Տեղեկատվական պատերազմն ու խաղաղությունը բլոգոսֆերայում

Հայկական բլոգերը անցած շաբաթ խառն էին, շատ խառը… ամենաակտիվ բլոգերից շատերը լծվել էին «ազգային–ազատագրական» պայքարի ծանր գործին եւ ֆիդայիններին արժանի համառությամբ, ստեղնաշարը զենք դարձրած՝ հերոսական դիմադրություն էին ցույց տալիս Խոջալուի իրադարձությունների շուրջ Ադրբեջանի նախաձեռնված տեղեկատվական–պատերազմական գործողություններին։

Մշեցին նույնիսկ այնքան է ոգեւորվել, որ հրապարակել է իր անխընտրած Մեթալ սթորմ զինատեսակի մասին պատմող տեսանյութեր…

Անցնելով հակահարձակման՝ հայ բլոգերները գովազդում են հայկական նախաձեռնությամբ ստեղծված http://www.xocali.net/ կայքը՝ որտեղ մի շարք լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն, կարելի է ծանոթանալ Խոջալուի վերաբերյալ հայկական կողմի ներկայացրած փաստագրական եւ քարոզչական նյութերին։

AndranikOzanian.jpgՊատերազմական թոհուբոհի մեջ՝ Կորնելիյ Գլասը հիշել է, որ փետրվարի 25–ը Զորավար Անդրանիկի՝ զորահրամանատար և Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145–ամյակն է, ու այդ առիթով պատմում է իր մանկական հուշերից մեկը։

Դաշտերում էինք՝ Գյումրիից ոչ հեռու։ Կոնրետ չեմ էլ հիշում դա որտեղ էր՝ փոքր էի։ Մեկ էլ մի տղամարդ ասում է՝ տեսնում եք այս քարերը. դաշտում մեծ կլոր քարեր կային շարված։ Այդ քարերը անձամբ Անդրանիկն է շարել՝ մարտից առաջ իր զինվորներին բացատրում էր կռվի պլանը, զորքերի դասավորությունը, պատմում է տղամարդը։ Մինչեւ հիմա էլ դրանց ոչ ոք ձեռք չի տալիս։

Շաբաթը եզրափակվեց Սումգայիթի հայկական ջարդերի թեմայով։ «ՍՈՒՄԳԱԻԹ… Խոսելը դժվար է, լռելն` ավելի», – գրում է Խլուրդը։

Դոբավոգը մեկնաբանում է. – «1988։ Հայերի կոտորած եւ մասսայական սպանություններ Ադրբեջանական ՍՍՀ–ի Սումգայիթ քաղաքում։ Հիշում եմ՝ ինչպես այսօր։ Սարսափելի օրեր էին։ ԱՅՆՏԵՂԻՑ եկած մարդկանց աչքերն եմ հիշում, հիշում եմ նրանց պատմածները… Այդ ժամանակ ես առաջին անգամ գիտակցեցի, որ սարսափները միայն գրքերում չէ, որ լինում են։ Դա իսկապես սարսափելի էր»։

Արցախյան թեման եզրափակում է «Ազատության քաղաք» բլոգը. ղարաբաղցի Քրիստը հրապարակել է «ղարաբաղյան արտահայտություններ»՝ գրական հայերեն մեկնաբանություններով, որ ազգը սովորի, զարգանա… օրինակ. Տափփը ճղում չի է — գետինը չի պատռում, այսինքն` չի էլ ամաչում; Ռըխը զըռ, փոխկը ճոթրած-բերանը մեծ, գրպանը ծակ; Քյուլվիս տու — թարգմանվում է կարճ` իաաաաաա, դու էիր պակաս, զարգանաս դու։

Գազի գների թանկացումը գրեթե անարձագանք մնաց հայկական բլոգերում։ Փոխարենը բլոգերին մտահոգել է Երեւանի քաղաքապետարանի որոշումը այն մասին, որ տնային կենդանիների պահող քաղաքացիները այսուհետեւ տարեկան 5000–ական դրամ պետական տուրք են մուծելու։ Ռադիովան ռադիոկայանի բլոգում հետաքրքրիր քննարկում է ծավալվել։ Քաղաքացիներն անհանգստացած են. եթե, ասենք, կատուների ու շների հարցը պարզ է, ապա օրինակ ակվարիումային ձկների հարցում լուրջ խնդիրներ են առաջանում, գրում են նրանք։ Ոմանք հիշատակում են նաեւ տանը բնակվող մկների, ճանճերի, մոծակների, ոջիլների ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների մասին։ Հիմա ի՞նչ, ամեն ճանճի համար 5000 դրա՞մ, իսկ ակվարիումային ձկների դեպքում՝ ակվարիումը ամբողջությամբ 5000, թե՞ ամեն ձկնիկը… Արորդին էլ կարգին ջղայնացել է. – «Խոստանում եմ գնալ այդ ախմախ օրենքի հետքերով։ Ես դրա հեղինակներին ցույց կտամ», – գրում է նա։

Բնապահպանական բլոգերը շարունակում են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ծավալած պայքարը։ Նրանք պնդում են, որ հանքավայրից սպասվող եկամուտները չեն փոխահատուցելու այն վնասները, որոնք այստեղ սպասվում են մեծածավալ ծառահատումների հետեւանքով։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ հայտնի սփյուռքահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի նախկին ոկալիստ Սերժ Թանկյանը նամակով աջակցություն է հայտնել Թեղուտի շարժմանը, գրելով. – «Հանքարդունահանումը մեր՝ որպես ժողովրդի եւ ազգի միացյալ շահերին դեմ է», եւ խոստացել է իր երգերից որեւէ մեկը տրամադրել բնապահպաններին՝ քարոզչական նպատակներով օգտագործելու համար։

Եվ վերջում՝ հերթական սենսացիոն լուրը Ամրքոմեդի բլոգից. – «Երկուշաբթի հաստատվեց վերջին ամիսներին շրջանառվող լուրը` Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարեց հայ երգիծաբան Հովիկին որդեգրելու մտադրությունը:  Անհավանական թվացող գործարքը նախատեսվում է իրականացնել  արդեն մարտի վերջում»:

Հիշեցնենք, որ հումորիստը հանդիսանում  է հայ հեռուստաեթերի առավել համով կերպարներից մեկը և արդեն վաղուց է արթնացնում միայնակ ընտանիքների հետաքրքրությունը: Հովիկը, սակայն, բավական բացասական արտահայտվեց Ջոլի-Պիտ զույգի նախաձեռնության վերաբերյալ:

“Ինձ ջղայնացնում է նման անտակտությունը.. Ինչ է նշանակում` որդեգրենք Հովիկին? Ես 30 տարեկան մարդ եմ, ընտանիք ունեմ, ի վերջո հազար ու մի հեռուստածրագրի մեջ եմ: Ինչու ինձ պետք է ԱՄՆ-ից ինչ-որ մեկը գա և որդեգրի?,” կիսվեց Հովիկը լրագրողների հետ: “Չե դուք պատկերացրեք աբսուրդության աստիճանը` ինձ` եքա 30 տարեկան մարդուն, գան ու որդեգրեն? Մարդու ծիծաղն է գալիս նույնիսկ”, հավելեց նա:

Հովիկի կողքին կանգնեցին ազգայնական ուժերը` Դաշնակների գլխավորությամբ: Դաշնակների խոսքով “մեր ազգին վայել չէ հանձնել օտարներին մեր երեխաներին: Վստահ ենք, որ կգտնվեն բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք մեծ ցանկություն կհայտնեն որդեգրելու Հովիկին”, ասված էր ՀՅԴ մամլո հաղորդագրության մեջ:

Հովիկի գործընկեր և հայտնի հաղորդավար Մենչը ևս համաձայնվեց հանձնաժողովի եզրակացության հետ` “Այո, ինձ երևի ամենադժվարը կլինի հրաժեշտ տալ Հովիկին, սակայն ես կարծում եմ նրա ապագայի համար ավելի լավ կլինի ամերիկյան ընտանիքի կողմից որդեգրումը.. Գուցե նա հիմա դա չգիտակցի, բայց երբ մեծանա, վստահ եմ շնորհակալ կլինի մեզ:”