Թվերը, Էրդողանը ու իր մաման…

erdogan4

Հայկական բլոգերում այս շաբաթ առատ էին թվերը։ 7օր.am բլոգի հրապարակած տվյալներով, անցած տարի Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 102 հազար դրամ, պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2009-ին կազմել է 6.9% տոկոս։ Շեշտակի՝ 38 տոկոսով նվազել է ավտոմեքենաների առեւտրի ծավալը, 36 տոկոսով էլ՝ շինարարության ծավալները։ Փոխարենը՝ շարունակել է աճել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը։ Անցած տարի 575 հազարից ավելի զբոսաշրջիկ է եկել Երեւան, ենթադրաբար՝ Արարատը, Գառնի–Գեղարդն ու Ծիծեռնակաբերդը տեսնելու։

Թվերից է խոսում նաեւ Բանաձեւի բլոգը։ «Վերջին երկու տարիներին հայերը սկսել են մտածել ազգի բարգավաճման մասին: Հայերը սկսել են ավելի շատ մայրանալ ու տարին տարվա վրա ծնելիության ցուցանիշները մեծանում են: Անցած տարի Հայաստանում ծնվել է 44 հազար 446 երեխա, ի դեպ 8 տոկոսով ավելի շատ, քան 2008-ին»,– գրում է բլոգն ու զգուշացնում՝ «Մի ուրիշ մտահոգություն էլ կա: Եթե մի ժամանակ մայրերը էխոների եւ տարբեր տեսակի գուշակությունների էին դիմում, որ տղա երեխա ունենային, հիմա արդեն աղջիկ երեխան է դառնում երազանք: Վերջին տարիներին մեկ-երկու տոկոսով ավելացել է արական սեռը: Ինչը ժողովրդագիրներին ամենեւին էլ չի ուրախացնում, բա ո՞վ պետք է զարկ տա ծնելիությանը, ախր, մայրերը քչանում են»:

Հայերի թվաքանակը հանգիստ չի տալիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Էրդողանը շուտ–շուտ խոսում է Թուրքիայում անօրինական աշխատող հայերի մասին։ Ըհաուզքիփերը այս առիթվ նկատել է. – «Ընդհանրապես անօրինական հայ միգրանտների թիվը ամեն սպառնալիքի հետ աճում է։ Մի քանի տարի առաջ ասում էին՝ 30 հազար, հետո 70, իսկ հիմա արդեն 100 հազար։ Այսպիսի տեմպերով [Թուրքիայում] իբր թե աշխատող վիրտուալ հայերի քանակը միլլիոնից կանցնի»։

Դիտորդ բլոգը նույնիսկ անհանգստացել է՝ չլինի հայերի թիվը վնասում է Էրդողանի հիշողությունն ու մաթեմատիկական կարողությունները եւ հիշեցնում. «Վերջերս մի արժանահավատ հետազոտություն է կատարվել, որի համաձայն Թուրքիայում անօրինական կերպով աշխատող հայերի թիվը առավելագույնը 15 հազարի է հասնում»։

Մի քանի թիվ էլ հիշել է Արտաշես Բոյաջյանը՝ 2500 տարի իրենց պատմական հայրենիքում ապրող միլլիոնավոր հայերի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանեցին, գրում է բլոգը։ Բոլոր այս թվերից զատ Արտաշես Բոյաջյանը հիշել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանին ու իր մամային…

Թուրքիայի վարչապետի հայտարարության շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել Մարկ Գրիգորյանի բլոգում, որտեղ հայտնի լրագրողը այսպիսի կարծիք է հայտնել. – «Անօրինական միգրանտներին վտարելը՝ ճիշտ քայլ է։ Բայց այդ դեպքում պետք է վտարել բոլորին, այլ ոչ թե մի կոնկրետ խմբի՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից։ Չնայած չեմ կարծում, որ խոսքից գործի կանցնեն եւ անօրինակ հայերին կվտարեն, քանի որ դա կհիշեցնի 1915 թվականի իրադարձությունները, եւ [Թուրքիայի] իշխանությունները դժվար թե նման ռիսկի դիմեն։ Հուսամ, որ այսօրվա աշխարհում այդպիսի բաները հնարավոր չեն»։

Խլուրդը հաշվարկներն անցած շաբաթ կենտրոնացել էին մշակույթի ոլորտի վրա։ «40 հազար մշակութային հուշարձան նշված է խորհրդային Հայաստանի տեղեկագրքերում։ Այժմ ՄՆԱՑԵԼ Է Հայաստանի Հանրապետությունում 24 000-ից փոքր ինչ ավել հուշարձան  /ավելը… դզեց/, որոնցից պետությանն է ընդամենը… 18 հազարը», – գրոմ է բլոգն ու հարցնում՝ իսկ որտե՞ղ են մնացած հուշարձանները. – «ԼԱՎ ՀԱՐՑ Է, ՈՐ ՊԻՏԻ ՄԻ ՀԱՏ ՏԵՂԸ ՏԵՂԻՆ անդրադառնալ»: Վերջում էլ եզրակացնում է՝ «Տեր չկա։ Տեր լինողները ֆռֆռում են փողկապներով ու տղամարդ-տղամարդ կամ կռիվ-կռիվ քաղաքականություն-քաղաքականություն են խաղում»:

Չի բացառվում, որ այդ հուշարձանների մի մասը «Գիշերային քաղաքաշինության են զոհ գնացել»։ Իսկ թե ի՞նչ է գիշերային քաղաքաշինությունը՝ պատմում է «Օֆիս զոմբի» բլոգը. – «Շաբաթ օրը ականատես եղա մի սենց տխուր պատմության…Պուշկին 3 շենքի բնակիչները` գիշերային քաղաքաշինության զոհ… շաբաթ առավոտյան/ժամը 6ին!!!!/ եկել են շենքի առջև փոս են փորել… շենքի առջև մի փոքր կանաչապատ տարածք կար.. որը այդ շենքի հանրային օգտագործման տարածքն էր… ահա թե ինչ էր կատարվում շաբաթ օրը։ Դեպքի վայրում ներկա էին նաև բնապահպանության նախարարության տեսուչները, քանի որ վտանգ կար որ կանաչ տարածքի ծառերը հատելու են:  Իրենց խոսքերով հենց իրենք էին կասեցլել փոս փորելու ընթացքը, քանի որ մի շարք փաստաթղթեր այդ կառուցապատողների մոտ բացակայում էին… Երեկոյան զանգեց շենքի բնակիչներից մեկը… ասեց որ նորից շարունակում են փորել… զանգեցինք նույն տեսուչներին, պարզվեց որ բոլորի գնալուց հետո այդ պակասող փաստաթղթերը իրենց ներկայացրել են…/բնականաբար ոչ մեկ չի տեսել…/

ՈՒ քանի նմանատիպ պատմություն կա մեր քաղաքում..? Ու դեռ քանի այսպիսի պատմություն կլինի մեր քաղաքում….»

Վերջում մի կանխատեսում Թեւյանցից՝ դրամ–դոլար փոխարժեքը տատանվում է, բլոգերին առիթ տալով եզրակացնել, որ «[դոլարի] կուրսը կհասնի մինչեւ 420 դրամի»։

«Կամ էլ հայրենասեր օլիգարխների հերթական խաղերն են», – կարծիք է հայտնում Թեւյանցը։

Advertisements