«Մարտի 1»-ի գործերով վկաների վրա կա «շատ լուրջ ճնշում»

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով դատակոչված վկաներից ոմանք դատարանի դահլիճում հրաժարվում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից` հայտարարելով, թե ոստիկաններն այդ ցուցմունքները իրենցից բռնությամբ են կորզել:

Մայիսի 29-ին Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, որոշ տվյալներ հրապարակելով «Մարտի 1-ի» գործով իր ղեկավարած կազմակերպության պատրաստած միջանկյալ զեկույցից, հայտարարեց, թե «կատարվում են բռնություններ, նրանց վրա կա շատ լուրջ ճնշում»: Դանիելյանի փոխանցմամբ, «քաղաքացիական հագուստով  մարդիկ» դատախազության շենքում ճնշումների են ենթարկել մարդկանց, նրանցից երկուսին նույնիսկ առաջարկվել է լքել Հայաստանը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը չհերքեց դատախազության շենքում վկաների նկատմամբ բռնություն   գործադրելու մասին տեղեկատվությունը, այդուհանդերձ շեշտելով. — «Մոռանում եք, որ դատախազության շենքում է գործում նաեւ Հատուկ քննչական ծառայությունը, եւ շատ ժամանակ շփոթմունք է առաջացնում: Գլխավոր դատախազության շենքում, բայց ո՞ւմ կողմից: Եթե Միքայել Դանիելյանը ունի կոնկրետ փաստեր, ապա լավ կլինի, որ այդ տվյալները ներկայացնի դատախազություն»։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ օրեր առաջ՝ մարտի 22-ին Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, «Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Գրիգոր Ոսկերչյանի քրեական գործերով որոշ վկաների դիմումների հիման վրա» դատախազությունը քրեական գործ էր հարուցել, քանի որ հիշյալ վկաները դատարաններից պաշտպանություն էին հայցել, պնդելով, թե «իրենց սպառնում են, ահաբեկում են, որ նախաքննության ընթացքում տված այս կամ այն ցուցմունքը դատարանում պնդելու դեպքում իրենց հետ կտեսնեն հաշվեհարդարներ»:

Տարբեր կողմերին լսելիս տպավորություն է ստեղծվում, որ վկաների նկատմամբ ճնշումներ են գործադրվում թե՛  պետական մարմինների, թե՛ կալանավորվածների աջակիցների կողմից։ Հաճախ դժվար է լինում պարզել՝ որքանով են հիմնավոր ճնշումների մասին այս հայտարարությունները։ Պարզ է մեկ բան. միայն այս ամիս իրենց նախաքննական ցուցմունքներից արդեն հրաժարվել են «Մարտի 1»-ի գործով վկաներ՝ Յաշա Մելքոնյանը, Գեւորգ Մուրադյանը, Հենրիկ Արթենյանը, Գագիկ Ավդալյանը, Հմայակ Գալստյանը, Մուշեղ Անտոնյանը