Գարնանային սրացումներ. ճարտարապետությունից որսագողություն, Շվեդիայից մինչեւ թուրքական ջղաձգումներ

Ճարտարապետ ու բլոգեր Շուռը ահազանգ է հնչեցնում. փետրվարի 25-ին կառավարությունը որոշում է կայացրել Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը քանդելու եւ դրա տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Ծայր առած քննարկումների արդյունքում ստորագրահավաք է նախաձեռնվել, Facebook սոցիալական ցանցում ձեւավորվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաhպանության քաղաքացիական նախաձեռնություն, որը ավելի քան 2500 անդամներ ունի, սկսվել է օնլայն ստորագրահավաք՝ որը ներկայացվելու է ՀՀ նախագահին, վարչապետին ու մշակույթի նախագահին։

«Հավատում եմ Մասնագետին, որ կինոթատրոնի ամառային դահլիճը ճարտարապետության գլուխգործոց է։ Ավելին՝ համոզված եմ, որ որևէ կանգուն, ոչ վթարային շինություն քանդել պետք չէ՝ անկախ դրա ճարտարապետական արժեքից։ Հայաստանի Հանրապետությունը շատ սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետություն է։ Հետևաբար ցանկացած գործողություն պիտի այնպես նախագծվի, որպեսզի ծախսերն առավելագույնս նվազեցվեն։ Եղածը քանդելն ու փոխարենը նորը կառուցելն արդեն անիմաստ, ավելի ճիշտ՝ հանցագործ շռայլություն է», – շատ ու շատ բլոգերների կարծիքը ամփոփելով՝ գրում է Ըհաուզքիփերը. – «Ասում են, որ Եկեղեցին պետք է աշխատի ժողովրդի հետ։ Համաձայն եմ։ Բայց Երևանի կենտրոնում արդեն չորս եկեղեցիներ կան։ Արդյո՞ք ավելի տրամաբանական չէ կառուցել եկեղեցիներ, օրինակ՝ Աջափնյակում, Նորքի զանգվածում, Զեյթունում, Էրեբունիում և Երևանի այլ բազմամարդ շրջաններում»։

***

«Որսորդություն Եվրոպայում» կազմակերպությունը այս տարի կրկին հայտարարում է որսորդական սեզոնի բացումը Հայաստանում։ Կազմակերպությունը խոստանում է 14–ից 16 հազար դոլարով կազմակերպել մուֆլոնի եւ բեզոարյան այծի որս մեր երկրում։ Բլոգերն ահազանգում են։

«Այս տարի փաստորեն գները թանկացել են…. ու ինչ, հերթական անգամ էլի անպատիժ պիտի մնան սրանք? Եթե տեղյակ չեք ասեմ, որ մուֆլոնը ու բեզոարյան այծը վտանգված տեսակներ են… », – գրում է mna990 բլոգը։

Հիշեցնենք. այս կազմակերպության մասին հայտնի դարձավ անցած տարի, սակայն այդպես էլ պարզ չէ, ի՞նչ են անում համապատասխան պետական մարմինները ապօրինի որսը կանխելու եւ մեղավորներին պատժելու համար։ mna990 բլոգը դիմել է նաեւ ՄԱԿ–ի համապատասխան մարմին, խնդրելով արձագանքել, եւ սպասում է պատասխանի…

***

Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը անցած շաբաթ նոր լիցք հաղորդեց հայկական ինտերնետ համայնքում չդադարող քննարկումներին, որոնց հիմնական նպատակը աշխարհաքաղաքական դավադրություններն ու Հայաստանի, Թուրքիայի վրա աշխարհի հզորների կողմից գործադրվող ու ենթադրվող ճնշումները բացահայտելն էր։ Ստեղնաշարհի ու մոնիտորի հայկական ասպետները հանդես են գալիս համարձակ կանխատեսումներով, քննարկում ու քննադատում Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը, դատապարտում օտար տերությունների նյութած դավերն ու «ղժժում» Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ջղագրգիռ պահվածքից։

«Ինչպես երեւում է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Մինչեւ ապրիլի 24 ճնշումը աճելու է։ ԱՄՆ–ն չի ճանաչի, բայց նրա դաշնակիցները՝ շատ հնարավոր է։ Ի՞նչ է մնում թուրքերին անելու», – թուրքական կողմի պահվածքը մեկնաբանում է Ինֆերնոարմ բլոգը։

Ուզողը էլ ավելի լավատեսական է տրամադրված. – «Երբ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների պատմությունը նոր էր սկսվում, ինձ ասում էին, որ դրանց պատճառով հիմա արդեն ոչ ոք չի ընդունելու Հայոց ցեղասպանության փաստը։ Մինչդեռ, եկեք ֆիքսենք մի բան՝ որ հայ–թուրքական «պոռնոգրաֆիան» զարգանում է մեզ՝ հայերիս եւ Հայաստանի համար շատ ձեռնտու ուղղությամբ»։

***

Թալինցին օրերս այցելել է Ջավախք եւ իր բլոգում կիսվել թարմ տպավորություններով՝ մասնավորապես խոսելով սահմանային անցակետերի մասին. – «Վրացական կողմը մեծ անցակետ են սարքել, ամեն քայլափոխին տեսախցիկներով, թանկարժեկ սալիկներով սալիկապատված և այլն: Եթե վրացականում հերթ կանգնում էին տաքացվող փակ տարածքում, ապա հայկական կողմում հերթ կանգնողները ձյան տակ էին սպսում/տանիք կար բայց կոտրտված/: Աչք ծակող էր վերաբերմունքը, հայկական մաքսատան աշխատողները այնպես են հետդ խոսում, կարծես փող ես պարտք ու հանկարծ բռնացրել են, իսկ վրացիները շատ շնորհքով էին վերաբերվում»:

Մաքսակետերի նկարագրությունից բլոգերը հեռուն գնացող եզրակացություններ է անում. – «Իմ տպավորությամբ, վրացիները ուզում են պետություն կառուցել, ինչը լավագույնս երևում է պետական սիմվոլների և պետական ծառայության նկետմամբ իրենց վերաբերմունքից: Իսկ հայկական կողմը պետություն կառուցելու և պահպանելու ցանկություն չունի և պետությանը նայում են միայն որպես փող գռփելու գործ և թքած ունի պետության վարկանիշի ու պետական սիմվոլների վրա: Ես նորից ու նորից համոզվում եմ, որ հայերը չեն ուզում պետություն պահպանել»:

***

Ամեն ինչ նորաձեւության մասին՝ Ֆեյշն բլոգը անդրադարձել է Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ «Կարմիր գորգով» ճեմող հոլիվուդյան աստղերի հագուկապին։

«Իմ ամենաչսիրած դերասանուհիներից մեկը՝ Սանդրա Բալոքը, իրա նշանդրեքի Մարչեսա շորով արժանացավ Օսկարի։ Առավոտվանից նայում էի մի քանի փսլնքոտ կանացի ֆորումներ, որտեղ բոլորը հիացմունք են ապրում թե՛ Սանդրայից, թե՛ իրա շորից», – դժգոհում է բլոգի հեղինակը ու ցուցադրում հոլիվուդյան աստղերին՝ ու հավելում. – «Շատ հավանեցի չքնաղ Դայեն Կրյուգերին՝ իր Շանել Հոյթե Կուտյուր զգեստով»։

Diane Kruger in Chanel Haute Couture Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, ու Ֆեյշն բլոգն ապացուցում է հենց դա։ Իսկ բլոգային քննարկումները՝ շարունակվում են։

Advertisements