Ստամբուլ, Երեւան ու մի քիչ քաղաքականություն

Ես սիրում եմ Ստամբուլը։ Այնտեղ ինձ մի տեսակ հարազատ եմ զգում։ Զգում եմ, որ այստեղ ամեն տան, քարի, փողոցի վրա հայի աշխատանքի ու տաղանդի դրոշմը կա։ Եվրոպայի ու Ասիայի զարմանահրաշ խառնուրդ է այդ քաղաքը. ակամա հարգանքով ես լցվում այն ազգերի հանդեպ, ովքեր հիմնել ու շենացրել են այդ քաղաքը։ Հարգանքով ես լցվում նաեւ թուրքերի հանդեպ, քանի որ հասկացել են՝ սա իրենց խելքի բանը չէ, եւ չեն քանդել Կոստանդնուպոլսի հազարամյա պատերի մնացորդները, հայկական եկեղեցիները… բայց նույն Ստամբուլում փողոցներ կան, ուր մտնելիս վախից փշաքաղվում ես, զգում ես քեզ թշնամական «տերիտորիայում»։

Սիրում եմ նաեւ Երեւանը։ Շատ եմ սիրում, աշխարհի բոլոր քաղաքներից, նույնիսկ Գյումրիից առավել, թեեւ հայ ազգի նկատմամբ առանձնապես հարգանք զգալ չի լինում այստեղ՝ քանդել են ինչ պատահի, սարքել-շինել են ոնց պատահի։ Լսել եմ բազմաթիվ քանդված մզկիթների մասին. ճիշտ է, թե սուտ՝ չգիտեմ։ Երեւանում էլ փողոցներ կան. Մաշտոց, Աբովյան, ուր մտնելիս վախից փշաքաղվում ես, զգում ես քեզ թշնամական «տերիտորիայում», հատկապես եթե հետիտն փորձում ես փողոց անցնել։

Չգիտեմ, ինձ թվում է՝ իրար արժենք։ Իրար կողքի ապրել ենք, ապրելու ենք, եւ հուսամ, երբեւէ մի քիչ կզարգանանք ու կքաղաքակրթվենք։ Այս արձանագրություններն էլ փորձ էին քաղաքակիրթ աշխարհին Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքակրթվածության «տնազներ» ցույց տալ, բայց Ցյուրիխյան դադարը, Էրդողանի դուրս տված էշ, էշ հայտարարությունները եւ Սերժ Սարգսյանի նախացյուրիխյան ուղերձը միայն ապացուցեցին, որ արձանագրությունների եվրոպական ֆասադի տակ միայն ասիական ցինիզմն է, ուրիշ ոչինչ։