«ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԻ» ԹԱՂՄԱՆ ԱԿՑԻԱՅԻ ԲԼՈԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Մարտի 8-ին, Կանանց միջազգային օրը, Երեւանի կենտրոնում մի քանի հասարակական կազմակերպություններ արեցին հայկական ավանդապաշտական ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ «կարմիր խնձորի» թաղումը։

Լուսանկարիչ եւ բլոգեր Օնիկ Գրիգորյանը սկիզբից մինչեւ վերջ մասնակցել է «Կանանց ռեսուրս կենտրոն» եւ «Ուտոպիանա» կազմակերպությունների նախաձեռնած քայլերթին։

«Կազմակերպիչներն ասում են, որ իրենց ուղերձն այն չէ, թե կույս լինելը սխալ է, բայց դա պետք է լինի անհատական որոշում եւ չպետք է թելադրվի հասարակության կողմից»,- գրում է Օնիկը։ Նա պատմում է, որ կարմիր խնձորը թաղվեց, բայց ոչ թե Երեւանի կենտրոնական այգիներից մեկում, այլ «Կանանց ռեսուրս կենտրոն»-ի շենքի հետնաբակում։

Ընդհանրապես, հայկական բլոգ համայնքի ներկայացուցիչներին «կարմիր խնձորի» թաղումը շատ էր հետաքրքրել։ Մի խումբ բլոգերներ գնացել էին այդ արարողությանը՝ ոչ թե մասնակցելու, այլ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելու։

Բլոգեր Pigh-ը պատմում է, որ իրենք ուղեկցել են «կարմիր խնձորի» թաղման քայլերթը՝ «Պայքար, պայքար մինչեւ սեքս», «Ուզում ենք», «Հիմա» վանկարկելով։

Ակցիայի մեկ այլ բլոգեր մասնակցի՝ Uzogh-ին, «Կարմիր խնձորի թաղում» օպերացիան ակնհայտորեն հիասթափեցրել է։

«Դե, թաղեցին։ Պետք է ասեմ, առանց ստեղծագործական մոտեցման»,- գրում է Ուզողը։

«Ինչպես եւ մտածում էի, գեղեցիկ կանայք չկային։ Իմ կարծիքով, նրանց 30 տոկոսը պառաված օրիորդներ էին, 40-ը՝ պառաված օրիորդի թեկնածուներ, մնացածները՝ ամուսնալուծվածներ։ Խիստ կասկածում եմ, որ այնտեղ կար նորմալ ամուսնական ընտանիք։ Գուցե, առավելագույնը մեկ-երկուսը»,- իր տպավորություններն է կիսում Infernoarm-ը։

«Ինչպե՞ս եք դուք, հարգելի ընկերուհիներ, դաստիարակելու ձեր դուստրերին՝ ենթադրելով որ նրանք պետք է ամուսնան, ընտանիք, երեխաներ ունենա՞ն, թե՞ միայն զվարճանան։ Որո՞նք են կյանքի առաջնահերթությունները, որ փոխանցելու եք ձեր դուստրերին»,- հարցնում է Infernoarm-ը իր բլոգում։

Ditord-ը, բացի ակցիայի մասին պատմելը, մանրամասն գրում է Հայաստանում կարմիր խնձորի ավանդույթի մասին՝ նշելով, որ այն գործնականում չի կիրառվում։

«Ես դեմ չեմ կարմիր խնձորի ավանդույթին կամ ամուսնության ժամանակ խորհրդանշական սպիտակ զգեստին։ Օգտագործեք այն որպես խորհրդանիշ, որքան կուզեք, բայց կուսության շուրջ այս աղմուկը ուղղակի սկանդալ է»,- եզրափակում է Ditord-ը։