Լրացավ Սերժ Սարգսյանի նախագահության 1 տարին

«Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ», — 2008 թվականի ապրիլի 9-ին` Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու երդմնակալության արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնից ոստիկանություն էր տարվել տասը մարդ, այդ թվում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հարձակման էր ենթարկվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրողը: Այս ամենը բնավ չի հիշեցնում խոստացված «սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը»:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր կարծիք հայտնեց, թե նախագահը հավատարիմ է մնացել իր խոստմանը:

«Ինքը բոլորի նախագահն է, գնաց երկխոսության ճանապարհով, հրավիրեց երկու կլոր սեղան` 50-ից ավելի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ստեղծվել է Հանրային խորհուրդը», — ասաց Շարմազանովը:

Այն, որ այդ 50-ից ավելի կուսակցությունների մեջ այդպես էլ չհայտնվեցին այն 18-ը, որոնք կազմում են Հայ ազգային կոնգրեսը, ՀՀԿ մամուլի խոսնակին չի անհանգստացնում:

50-ից ավել քաղբանտարկյալները Շարմազանովին նույնպես չեն հուզում. — «Մեկ տարի առաջ հանրապետության նախագահը այս հարցի շուրջ հստակորեն ասել է` Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, ովքեր կդատապարտվեն քաղաքական դրդապատճառներով»:

Եվ հետո` Հայաստանում հազարավոր բանտարկյալներ կան, նախագահը կարող է նրանցից 50-ին հրավիրել կլոր սեղանի եւ ստեղծել Բանտարկյալների խորհուրդ, եւ համարել, որ այս մասով էլ առանձնապես խնդիր չկա: Ահա այսպիսի անհերքելի տրամաբանություն…

«Առա´ջ Հայաստան…»

Advertisements