Եվրատեսիլային Եվրակրքեր

IMG_2733-

Եվրատեսիլյան կրքերը հայկական բլոգերում ու սոցիալական ցանցերում մոլեգնում են արդեն 3-4 շաբաթ։ Սեփական բլոգերն են բացել Էմմին եւ Եվա Ռիվասը, երկու կողմերի երկրպագուները իսկական պատերազմական գործողություններ են մղում Ֆեյսբուկ սոցիալական ցանցում։

Ամրքոմեդի բլոգի հաշվարկներով, «Եվրատեսիլի հետ կապված քննարկումների արդյունքում հիվանդանոցներ են տեղափոխվել 419 մարդ», իսկ «հիվանդներից մեկը՝ ոմն Միքայել Զ., կարճ հարցազրույցում նշեց՝ «Եթե մեկն էլ մոտս տա Եվրատեսիլի, Ռիվասի, կամ Էմմիի անունը, ես խոստանում եմ նրա աչքը միացրած պայալնիկ մտցնել»:

«SMS-ների ճնշող մեծամասնությամբ ժամանակավոր հայրենադարձ երգչուհի Եվա Ռիվասը ստացավ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք: Հնարավոր չէ հարգանքի տուրք չմատուցել այդ տաղանդաշատ երգչուհուն և չընդունել, որ Ռիվասը իրոք շատ գեղեցիկ ոտքեր ունի: Բացի գեղեցիկ ոտքերից Ռիվասը ունի նաև գեղեցիկ ատամներ, մազեր, քիթ, աչքեր… «Ես իրոք շատ վաղուց էի երազում Հայաստանը ներկայացնել այդ մրցույթում, մոտ երեք-չորս շաբաթ է, ինչ երազում էի», – գրում է բլոգն ու կատակախառն հավելում. — «ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, որոշակի խախտումներ տեղի ունեցել են SMS-ներ ուղարկելու գործընթացում, սակայն քվեարկությունը հիմնականում համապատասխանել է եվրոպական չափանիշներին»:

***

Վանկուվերում 4-ն են

Ընդհանրապես, Եվրատեսիլի մասին գրում էին բոլորը՝ նրանք ովքեր չէին ալարում, եւ նույնիսկ նրանք, ովքեր ալարում էին։ Իսկ այ փետրվարյան մյուս նշանակալի իրադարձության՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի մասին, բլոգերները հիմնականում ալարում էին գրել։ Մեր մեջ ասած՝ գրելու բան էլ չկար։

«Հայաստանը Վանկուվերում ներկայացված է 4 սպորտսմենով», – գրում է Ռեպորտեր-Արմ բլոգը եւ հիշեցնում. — «Դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյան եւ Քրիստինե Խաչատրյան, լեռնադահուկորդներ Արսեն ներսիսյան եւ Անի Սերերբրակյան։ Նրանցից մեծ սպասելիքներ, բնականաբար, չկան։ Ոնց որ ասում են՝ Օլիմպիադայում կարեւորը մասնակցությունն է։ Այս դեպքում հաստատ։ Հաջողություն իրենց»։

***

Թուրքիայում Վանկուվերից շատ են՝ 12,000

Լրագրող, բլոգեր Մարկ Գրիգորյանը հրապարակել է վերջերս իրականացված մի հետազոտության արդյունքները, որի համաձայն Թուրքիայում ապրող եւ աշխատող հայաստանցիների քանակը չի անցնում 12-13 հազարից։ Նույն թեմային է անդրադարձե նաեւ 7օր բլոգը. — «Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիների 96%-ը կանայք են, 4%-ը՝ տղամարդիկ։ Իսկ դրա պատաճառն այն է, որ Թուրքիայում կանանց համար ավելի շատ աշխատանք կա։ Կանանց 72%-ը աշխատում է որպես տուն մաքրող, 18%-ը՝ հիվանդապահ, 6%-ը՝ վաճառող, 4%-ը` այլ ոլորտներում։ Նրանք ամսական վաստակում են 500-1000 ԱՄՆ դոլար։ Իսկ տղամարդիկ հիմնականում զբաղված են կոշկակարությամբ կամ ոսկերչությամբ»։

Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ իրենց երկրում ապօրինի բնակվում են 60-ից մինչեւ 100 հազար հայաստանցիներ, եւ սպառնացել, որ կարող են նրանց արտաքսել Թուրքիայից, եթե Հայաստանը չդադարեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը։

Թերեւս այս մասին է հիշել բլոգային այս գրառումները մեկնաբանողներից մեկը, ով գրել է. — «սրանք ոչ թէ ապօրինի ապրողների թիվ են ասում, այլ մեզ հասկացնում են Թուրքիայի հայ պատանդների թիվը»։

***

Թոխատյանը կասեր՝ բալիկ ջան, մի քիչ էլ մտածեք վաղվա օրվա մասին

Հայերի, գլոբալիզացիայի, ազգապահպանության եւ հայ լինելու մասին է գրել Ըհաուզքիփըր բլոգը. — «Արդյո՞ք Հայաստանում այսօր «մշակութային կապիտալի» ավելացնման ու արդեն եղած ժառանգությունը պահպանելու հնարավորություն կա։ Վերջին 70-80 տարիների ընթացքում արդյո՞ք հայտնվել են նոր ժողովրդական երգեր, պարեր, բանահյուսություն, խաղեր։ Ծնունդները նշելուց «Happy birthday» ենք երգում, հարսանիքներին հնչում է Մենդելսոնի քայլերգը… Օրինակ՝ երեխային ինստիտուտ ուղարկելու երգ չկա, գործի ընդունվելու պար՝ նույնպես չկա :)», – գրում է բլոգերն ու հավելում. «Ես չեմ տեսնում, որ բակերում երեխաները նույնիսկ մեր ժամանակվա խաղերից խաղան, էլ չեմ ասում չլիկ-դաստա, հոլ կամ հավալա։ Հին խաղերը մոռացվում են, նորերը՝ չեն ստեղծվում։ Երբ էլ բակում երեխեք եմ տեսնում, իրենց բջջային հեռախոսներով են զբաղված։ Հազարից մեկ՝ ֆուտբոլ կամ վոլեյբոլ են խաղում»։

«Լավ, բա ի՞նչ անենք, որ հայ մնանք։ Ի՞նչ անենք, որ երեք հազարամյակների ժառանգությունը շռայլ ու անուղեղ լակոտի նման քամուն չտանք, բայց միևնույն ժամանակ էլ չփտացնենք։ Հը՞», – հարցրել է բլոգն ու ստացել պատասխաններ, առավել հաճախ ռուսերենով։ Ըհաուզքիփրը դժգոհում է ռուսալեզու արձագանքներից, հետո պարզաբանում. — «Ես չեմ մեղադրում, մուննաթ գալիս կամ փորձում իմ կարծիքը որևէ մեկի վզին փաթաթել։ Ուղղակի փաստն եմ արձանագրում»։

***

Բա ծառերը, ծառերը…

Օֆֆիս զոմբի բլոգին հայ մշակույթից առավել մտահոգում է Հայաստանի բնությունը։ Բլոգերը դեռ նախորդ տարի հարցում էր կատարել Բնապահպանության նախարարություն, եւ վերջապես ստացել է Հայաստանում 2009 թվականի ընթացքում ապօրինի հատված ծառերի քանակը։ Ըստ այդմ՝ Երեւանում հատվել է 5 ծառ, Արագածոտնի մարզում՝ 10-ը, Լոռու մարզում 168, իսկ Տավուշում՝ բոլորից շատ՝ 668 ծառ։ /Ինձ առավել զարմացրեց Շիրակի մարզը՝ այստեղ հատվել է 40 ծառ։ Որտեղի՞ց են Շիրակի մարզում այդքան ծառ գտել, որ հատեն, չեմ հասկանում/։

Ծառահատումները, փաստորեն, անպատիժ չեն մնացել. — «241 անձ ենթարկվել են վարչական պատասխանատվության [տուգանվե] 14.0 մլն.դր գումարով և 298 անձի նկատմամբ կազմվել է բնությանը պատճառված վնասի 112.8մլն դրամ ընդհանուր գումարով արձանագրություններ»:

***

Էրոտիկա ու դաժանություն

Ազգային ժողովում շրջանառության մեջ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի մասին է գրել «Մեկ այլ ես» բլոգը։ Օրենքը, որոշակի սահմանափակումներ է մտցնում էրոտի բնույթի, ինչպես նաեւ սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հաղորդումների, ֆիլմերի նկատմամբ։ Օրենքի մի շարք ձեւակեպումներ «Մեկ այլ ես»-ին կարգին ուրախացրել են։ Օրինակ, նախատեսվում է սահմանափակուներ մտցնել, եթե ցուցադրվող նյութը պարունակում է «Ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն»: — «Սա որն ա՞», – հարցնում է բլոգը ու տեղնուտեղը պատասխանում. — «Գնացի մարդի, ունեցա որդի» — խնդրեմ, սեռական գործողությունների ոչ մանրամասնեցված նկարագրություն: Մնաս բարով Կիկոս:»

Օրենքի մեկ այլ ձեւակերպումը՝ «մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց» վերաբերյալ, բլոգի կարծիքով վերաբերում է «ԱԼՄ» հեռուստատեսության հայտնի Տիգրան Կաարապետիչին, ով, ինչպես գրում է հեղինակը. — «Առանձնակի դաժանությամբ եթերից դուրս չի գալիս»:

Օգտագործված հղումներ 

Եվրատեսիլ

http://armcomedy.com/2010/02/17/eurovision/

http://emmyofficial.livejournal.com/

http://eva-rivas.livejournal.com/

http://www.facebook.com/evarivas2010

http://www.facebook.com/pages/Emmy/153888513209?ref=share

Օլիմպիական

http://reporter-arm.livejournal.com/61288.html

Թուրքիայի հայեր

http://markgrigorian.livejournal.com/474185.html

http://www.7or.am/blog/?p=2251

Հայ մշակույթ

http://ahousekeeper.livejournal.com/663881.html

Ապօրինի ծառահատումներ

http://mna990.livejournal.com/101676.html

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենք

http://mekayles.livejournal.com/9495.html