Ի՞նչու ԱՄՆ-ի Սենատ ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական բանաձեւը

image Հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում երկու հայամետ օրենսդիրներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ։ Ավելի վաղ նմանօրինակ բանաձեւ էր ներկայացվել նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։

Որպեսզի ներկայացված բանաձեւերից որեւէ մեկը օրենք դառնա, այն պետք է անցնի բավականին երկար եւ բարդ գործընթաց, ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում՝ ե՛ւ Սենատում, ե՛ւ Ներկայացուցիչների պալատում, որից հետո ԱՄՆ-ի նախագահը պետք է վավերացնի այն իր ստորագրությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ներկա վարչախումբը, մասնավորապես, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեծ ջանքեր են գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանն հասնելու համար, վերոհիշյալ բանաձեւերը հազիվ թե հասնեն նախագահ Օբամայի սեղանին՝ ստորագրելու համար։ Մյուս կողմից էլ, սակայն, ԱՄՆ-ն կարող է բանաձեւերն օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշման նոր միջոց։

Հատկանշական է այն փաստը, որ բանաձեւը Սենատ ներկայացվեց հենց այն օրը, երբ Թուրքիայի խորհրդարանում սկսվեցին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումները։

Այսպիսի պայմաններում հարց է առաջանում. ինչո՞ւ Սենատում այս բանաձեւը ներկայացվեց հենց հիմա, եւ ի՞նչպիսի ազդեցություն կունենա բանաձեւի ներկայացումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վրա՝ կնպաստի՞, թե՞ կխոչնդոտի…

Այս հոդվածի նախնական տարբերակը տեղադրված է Ազատություն» ռադիոկայանի բլոգում։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունները թողնել այնտեղ։