Արտակարգ շաբաթը հայկական բլոգոսֆերայում

«Ի՞նչն է վառվում։ Նաիրիտի մո՞տ։ Լավ չի երեւում», — հինգշաբթի՝ ժամը 18։55-ի մոտ իր բլոգում հարցրեց  Շուռը՝ հրապարակելով Երեւանի կենտրոնից արված մի լուսանկար, որտեղ երեւում էր թանձր ծխի հեռավոր մի սյուն։ Րոպեներ անց՝ ողջ բլոգոսֆերան գիտեր՝ վառվում է Հայաստանի քիմիական արդյունաբերության հսկայի՝ «Նաիրիտ»-ի քլորոպրենի արտադրամասը։

«Երկու պայթյուն, որոնց հետեւել է հսկա հրդեհը Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանում։ Առնվազն 3-ը զոհվել են», — գրում է Անզիփեդը՝  Twitter միկրոբլոգային ցանցում։

«Ինչ որ մեկը գաղափար ունի՞ , թե ինչ է կատարվել Նաիրիտում։ Ես գժվում եմ օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունից», — իր հերթին գրում է Աղաջանյանը։

Դիտորդը պատասխանում է. — «Նաիրիտում հրդեհը հանգցրել են։ 4-ը զոհվել են, 8 վիրավորվել։ Կատարվում է հետաքննություն։ Թունավոր արտանետումներ չկան»։

Եթե շաբաթավերջին բլոգերի ուշադրության կենտրոնում հայտնվեց արտակարգ պատահարը Նաիրիտում, շաբաթասկզբին բոլորի հիմնական հոգսը Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի ելույթն էր՝ Եվրատեսիլի առաջին եզրափակիչում, իսկ այնտեղ գրանցված հաջողությունից հետո՝ սպասվող ելույթը եզրափակիչում, որը տեղի կունենա այսօր՝ ուշ երեկոյան։

«Ինգան ու Անուշը հոյակապ են, երգն էլ, ըստ իս, նորմալ է ընտրված: Որ ձայներ կլինեն տարբեր երկրներից` չեմ էլ կասկածում: Թեեւ կորցրեցինք մի 10 միավոր` ի դեմս չմասնակցող Վրաստանի, սա լավ չէ: Նաեւ կա հանձնաժողով` ի դեմս Կիրկորովի: Քաղաքականությունը, ինչպես միշտ, այստեղ էլ կունենա իր ազդեցությունը: Իսկ ով որ միանգամից չի հավանում Ինգայի եւ Անուշի երգը, ասեմ, որ պետք է լսել մի քանի անգամ: Առաջին անգամ կարող է դուր չգալ, սակայն կրկնակի լսելուց` լրիվ հավանական է: Այնպես որ, տեսնենք, թե ինչ տեղ կզբացեցնենք», — մեկնաբանում է Ֆ5 բլոգը։

Դիանան, ով Եվրատեսիլի հայկական թիմի կազմկոմիտեի անդամ է, եւ ավելին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մեկնաբանում էր Եվրատեսիլի կիսաեզրափակիչները, կիսվում է տպավորություններով. «Սարսափելի է».

  1. Որովհետեւ վաղը աղջիկները ելույթ են ունենալու եւ որեւէ բան փոխելու համար արդեն ուշ է եւ չի կարելի,
  2. Որովհետեւ ժյուրին արդեն քվեարկել է եւ վաղը դրան կգումարվեն ՍՄՍ քվեարկության արդյունքները,
  3. Որովհետեւ ռեժիսյորը կարող է համարը զզվելի ձեւով նկարահանել,
  4. Որովհետեւ ուղիղ եթերում ինչ ասես կարող է լինել…»
http://www.fileden.com/files/2008/2/29/1788145/prog-46.mp3″