուժի կիրառմամբ խլել ընդդիմադիր ակտիվիստներ Իզաբելլա Սարգսյանի եւ Լալա Ասլիկյանի պարզած պաստառը, իսկ հարձակվողներից մեկը նույնիսկ հարվածել է Բեկայզայի դեմքին:

Ընդդիմության մասին քննարկումները հայկական բլոգոսֆերայում այլ ընթացք ստացան նախկին սովետական հանրապետություններից մեկում՝ Ղրղըզստանում ընդդիմության իրականացրած հեղաշրջումից հետո, որի արդյունքում 79 մարդ զոհվեց, ավելի քան 1000 մարդ վիրավորվեց: Հետաքրքիր է, որ հայ բլոգերները հիմնականում քննադատում են ղրղըզական ընդդիմությանը:

«էսօր մտածում եմ բա ինչի մեր մոտ սենց չզարգացավ իրավիճակը ոնց Կիրգիզիայում, չէ որ ահագին մոտիկ էր… ամենագլխավոր ֆակտորը որ մտքովս անցնում բնակչության ծերությունն… սենց հեղափոխության համար պետք ա քյալ ու լոքշ ջահելության շաաաաատ մեծ բանակ», — գրում է Գագո Բեռլին բլոգը:

Հիշելով, որ Ղրղըզստանի փախուստի դիմած նախագահ Բակիեւը ընդամենը 5 տարի առաջ իշխանության եկավ ընդդիմության իրականացրած նույնատիպ հեղաշրջման արդյունքում եւ իշխանությունից հեռացրեց բռնապետ հռչակված Ուսենովի, սակայն շատ չանցած հեղափոխական հերոսից վերածվեց բռնակալի, Ֆ5 բլոգը գրում է. — «Ամեն դեպքում, գրեթե համոզված եմ, որ նման ձեւով իշխանության եկած ընդդիմադիրները մեկ-երկու տարի անց կվերածվեն Բակիեւի ու Ուսենովի»:

Շաբաթավերջին, սակայն, բոլորի ուշադրության կենտրոնում հայ մարզիկներին էին, ովքեր Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում զարմացրեցին բոլորին: 7օր բլոգը գրում է. — «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունենում Բելառուսի Մինսկ քաղաքում ոսկե մեդալ է վաստակել հայաստանցի Գևորգ Պողոսյանը։ Իսկ արծաթե մեդալը նվաճել է Արա Խաչատրյանը։ Հետաքրքիրն այն էր, որ ոսկե և արծաթե մեդալների համար մրցակցությունը երկու հայ ծանրորդների միջև էր ընթանում։  Հիշեցնենք, որ 77 կգ քաշայինների պայքարում նախօրեին Տիգրան Մարտիրոսյանը բացահայտ առավելությամբ գրավել էր առաջին հորիզոնականը»:

Իսկ արվեստասեր Շուշանիկը՝ «Ռադիո Վան» բլոգում բոլորին խորհուրդ է տալիս լսել մեկ այլ տաղանդաշատ հայորդու՝ անկրկնելի դաշնակահար եւ ջազմեն Տիգրան Ամասյանի կատարումները, ով արդեն իսկ հասցրել է հեղինակավոր մրցանակներ նվաճել, իր կատարումներով հիացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին եւ մրցանակ ստացել Մադլեն Օլբրայթի եւ Քոլին Փաուելի ձեռքից: