Հովիկ Աբրահամյան. «Համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է»

Շուրջ երկու տասնյակ կալանավորված ընդդիմադիրներ ազատ արձակվեցին հունիսի 19-ին ընդունված համաներման արդյունքում։ Ընդդիմությունը, սակայն, քննադատում է համաներման գործընթացը, հայտարարելով, որ 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված 50-ից ավելի ընդդիմադիրներին հարկավոր է «արդարացնել»՝ «ներելու» կամ «համաներելու» փոխարեն, պնդելով, որ հիշյալ անձինք որեւէ հանցանք չեն գործել։

Խորհրդարանում համաներուման մասին որոշման քննարկումների ժամանակ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե համաներումն ունի «թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն»։

«Համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է», — ասել էր Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, սակայն, համաներման նշանակությունը Հայաստանի «ներքին խնդիրների լուծման եւ երկրում լարվածության թուլացման» առումով։

Այդուհանդերձ, ներքաղաքական կյանքում զարգացումները չեն վկայում երկրում լարվածության թուլացման մասին։ Ընդհակառակը՝ ընդդիմությունը հուլիսի 2-ին պատրաստվում է հանրահավաք անցկացնել։

Միեւնույն ժամանակ, պետք է նկատել, որ «ներքին խնդիրների լուծմանն» ուղղված համաներման որոշումը ընդունվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսյան նստաշրջանի նախաշեմին, իսկ առաջին ընդդիմադիրները ազատ արձակվեցին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով զեկույցից ժամեր առաջ, ինչի արդյունքում, թերեւս, հանձնաժողովը հնչեցրեց հետեւյալ գնահատականը. — «Առաջընթաց կա, որը պայմանավորված է իրականացված համաներմամբ»:

Advertisements