Էքստրեմալ շաբաթ

clip_image002

Մոսկվայի մետրոպոլիտենում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված զույգ պայթյունները անցած շաբաթ ցնցեցին բոլորին։ Հայ բլոգերները վշտակցում էին բարեկամ ժողովրդին՝ վերահաս դժբախտության համար, անհանգստանում Ռուսաստանում ապրող հայրենակիցների համար, վերլուծում տեղ հասնող թերի տեղեկատվությունն ու փորձում գտնել մեղավորներին։

Ի դեպ՝ տեղեկատվության մասին։ Բլոգերներից մի քանիսը նկատել են, թե որքան թերի են ռուսական հեռուստաալիքները clip_image003լուսաբանում ահաբեկչությունը։

«Ամեն ինչ ցույց են տալիս՝ բացի պայթյունների մասին տեղեկատվությունից», – դժգոհում է «Մենք ու մերոնք» բլոգը։ – «Առաջին ալիքով «Модный проговор» հաղորդումն է, РТР–ով՝ սերիալ։ Ռուսաստանյան հեռուստատեսությունը որպես տեղեկատվության աղբյուր լրիվ հեղինակազրկվեց»։

Հայ բլոգերներին հատկապես ցնցեց 17–ամյա հայուհու՝ Վալենտինա Եղիազարյանի մահվան մասին լուրը։ «Խեղճ երեխա… խեղճ մարդիկ, ովքեր այսպիսի անհեթեթ կերպով զոհվեցին՝ ինչ–որ մեկի հիմար ամբիցիաների եւ հաշիվներ մաքրելու ինքնատիպ մեթոդների պատճառով», – գրում է Փիղը։ Մեկ այլ հոդվածում էլ նույն բլոգը գրում է. – «Հայեր վերադարձեք!!!! Ինչ իմաստ ունի ապրել վախով, որ պայթյունի զոհ կդառնաս, կամ որ իզուր տեղը կմեղադրեն, որ պայթյուններ ես կազմակերպել միայն աչքերի եւ մազերի գույնի պատճառով»։

«Մոսկովյան մետրոյի պայթյունից հետո անմիջապես հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձում են առիթն օգտագործել սեփական նպատակներով», – թեման շարունակում է Kornelij Glas—ը. – «Ադրբեջանական մամուլը ամենայն լրջությամբ գրում է այն մասին, որ պայթյունը կազմակերպել են հայերը։ Արդբեջանական ինտելիգենցիայի փարոսներ Ակպեր Հասանովն ու Իլգար Մամեդովը փորձում են ուրիշի արյան գնով սեւացնել հայերին, քանի որ դա է իրենց գոյության միակ իմաստն ու առաքելությունը։ Թշվառներ, գոնե հիմա սուս մնային, հարգեին անմեղ զոհերի հիշատակը», – հավելում է բլոգը։

***

clip_image005«Սաղ–սալամաթ բլակնոտ» բլոգը «բացառիկ ռեպորտաժ» է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ «Գուշակեք ինչի համար են հերթ կանգնել» գրում է բլոգը՝ ներկայացնելով Սան Ֆրանցիսկոյի փողոցներից մեկում ձգվող երկար հերթը՝ որը Սովետական տարիների քաղցր հուշեր է արթնացնում։ Ինչպես պարզվում է բլոգում ներկայացված հաջորդ նկարներից, հերթը, երշիկի ու կարագի համար չէ։ Այս անհավանական երկար հերթը ամերիկյան Apple ընկերության կողմից ներկայացված նոր դյուրակիր համակարգչի՝ iPad–ի համար է, որի վաճառքը մեկնարկեց ապրիլի 3-ին։

Բլոգերում այս սարքի մասին հրապարակումներն անցած շաբաթ այնքան շատ էին, որ որոշ մարդիկ ուղղակիորեն հայտարարում էին՝ իմ բլոգում iPad–ի մասին մի չխոսեք։

Apple ընկերությունը հայ բլոգերների ուշադրության կենտրոնում էր մեկ այլ պատճառով եւս։ Մարտի 31-ին Օրանժ բջջային օպերատորը հայտարարեց  Apple–ի iPhone–ի վաճառքի մասին։ Հեռախոսի վաճառքի գները Կոռնելիյ Գլաս բլոգը բնութագրել է որպես «անմարդկային» թանկ։ Այս թեմայով գրված տարբեր հոդվածները կարդալիս պարզ է դառնում, որ շատերը հիասթափված են Օրանժի հայտարարած գներից։ Ընկերության կողմից վաճառվող ամենաէժան iPhone–ը արժե 245 000 դրամ, մինչդեռ արտերկրում ապրող բլոգերները նշում են, որ իրենց մոտ այդ հեռախոսը, բջջային օպերատորի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու դեպքում արժե 5-6 անգամ ավելի էժան՝ 100-300 դոլար։

***

«ԱՄՆ կառավարությունը ճանաչել է հայերի ցեղասպանության փաստը դեռ 1951 թվականին», – անդրադառնալով վերջին շրջանում մշտապես ակտուալ թեմային՝ հայ–թուրքական հարաբերություններին՝ գրում է Ըհաուզքիպերը. – «Դեռ 2008 թվականին Հարութ Սասունյանը՝ մեջբերելով այդ բլոգից մի գրառում՝ նշել էր, որ 1951 թվականին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես որակել է թուրքերի իրագործած հայերի զանգվածային կոտորածը որպես ցեղասպանություն։ Բայց չգիտես ինչու, այդ հայտարարությունը գրեթե աննկատ է մնացել Հայքում։ Ահա բառացի մեջբերում ամերիկյան կառավարության հեղինակած այդ փաստաթղթից, որը պահվում է Միջազգային դատարանի կայքում. Քրիստոնյաների հալածանքը հռոմեացիների կողմից, հայերի կոտորածները թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից ցեղասպանության հանցագործության հայտնի օրինակներ են»։

Թեման շարունակում է Թեւյանցը՝ «Ինքնասպանը» վերնագրված հոդվածում գրելով. – «Թուրքիայի դատարան է դիմել փաստաբան Բենդալ Ջալալ Էզմանը՝ պահանջելով. Ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Թալեաթ փաշային եւ իր աջակիցներին մեղավոր ճանաչել։ Անվանափոխել Թալեաթի անունը կրող փողոցները եւ հրապարակները»։

«Թուրքերը Թալեաթի դեմ նման ոտնձգությունը չեն ների», – վստահ է բլոգը. – «Շանսերը, որ փաստաբանը մեկ ամսից ավելի կյանք կունենա 35 հազար անգամ պակաս են դատարանում հաղթանակ տանելու հավանականությունից։ Սպասենք՝ տեսնենք»։

***

Դե, իսկ Փիղը գրում է հայ–թուրքական հողի վրա ծագած վերջին երաժշտական սկանդալի մասին. – «Օրերս բլոգերում և հանրության շրջանակում լուրեր են տարածվել, որ ապրիլի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թուրքական և ադրբեջանական կոմպոզիտորների գործեր են նվագելու։ Շնորհիվ մի քանի ուռա-պատրիոտների և Կոմիտասի հիշատակը հարգող լրատվամիջոցների դրած աղմուկից հետո, ունեցանք այսպիսի վերջաբան: Մենք ծրագրից հանել ենք թուրք և ադրբեջանցի կոմպոզիտորների գործերը, մնացած գործերը կկատարվեն,— ասել է համերգի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը»։

«Ապրեն բոլորը», – եզրակացնում է Փիղը՝ ողջունելով բլոգերների տարած հերթական փոքրիկ հաղթանակը։

***

«Երեկ եմ շրջանից վերադադարձել, որտեղ պահեստազորի հաշվառման հետ կապված, կարելի է ասել խուճապային վիճակ էր», – գրում է Թալինցի-Մշեցի բլոգը: «Սկզբում մի քանի տեղից զանգահարեցին ու հարցրեցին, թե ինչու է Հայաստանը Վրաստան զորք մտցնում: Հետո համոզված ինձ ապացուցում էին, որ Հայաստանը որոշել է Ջավախքը ազատագրի, դրա համար էլ պահեստազորի հավաքներ է իրականացվում: Պարզ է, որ խուճապային տրամադրություններ և դրանից ելնող սուտ լուրերի տարածվածություն կար: Մի քանի օր առաջ էլ Երևանում էին մոտալուտ պատերազմի, Թուրքիայի վրա հարձակվելու և այլ նմանատիպ պատճառներով բացատրում պահեստազորի հավաքագրումը: Պետական գերատեսչություններին կից լրատվաքան ծառայությունները նույն դանդաղաշարժ մուննաթներն են, լրատվամիջոցները նույն "անֆայմ թարգմանիչները"»:

***

«7-or.am» բլոգն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ գրելով. – «Հայաստանում առկա քաղաքական գործընթացների հիմնական դերակատարները երեք նախագահներն են։ Ներկա իշխանությունները պայքարում են երկու ճակատով՝ նախկինի ու ավելի նախկինի դեմ։ Նախկինը պայքարում է իր նախորդի ու հաջորդի դեմ։ Իսկ Տեր-Պետրոսյանի թիմը պայքարում է իրեն հաջորդող երկու նախագահների դեմ։ Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Ուզում եք՝ «ամուսնացեք», ուզում եք՝ խեղդվեք. ծովը մոտակայքում է» արտահայտությունը»։

Նարջանին նույնպես հետաքրքրել են ներքաղաքական զարգացումները։ Բլոգերը պատրաստվում է «դինջ» նստել ու հետեւել ծավալվող քաղաքական կինոյին. – «Տեսնենք ոնց կզարգանա էս ամեն ինչը։ Ինձ ամենաշատը հետաքրքրում ա տեսնել Ռոբական ջահելությանը։ Լևոնական ջահելությանը գիտենք։ Սերժականը գիտենք։ Իսկ այ Ռոբական «Հիման» շատ հետաքրքիր կլինի։ Դե ՀՅԴ–ի երիտթև հասկացանք, բարգավաճն էլ, բայց վսյոժը կայծը չկա դեռ։ Ռոբական բլոգեր, ռոբական ֆեյսբուքի խմբեր․․»։

***

Շաբաթն ամփոփվեց  բարեմաղթանքներով՝ Սուրբ Զատիկը բոլորին բարի եւ հանդուրժող էր դարձրել։ Բլոգերում գույնզգույն պատկերներ էին ու գրեթե չկար քաղաքականություն։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», – գրում է 517design–ը՝ հրապարակելով մի ուշագրավ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Երուսաղեմի տաճարներից մեկի մուտքի մոտ, հավատացյալների բազմության մեջ ծածանվում արցախի դրոշը։ – «Շնորհավորում եմ բոլորին», – գրում է բլոգը։

Advertisements