«Կարդաբալետը ընթացքի մեջ է…»

5C0BE550-F5CE-4FA9-888C-3F0ED754742E_w393_sReporter_arm-ը արձանագրում է. «Երեւանում ընտրություններ են. ընտրախախտումները, ընտրակաշառքները անպակաս են. ինչպես միշտ, լավագույն ավանդույթներով»։

«Կարդաբալետը ընթացքի մեջ է…», — Մայիսի 31-ին Երեւանում անցած ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների ավելի հակիրճ բնորոշումն է տալիս Ֆ5 բլոգը։

Tevyants-ը ընդհանրապես գրելու ցանկություն չունի։ Ընտրությունները բնորոշել է մեկ բառով՝ ՅԱԽԿ, որն հենց ինքն էլ անվանում է՝ «պարզապես հոգու ճիչ»։

Այս պահին Հայաստանից դուրս գտնվող Narjan-ը, նմանօրինակ հոգու ճիչերից մտահոգված, հեգնախառն հարցնում է. «Տեսնես արդեն քվեարկե՞լ եմ, թե՞ չէ»։

«Տեսնես քանի՞ անգամ ես քվեարկել։ :)))», — ծիծաղում է Greecross-ը՝ արձագանքելով Narjan-ի հարցին։

Ինչեւէ, Երեւանի կենտրոնում քվեարկող բլոգերները նշում են. ամեն ինչ հանգիստ է։ Kornelij բլոգն, օրինակ գրում է. — «Պետք է ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր կիրակի է՝ ժողովրդի ակտիվությունը բավականին բավական էր։ Իմ ընտրատեղամասում, ինչպես միշտ, ամեն ինչ նորմալ էր։ Ինչեւէ, այլ ընտրատեղամասերում առավոտից խայտառակություն է տեղի ունենում։ Արդեն իսկ ծեծի են ենթարկել անհայտ թվով անձանց, նարնից 3-ը՝ լրագրողներ։ Հաղորդագրությունների համաձայն ծեծողներից մեկը Ալրաղացի Լյովն էր (չիմացողների համար ասեմ՝ նա ժողովրդի արժանի ընտրյալն է. ԱԺ պատգամավոր եւ հայրենասեր Լեւոն Սարգսյանը)»։

Բլոգերներից մեկը, Ուզողը, ով բլոգոսֆերայում հայտնի է գլխի վերին հատվածի բուսականության՝ մազածածկույթի բացակայությամբ, գնացել է ընտրատեղամաս՝ քաղաքացիական պարտքը կատարելու, եւ հայտնվել իրադարձությունների կենտրոնում. — «Երեկ, երբ ես chemarina-յի հետ գնացի քվեարկության նրա ընտրատեղամաս՝ Պուշկինի դպրոց, մի մորաքույրիկ որոշեց, որ ես սափրագլուխ եմ, եւ տեղամասի նախագահին բողոքեց, որ ես խելոք-շնորհքով կանգնած եմ դռան մոտ։ Իսկ արդեն իմ ընտրատեղամասում էլ Հայ ազգային կոնգրեսից ինչ-որ մի թշվառ գրի առավ իմ տվյալները»։

Ինչեւէ, այս ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի աջակիցները մեծ ակտիվություն դրեւորեցին՝ տեղեկատվություն տարածելով ընտրախախտումենրի մասին, թեեւ տարածած տեղեկատվության զգալի մասը հերքվում էր։

Այդ առիթով Pigh-ը գրում է. — «Ընտրախախտումներ կան։ Դրանց իրական քանակի մասին կարող ենք պատկերացում կազմել դիահերձումից հետո։ Սակայն «լեւոնադիմության» որոշ անդամներ որպես սկզբունք օգտագործում են «ոչ մի րոպե առանց լաչառության» մոտեցումը։ Երբեմն չի կպնում։ Երբեմն ասելով, նկատի ունեմ բավական հաճախ։ Ընդհանրապես, լուրեր հորինելը հետաքրքիր զբաղմունք է, հատկապես՝ ընտրությունների ժամանակ։ Նամանավանդ, ընտրությունների ժամանակ։ Կարեւորն այն է, որ այդ մոգոնվածքները շատ շատ լինեն, որպեսզի ոչ-ոք չհասցնի դրանք հերքել։ Դա պրոպագանդայի կանոններից է»։

Լրատվամիջոցների պատիվը փորձում է պաշտպանել Reporter_Arm-ը՝ հրապարակելով նախընտրական մի կարուսելի մասին Ինտերնյուսի օպերատորի նկարած տեսանյութը. — «Դատախազությունից ասում են, որ լրատվամիջոցներում ընտրախախտումների մասին լուրերի մեծ մասը հորինված են։ Շենգավիթում ընտրական կարուսելի մասին այս լուրը եւ վիդեոն նվիրում եմ նրանց»։

Օրագիր բլոգին այս ամենը ակնհայտորեն զվարճացնում է. — «Բոլոր ցանկացողներին հրավիրում եմ նկարչության դասընթացների։ Մեկնարկը՝ մայիսի 31-ին, ժամը 8։00-ին, Երեւանի բոլոր ընտրատեղամասերում»։

Վերջում՝ Բյուրին արձանագրում է ընտրությունների արդյունքները. — «Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվում է Երևանի ավագանու ընտրություններում, մասնակցում է Բրյուսովի ուսխորհրդի նախագահի ընտրություններին»: