Նոթեր հայկական բլոգոսֆերայից

Հայկական բլոգերը այս շաբաթ քննարկում էին բոլորին հետաքրքրող թեմաները՝ հուզումներն Իրանում, համաներումը, «Որոգայթ» հեռուստասերիալի 2 դերակատարների մահը՝ ավտովթարի հետուանքով, Սահակաշվիլիի այցի հետ կապված ցույցը։ Ընդ որում, ի տարբերություն ավանդական լրատվամիջոցների՝ բլոգերները բոլորովին կաշկանդված չէին իրենց գնահատականներում։

Շաբաթասկզբին Իրանահայ լրագրող եւ բլոգեր Արթին Առաքելյանը, հրապարակելով Թեհրանում տեղի ունեցող ցույցերի լուսանկարներ, գրում է.

«Արդեն մեկ շաբաթ է ինչ Թեհրանը հանգիստ չունի եւ նախագահական թեկնածու Միր Հուսեյն Մուսավիի հովանավորները ամբողջ քաղաքը իրենց լուծի տակ են առնում: Այս պահին ոչ մի կանխատեսում հնարավոր չի, պիտի սպասենք եւ տեսնենք թե դեպքերը ինչպես են զարգանալու»։

Կոռնելիյգլասը գրում է.

«Ինձ թվում է, որ պայքարը անիմաստության փուլի մեջ է մտնում։ Խռովությունների առաջնորդներ չկան։ Մուսավին կամ Ռաֆսանջանին ռադիկալ քայլեր ձեռնարկելու ունակ չեն՝ իրենք նույնպես հանդիսանալով համակարգի մի մասը»։

Գործնական ուղեւորությամբ Կապան մեկնած Փիղը հանդիպել է 12 իրանցի բեռնատարների վարորդների հետ։ Բլոգերը գրում է.

«12-ից 10-ը աջակցում էին Ահմադիին։ Նրանցից 3-ը ադրբեջանցիներ էին եւ բավական տանելի խոսում էին հայերեն, եւ, ի զարմանս ինձ, նույնպես քվեարկել էին Ահմադիի օգտին։ Պարզվում է այնտեղ բոլորովին չեն սիրում Ռաֆսանջանիին (նախկին նախագահին, ով նաեւ օլիգարխ է) եւ Միացյալ Նահանգներին։ Մուսավիին որպես քաղաքական գործիչ չեն ընկալում եւ ընդունում են որպես Ռաֆսանջանիի կցորդ։ Ահմադիի մասին ասում էին, որ նա «մերոնցական տղա է», առանց ավելորդությունների ու արիստոկրատական բզիկների»։

Ինֆերնոարմը անդրադարձել է համաներման թեմային.

«Կարծես թե բոլորին բաց են թողնում, բացի երկուսից՝ Սասուն Միքայելյանից եւ Հարություն Ուռուտյանից։ Քանի որ ես չեմ հավատում, թե Սերժը բարեսրտությանը եւ մտքի աշխատանքի, ենթադրում է, որ պարզապես մեր չտեսնված ԳերագույնԿոմիտեն վառոդի հոտ է առել»։

Բեկայզան ավելորդությունների ժամանակ չունի։ Անդրադառնալով Հայաստանում հայտարարված համաներման շուրջ զարգացումներին, բլոգը գրում է.

«Մենք բոլորս բանտարկյալներ ենք, քանի դեռ բոլորս ազատ չենք։ Ազատություն բոլորին։ Մենք կպայքարենք, մինչեւ վերջին քաղբանտարկյալն ազատ արձակվի»։

Գեւորգյանը նույնպես անդրադարձել է համաներման գործընթացին, կարծիք հայտնելով, որ տարաբնույթ քննարկումների արդյունքում «երևույթի հիմնական իմաստը՝ այն է՝ հանդուրժողականությունը՝ բառիս ամենալայն իմաստով, ակամա դուրս է մնում մեր տեսադաշտից»։

«Այնքան ժամանակ, քանի դեռ մեզ մատուցվող մեր իսկ պատմությունը կեղծ է, ու հեքիաթներով ու հնարանքներով լցված, քանի դեռ այն ծառայում է ոչ թե մեր սերունդներին կրթելու, այլ մեզ մանիպուլյացիաներով խաբելու ու մոլորեցնելու համար, մենք չենք կարողանա ըստ արժանվույն գնահատել մեր հասարակության կյանքն ու մաքուր սրտով ողջունել իրապես մարդասիրական, հանդուրժողականության ու գթասրտության ցանկացած արտահայտություն, ինչի այսօրվա օրինակն է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ։ [] Այսպիսով մարդկանց մեծամասնությունը անկարող է պատասխանելու՝ ինչու՞ համաներում, ինչու՞ հիմա, ինչու՞ այս ֆորմատով և շատ ու շատ նման հարցերի»։

«Համաներումը նաեւ ընտրակեղծարարների համար էր լավ», — հաղորդում է Ռեփորտերարմը.

«Նրանցից երկուսը դատապարտվել էին հունիսի 16-ին եւ արդեն համաներման շնորհիվ ազատության մեջ են։ Մեկն էլ դատապարտվեց եւ ազատ արձակվեց այսօր»։

«Շատ լավ եղավ» խորագրի տակ Ինֆերնոարմը մեջբերում է «7օր» էլեկտրոնային հանդեսից մի հատված այն մասին, որ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիդ Հակոբյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ տեղեկացրել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել Երեւանի ավագանիների խորհրդում իր տեղից։ Դավիդ Հակոբյանը ներկայացված է Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակում։ Մայիսի 31-ի ընտրություններից հետո ՀԱԿ-ը հայտարարել էր, որ հրաժարվում է իր մանդատներից։ Դավիդ Հարությունյանը, ով դեռ ընտրություններից առաջ լուրջ տարաձայնություններ ունեցավ ՀԱԿ-ի հետ, սակայն օրենքի համաձայն, շարունակեց մնալ ընտրացուցակում, քանի որ նորը ներկայացնելու ժամանակ ՀԱԿ-ը չուներ, այժմ, այպիսով, կարծես վրեժ է լուծում։ Ինֆերնոարմը, այս առիթով, մեկնաբանում է.

«Դեգեներատի մեկն է։ Բայց ո՞վ է ավելի վատը, նա՞, թե այն մարդիկ, ովքեր իրեն լուրջ էին ընդունել եւ առաջ էին մղել։ Եվ դեռ քանի այսպիսի դանդաղ գործողության ռումբ կա Հայ ազգային կոնգրեսի ներսում»։

«Կապանը, ինչպես եւ ողջ Հայաստանը, քննարկում է «Որոգայթ» սերիալի երկու առաջատար դերասանների` Արամ Միսկարյանի եւ Գեղամ Ղանդիլյանի մահվան լուրը», — գրում է Փիղը:

«Զոհվածներին՝ Տեր, ողորմեա», — գրում է Ըհաուզքիպերը` անդրադարռնալով «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսների` «Գարիկի եւ Գոքորի» մահվանը` ավտովթարի հետեւանքով.

«Շատ հետքրքիր է ուսումնասիրել ժողովրդի ռեակցիան Հայաստանում տվյալ պահին երևի թե ամենամեծ ժողովրդայնություն վայելող սերիալի հերոսների զոհվելու լուրի վրա», — խոստովանում է բլոգերը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունում ընդդիմությունը ներկայացնող` «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչը հիմնականում բացասական արձագանքների արժանացավ հայկական բլոգոսֆերայում: Այս առիթով, Մարկ Գրիգորյանը հարցնում է` դրա մեջ ի՞նչ վատ բան կա, ինչին Կոռնելիյգլասը արձագանքում է.

«Ադրբեջանցիների համար վատ է, որովհետեւ ստորագրել են ղարաբաղյան պատերազմի հերոսին ազատագրելու կոչի ներքո: Հայերի համար վաէ է, որովհետեւ այս դեպքում փաստաթուղթը այս դեպքում իր ուժը կորցնում է եւ գրոտեսկային է դառնում, քանի որ ադրբեջանցիների ստորագրությունները այն քաղաքականապես կողմնակալ են դարձնում»:

Դե — իսկ սոցիալական Ֆեյսբուկ եւ Տվիտտեր ցանցերում, ինչպես նաեւ Յություբ վիդեոկայքում շաբաթավերջի ամենացնցող լուրը Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնական այցի ժամանակ ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների կազմակերպված ցույցի ցրումն էր, մասնավորապես` Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի եւ ոստիկանության բախման փաստը եւ այդ առիթով Յություբ-ում տեղադրված վիդեոնյութը: