Բանաձեւ 252

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևը», – գրում է 7օր.am բլոգը։ ասացի 7օր.am՞՞՞՞ – չէ, ի՞նչ եք ասում, մրատի 4–ին, 5–ին,  6–ին բոլորն էին գրում այդ մասին։ Քիչ թե շատ ակտիվ բլոգերի ճնշող մեծամասնությունը, Twitter սոցիալական ցանցն ու Facebook-ի հայկական հատվածը, իրենց խոսքով ասած՝ տժժում էր։

«Միայն հենց նոր,  չաթերի միջոցով իմացա, որ Կոնգրեսն ընդունել է մեր բանաձեւը», – ամերիկյան օրենսդիրների քվեարկությունից ժամեր անց գրում է Սարդ բլոգը. – «Քանի որ մի քանի արձագանքներ հասցրեցի տեսնել, կառաջարկեմ սոցիալական ցանցերում եւ ֆորումներում գրող բոլոր հայերիս այս փաստն ՈՒՌԱ-յով չարձանագրել․․․ Գոնե կարելի է  ՎԵՐՋԱՊԵՍ տարբերակն ընտրել»։

«Կյանքը հայկական սփյուռքում» բլոգն էլ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Կոնգրեսի հանձնաժողովում ներկա էին 97, 98 եւ 105 ամյա ցեղասպանություն վերապրած հայեր։ «Նրանք արդարության են սպասում։ Որքա՞ն երկար նրանք կարող են դեռ սպասել», – հարցնում է բլոգը՝ ողջունելով բանաձեւի ընդունման փաստը։

Ավելի շատ են քննադատական գնահատականները։

«Ի՞նչ տվեց մեզ այս բանաձեւի ընդունումը. Երեվի ոչինչ. Հերթական անգամ Թուրքիան փողեր ծախսեց, հերթական անգամ պրեզիդենտը վետո կդնի եւ հերթական անգամ սփյուռքը կհասկանա, որ խոստում տալն մեկ այլ բան է …»,– գրում է Ֆ5 բլոգը։

«Բարոյական տեսակետից, սա շատ դրական քայլ է», – մեկնաբանում է լրագրող, բլոգեր Մարկ Գրիգորյանը. – «Այն հանարավորություն է տալիս վերականգնել այն հարյուր հազարավոր մարդկանց արժանապատվությունը, ովքեր զոհվեցին լոկ այն պատճառով, որ հայեր էին»։

«Սակայն քաղաքական տեսակետից, վախենամ, այս քայլով վերջ դրվեց հայ–թուրքական հաշտեցմանը։ Իհարկե, այդ հաշտեցում, առանց այն էլ արդեն խցանվել էր, սակայն հույս կար, որ դեռ ինչ–որ բանել կարող է ստացվել։ Աղոտ ու մարող, բայց կար այդ հույսը։ Հիմա արդեն, երեւի հարկ կլինի սպասել մի քանի տարի, որպեսզի ինչ–որ տեղաշարժ արձանագրվի», – շարունակում է փորձառու լրագրողն ու եզրակացնում. – «Հենց այսպես էլ ստացվում է, որ այն, ինչ բարոյական է, քաղաքական տեսակետից բացասական է դառնում»։

Այլ թեմաներից… Պատաֆիզիկուսը ազդարարում է գարնան սկիզբը՝ ու արձանագրում. – «Սպասեցում էինք ձմռան գալուստին, մտածում էին, որ՝ ահա, ուր որ է իսկապես կսկսվի, բայց չէ, արի ու տես, որ ձմեռը գրեթե առանց մինուսային ջերմաստիճանների անցավ»։ Հունվարի սովորականից 10 աստիճանով տաք էր, փետրվարը՝ 4, դեկտեմբերը՝ 6։ Հուսանք, որ գարունը նույնպես տաք կլինի, եւ հանկարծակի սառնամանիքները մեզ չի զրկի կյանքի այնպիսի ուրախությունից, ինչպիսին ծիրանն է՝ հավելում է Պատաֆիզիկուսը։

Մարտիմեկյան իրադարձություններն է հիշել Ռեպորտեր—արմ–ը. – «Լրագրողական կենսագրությանս ամենածանր օրերն են եղել 1999-ի հոկտեմբերի 27-ն ու 2008-ի մարտի 1-ը։ Էտ երկու իրադարձությունների ժամանակ ես, գործընկերներս աշխատել ենք շատ, աշխատել ենք վտանգավոր պայմաններում, աշխատել ենք մեր հնարավորությունների մաքսիմումով եւ դեռ մի բան էլ ավելի։ Ինչ լավ կլիներ, եթե Հայաստանում նման լրագրողական աշխատանքի առիթներ էլ չլինեին»։

Մարտի 1–ի զոհերին շատերն են հիշել, իսկ ընդդիմության հանրահավաքի մասին հիմնականում գրում են՝ բավական շատ մարդ կար, բայց միտինգավորների մեջ չկար նախկին ոգեւորությունը։

Դե, իսկ մարտի 8–ին բլոգերում գերիշխում էր տոնական տրամադրությունը՝ խորհուրդներ այն մասին, թե ինչպե՞ս կարելի է սիրելի կնոջ համար տորթ պատրաստել, խոհանոցում հնարավորինս քիչ ավերախություններ պատճառելով, եւ որտեղից գնել տոնական ծաղիկները…