Լրագրողներին ծեծելը «խասիաթ» դարձավ…

Մինչ Պրահայում մեկնարկում են Հայաստանին Եվրոպայի «Արեւելյան գործընկեր» հռչակելուն ուղղված բանակցությունները՝ Հայաստանում ծեծում են հերթական լրագրողին։ Նվեր Մնացականյանը՝ «Շանթ» հեռուստատեսության լրագրող, ծեծվել է իր տան մուտքի մոտ։

«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», — «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մնացականյանը։

Պրահայում Հայաստանի նախագահն այսօր քաղաքակիրթ երկրի նախագահին վայել բանակցություններ կվարի ու կվերադառնա Հայաստան՝ որտեղ այս գիշեր հերթական լրագրողին ծեծեցին։

Նվեր Մնացականյանը լրագրող է, ու հայտնի լրագրող։ Ոմանք ասում են՝ իշխանամետ է։ Բայց դա չէ կարեւորը։ Լրագրողի գործի էությունն է՝ պատասխան տալ ամեն ասված խոսքի համար։ Ու ամեն օր աշխատել այդ պատասխանատվության լծի տակ։ Ու ամեն օր… աշխատանքը ավարտել ու սովորական մարդու պես վերադառնալ տուն։ Այսուհետ՝ նաեւ հերթական հավանական ծեծի սպասումո՞վ։

Հայաստանում լրագրողի աշխատանքը՝ ընդդիմադիր, իշխանամետ թե օբյեկտիվ լրագրողի, արդեն սովորական մարդու սովորական գործ չէ։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ հարձակման էր ենթարկվել «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։ Կրկին՝ սեփական տան մուտքի մոտ։ Այդ առիթով ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, լրատվական կազմակերպությունները բողոքեցին, հարուցվեց քրեական գործ.

Մի գործ էլ, երեւի, Նվեր Մնացականյանի ծեծի առիթով կհարուցեն։ «Մտահոգություններ» ու «կոչեր» կհնչեցվեն։ Երկիրը մի քիչ ավելի խայտառակ կլինի։

..ու այդ մարդը ամեն երեկո հեռուստաէկրանից ահուդողով կնայի քեզ՝ Հայաստան երկիր, Եվրամիության «Արեւելյան գործընկեր», քեզ, որ մի բուռ լրագրողներիդ անգամ պաշտպանել չե՞ս ուզում, թե չես կարողանում…