«Ինտերակտիվ» վարչապետը եւ բոլորը, բոլորը

00001ed9

Բլոգ. դեռ մեկ տարի առաջ անհայտ եւ օտարոտի այս բառն այսօր բոլորի շուրթերին է։ Նոր սկսվող տարվա խոշոր բլոգային իրադարձությունը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մուտքն է հայկական բլոգ համայնք։ Վարչապետն այսուհետ «ինտերակտիվ» է։

Բլոգը, կամ ինտերնետային օրագիրը, դա պաբերաբար թարմացվող էջ է համացանցում, որը վարողը, ասես հրապարակային օրագրում, շարադրում է իր մտքերը առանձին գրառումների՝ բլոգ-պոստերի տեսքով, իսկ նրա էջն այցելողները հնարավորություն են ստանում մեկնաբանել, հարցեր ուղղել բլոգը վարողին եւ մասնակցել քննարկումների։

«Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները», – սեփական բլոգը ստեղծելու շարժառիթը մեկնաբանել է Տիգրան Սարգսյանը՝ անցավ գլուխը դնելով բլոգացավի տակ։ — «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ: Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»:

Այն էլ ինչպիսի՜ ուշադրություն։ Վարչապետի առաջին գրառմանը 280-ից ավելի արձագանք է ստացվել. ողջույնի խոսքեր, վարչապետին ուղղված հարցեր, քննադատություններ եւ նույնիսկ ամբողջական խոհափիլիսոփայական տրակտատներ… Տիգրան Սարգսյանին հարցեր են տվել ե՛ւ ճանաչված բլոգերները, ե՛ւ հասարակ ու անհասցե մեկնաբանություններ թողած բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Եվ դա զարմանալի չէ՝ կառավարության ղեկավարի հետ հաղորդակցվելու համար ընդամենը անհրաժեշտ է այցելել http://tigransargsyan.livejournal.com.

Բլոգի այցելուների ոգեւորությունն ավելի աճեց, երբ վարչապետը, երկու օր լռելուց հետո, սկսեց արձագանքել ստացված հարցերին։ Վարչապետի պատասխանները շուրջ 2 հարյուր հարցերին հակիրճ էին։ Երբ 2-3 էջ ծավալով այդպիսի հարցերից մեկին վարչապետը արձագանքեց՝ «ախպո՜ր պես», բլոգերներից շատերի ոգեւորությունը փոխվեց իսկական հռհռոցի։

«Վարչապետը սպանում է», – գրում է ամենաազդեցիկ բլոգերներից մեկը՝ Կոռնելիյ Գլասը, հավանության արժանացնելով, իր խոսքով, երկար-բարակ ու ձանձրալի հարցին տրված սրամիտ պատասխանը։

«Առաջին օրը Կենդանի մատրյանում /Livejournal/, եւ արդեն բացո՜ւմ է», – մեկնաբանում է Անգել_Խիլիգանը։ — «Բլոգեր ծնվում են», – եզրակացնում է նա։

Մյուս բլոգերների հիացմունքը չի կիսում Արտաշես Բոյաջյանը՝ վարչապետի լակոնիկ պատասխաններին հետեւած ուրախությունը մեկնաբանելով որպես «բարոյական պնդաճակատության» նշան։

Այս ամբողջ ուրախ քաշքշուկից բացի, Տիգրան Սարգսյանի բլոգում իրականում արծարծվեցին լուրջ հարցեր։ Առավել հաճախ շրջանառվող այդպիսի հարցերից մեկը Պետեկամուտների կոմիտեի կողմից ամանորի առթիվ ծախսված մոտ 100 միլիոն դրամի վերաբերյալ բարձրացած հանրային դժգոհությունն էր։ Բլոգում բարձրացված հարցերին հետեւեց կառավարության նիստում Տիգրան Սարգսյանի առաջարկած փոփոխությունը՝ «ՀՀ պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Վարչապետի բլոգի այցելուները վստահ են՝ սա իրենց ջանքերի արդյունքն է։ Բլոգերները սկսել ինքնակազմակերպվել, ստեղծել են հատուկ ինտերնետային քննարկումների համայնք՝ բլոգի միջոցով առավել հրատապ խնդիրները վարչապետի ուշադրության ներկայացնելու նպատակով։

Բաքվի ջարդերը

Անցած ամիս առավել քննարկված թեմաներից մեկը 1990 թվականի հունվարին Բաքվի հայկական ջարդերն էին, որին, տարբեր հաշվարկներով, զոհ գնացին մի քանի տասնյակից մինչեւ 300 հայեր, ավելի քան 200 հազարը արտաքսվեցին սեփական ծննդավայրից։

Բլոգերներից շատերը գերադասել են երկու-երեք բառով ու հակիրճ մեկնաբանությամբ հիշել տխուր տարեթիվը, գրառումների տակ ավելացնելով «ցեղասպանոթյուն» մակագրությունը՝ այդկերպ արտահայտելով վերաբերմունքը կատարվածի հանդեպ։ Բլեգեր Նոնի-Նո-ն, արձանագրել է, որ հունվարի 13-ի «Հին նոր տարվա» գիշերը տեղի է ունեցել «աննորմալ հրավառություն»։

«Արդյ՞ոք այսպես կոչված հին նոր տարին էդքան նշանակալից տոն է, որի խաթր էդքան ճոխ քեֆուրախություն պիտի կազմակերպվի…», — դժգոհում է բլոգերը՝ հարցնելով. — «Մշտական ճգնաժամի, սոցիալական անարադարությունների մեջ թաղված ու, մեղա՜յ-մեղա՜յ, կասկածելի ապագայով Հայաստանի Հանրապետությունը ինչի՞ վրա է ուրախանում։ Նրա, որ երեկ Բաքվի ջարդերի 20ամյա՞կն էր, որ թշվառ ու սոված ընտանիքների թիվը գնալով աճու՞մ է, որ Լավրո՞վն էր եկել Երևան, թե՞ որ թորքն էր գնացել Մոսկվա… »։

Ռոբերտ Քոչարյանի իրանական անիրական հանդիպումները

Հայկական ինտերնետում սենսացիոն քննարկումների ալիք առաջացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Իրան։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախկին նախագահը հանդիպել էր Իրանի արտգործնախարարի եւ նախագահ Ահմադինեջադի հետ։

«Տեսնես ինչու՞ է ակտիվացել Ռոբերտ Քոչարյանը», — գրում է Ռեպորտեր_արմը. — «Քոչարյանը Իրանում քննարկում է հայ-իրանական հարաբերությունները, խոսում է օտար պետությունների վնասակար դեղատոմսերից… Ոնց են ասու՞մ- «Էտը ժժժժժժժ նե սպրոստա»

Բլոգերում, ֆորումներում, Ֆեյսբուկ սոցիալական ցանցում անմիջապես հայտնվեցին մարդիկ, ովքեր եզրակացրեցին՝ սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին վերադառնում է քաղաքականություն։

«Ինչքան շատ լինի Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, այնքան ես հանգիստ կզգամ Ղարաբաղի ազատագրված տարածքների եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար», — գրում է Փիղը. — «Համ էլ Տեր-Պետրոսյանն ու իր հհշ-ականները քիչ կերեւան։ Ես նրա օգտին կքվեարկեի, եթե իհարկե մասնակցեր ընտրություններին», — հավելում է նա։

Արմեն Աղայանը զարմանում է՝ «Այս ինչ նոր իրարանցում է: Տեսեք, Քոչարյանը Թեհրան է գնացել: Քաղաքականություն է վերադառնում: Ուռռռաաաաա՛։ Չեմ հասկանում, Հայաստանում ուրիշ մարդ չկա՞: Հայ ժողովրդի արգանդը ցամաքել է՞: Ի դեպ, Քոչարյանի վերադարձով ոգևորվողները ոչինչով չեն տարբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով ոգևորվածներից: Նրանց վաղվա հիասթափությունն էլ քիչ է տարբերվելու լևոնականների այսօրվա հիասթափությունից»:

Քննարկումները, սակայն, կարճ տեւեցին։ «Քոչարյանի ակտիվության պաշտոնական բացատրությունը», — գրառմամբ Ռեփորտեր_արմ-ը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարությունը իրանյան այցի մասին. — «Ամբողջ այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել, ինչպես նաեւ նշված հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել։ Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյունք է», — հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Սահմանադրական դատարանն ու ամերիկյան կլիզման

clip_image002Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ Սահմանադրությանը չհակասող ճանաչեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ — թուրքական արձանագրությունները, սակայն միաժամանակ ընդգծեց, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրին, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Հայաստանի ՍԴ-ի որոշման շուրջ Թուրքիաի արտգործնախարարության բ արձրացրած աղմուկին հետեւեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի արձագանքը. — «Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից»։ Թեվյանցն այս առիթվ մի ուշագրավ ծաղրանկար է հրապարակել։

«Ավատարի ֆենոմենը»

Հունվարի սկզբին Ջեյմս Կեմերոնի եռաչափ գրաֆիկական պատկերներով հագեցած գիտաֆանտաստիկ մարտաֆիլմը հասավ մեր քաղաք։ Բլոգերներից շատերն հասցրել են առաջինը դիտել ֆիլմը։ Կարծիքները հիմնականում դրական են, թեեւ LiveJournal-ում ամենահայտնի բլոգերներից Փիղը, բողոքում է. — «Ֆիլմն, իհարկե, ահավոր էր։ Վաղուց է, որ ինձ ոչ-ոքայդպես չէր խանգարել հանգիստ քնել կինոդահլիճում»։ «Այդպես մերոնք գնացին Պանդորա մոլորակ՝ խոպան», — ֆիլմի սյուժեն ընդհանրացնում է բլոգերը։

Առաջին ձյունը

Դե իսկ ինտերնետային ֆորումների, բլոգերի քննարկումներին նվիրված հաղորդման այս հատվածն ավարտում ենք եղանակի տեսությամբ՝ հունվարի 25-ին Երեւանում վերջապես տեղած այնքան սպասված առաջին ձյունը։ Ձյունը տարօրինակ էր՝ այն խիստ ուշացած էր, եւ դեռ մի բան էլ՝ ուղեկցվում էր ամպրոպով։ Հայկական բլոգ համայնքում հիմնական արձագանքը՝ զարմանքն էր. — «Այ քեզ ձյուն»։

Իսկ Դիտորդ բլոգը նկատել է մի անսովոր փաստ. — «Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ առաջին ձյունը քաղաքային իշխանություններին անակնկալի չբերեց։ Առավոտյան, երեխային դպրոց տանելիս նկատեցի, որ ոչ միայն փողոցները, այլեւ նույնիսկ մայթերը լիովին անցանելի էին։ Ես տպավորված եմ։ Նախորդ բոլոր տարիները պատկերը լիովին այլ էր», — գրում է բլոգը։