Հայկական բլոգերը հայ-թուրքական հայտարարության մասին

Obama meets Armenia's and Turkey's foreign Ministers«Այսօր, ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվանից մեկ օր առաջ, հայտնի դարձավ, որ Հայաստանը եւ Թուրքիան ստորագրել են համատեղ պաշտոնական փաստաթուղթ` հարաբերությունների կարգավորման եւ ճանապարհային քարտեզի համաձայնեցման շուրջ», — գրում է Օգոստոսը եւ շարունակում. «Ուզում եմ. ա) իմանալ ինչ է ներառված այդ գրողի տարած ճանապարհային քարտեզում, բ) լսել ինչ կասեն դաշնակները իրենց ջահերով երթից առաջ գ) առաջիկա օրերին «Գոլոս Արմենիի» եւ նմանօրինակ այլ լրատվամիջոցները կարդալ»: «Իրականում ես շատ կուզենայի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերություններ հաստատվեին: Սակայն ինձ անհանգստացնում է դրա դիմաց վճարվելիք գինը», — եզրափակում է Օգոստոս բլոգը:

«Կյանքը հայկական սփյուռքում» բլոգը, անդրադառնալով հայտարարությանը, գրում է. — « Այս տիպի հայտարարությունը միայն մի բան կարող է նշանակել. Ապրիլի 22-ն է, Թուրքիան անհանգստանում է, որ Օբաման կասի Ցեղասպանություն բառը ապրիլի 24-ի ելույթում։ Վերջին մի քանի օրերին Թուրքիան երեք անգամ շեշտել է, որ ոչինչ չի կարգավորվի՝ առանց Ղարաբաղյան նախապայմանի։ Միայն երեկ Թուրքիան Կանադայից ետ կանչեց իր դեսպանին, քանի որ Կանադայի պաշտոնյաներն ցեղասպանությանը նվիրված միջոցառում էին այցելել։ Կպահի՞ Օբաման իր խոստումը, թե՞ Թուրքական խաղը կհաղթի։ Ես ուզում եմ հավատալ, այս անգամ բարին կհաղթի ու նախընտրական խոստումը կիրականանա.. բայց կասկածը մեծ է իմ մեջ։”.

Ahousekeeperը ավելի խիստ է. «Այնպիսի տպավորություն է, որ գրիչի մի հարվածով վերադարձել ենք 1908 թիվն ու նորից գործարկել ինքնաոչնչացման մեխանիզմը», — գրում է բլոգը, որը հայտնի է իր հակաթուրքական դիրքորոշմամբ: Մեկ այլ գրառմամբ էլ, փաստարկում է իր դիրքորոշումը. «1. Թուրքիան երկար տարիներ թշնամական դիրք է զբաղեցրել Հայաստանի ու հայության նկատմամբ։ Խոսքը պատմության մասին չէ, խոսքը ներկայի մասին է։ Թուրքիան Ադրբեջանի համար մեկ դաշնակիցն է։ Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը գաղտնի բանակցություններ վարում Հայաստանի ամենալուրջ ախոյանի հետ։ ՀՀ քաղաքացիներն ու ընդհանրապես հայությունը իրավունք ունեն մանրամասն տեղեկացված լինել այդ բանակցությունների բովանդակության վերաբերյալ։ 2. Հայաստանը ստորագրում է ինչ-որ փաստաթուղթ ապրիլի 24-ի հենց նախօրյակին, այսպիսով թուրքերին նվիրելով հոյակապ առիթ արգելափակելու ԱՄՆ կոնգրեսի ու նախագահի կողմից հայերի ցեղասպանության ընդունումը։ 3. Թուրքիան անընդհատ բարձրաձայնել է, որ պատրաստ է հայերի հետ կապեր հաստատել միայն այն դեպքում, եթե Հայաստանը հանձնի Արցախը Ադրբեջանին։ Վերջին անգամ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը 2 օր առաջ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական իշխանությունները համաձայնվել են Արցախը հանձնել»:

Kornelij բլոգը թեմայի մասին «գրական լեզվով» միայն մի բան է կարողացել ասել. «Խորին շնորհակալություն Արտգործնախարարությանը, որ հայտարարոթյունն ապրիլի 24-ին չի տարածել»: