Նոթեր Հուսեին Օբամայի թուրքական արշավանքներից

Հայկական բլոգոսֆերան բուռն կերպով արձագանքեց Թուրքիայում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հնչեցրած տեսակետներին՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության շուրջ։

Հիշեցնեմ, պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին Օբաման հայտարարել էր. — «Ես իմ տեսակետները չեմ փոխել։ Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են։ Ես ցանկանում եմ որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն»։
Օնիկ Գրիգորյանը մեկնաբանում է. — «Պատմությունը կրկնվելու սովորույթ ունի, եւ հայերը դա շատ լավ գիտեն։ Սա հատկապես ճիշտ է երբ խոսքը գնում է ամերիկյան նախագահական ընտրություններիմասին։ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների թեկնածուները, առանց բացառության, խոսատնում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,5 միլիոն հայերի կոտորածները ճանաչել որպես Ցեղասպանություն, սակայն դրժում են իրենց այդ խոստումները հենց որ նախագահ են ընտրվում»։

Կյանքը հայկական Սփյուռքում բլոգում Սեւանան դժգոհում է. — «Ցեղասպանությունը ճանաչելու՝ Օբամայի առաջին հնարավորությունն անցավ։ Նա խուսափեց դրանից։ Շատ, անչափ հիասթափեցնող է։ Ապրիլի 24-ը նրա հաջորդ հնարավորությունն է։ Հույս ունենանք, որ գոնե այս մեկը բաց չի թողնի»…

Դիտորդ բլոգում Նազարյանը, ցիտելով Օբամայի խոսքերը, գրում է. — «Սրանից դենը էլ ի՞նչ եք ուզում։ Մարդը բացեիբաց ասում է այն, ինչ որ պետք է ասվի։ Հո հյուր գնացաց չպետք է կռիվ անի։ Սա, վերջիվերջո, դիվանագիտություն է եւ ոչ թե բեսեդկի զրից»։

Բլոգերից շատերին, այդուհանդերձ, ավելի հետաքրքրել է ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ հայ-թուրքական սահմանի բացման թեման։ Ոմանք գտնում են, որ սահմանի բացման թեման ճարպկորեն շահարկելով, Թուրքիան պարզապես դիվանագիտական բալեր է հավաքում, իսկ Հայաստանը, առանց հասկանալու, օգնում է «պատմական թշնամուն»։

Այսպես, Ազատամարտիկ-ը գրում է. — «Եթե Հայաստան պետությունը ճանաչի Կարսի պայմանագիրը եւ Թուրքիայի այժմյան սահմանները, դա Ցեղասպանության լեգիտիմիզացիա կնշանակի»։

Մարկ Գրիգորյանը նույնպես անդրադարձել է այս թեմային. — «Հայկական մամուլում գրում են, որ սահմանների բացման նախապատրաստական աշխատանքները ընթանում են ողջ թափով, եւ, նույնիսկ, արդեն ներկել են Արաքսի երկու ափերը միացնող կամուրջը։ Ես կարծում եմ, որ ինչ-որ սկզբունքային պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել եւ որ սահմանը կբացեն, սակայն, փոխարենը Օբաման ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը չի արտաբերի»։

Ինչեւէ, եզրակացնում է բազմափորձ լրագրողը, սահմանի բացումը կնշանակի, որ հայ-թուրքական հարաբերությունները տարաբաժանվում են հայ-ադրբեջանականից։ Իսկ դա լուրջ քաղաքական փոփոխություն է»։