Կուրսը լողացող չէ, պարզապես լողացվում է

Մարտի 1-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիասթափեցնելով ընդդիմության բազմաթիվ աջակիցների, հայտարարեց, որ դադարեցնում է հանրահավաքները, քանի որ «առջեւում մեզ սպասում են դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով»: Մարտի 3-ին հիշյալ «հղի սոցիալական վտանգները» քիչ մնաց իրականություն դառնային՝ դրամը կտրուկ կերպով արժեզրկվեց՝ լայնատարած խուճապ առաջացնելով ամբողջ Հայաստանի տարածքում։

«Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը», — հայտարարեց Տեր-Պետրոսյանը եւ բոլորին ուղարկեց տուն՝ սպասելու մինչեւ երկիրը գլորվի հիշյալ վիհը… Մինչ այդ՝ ընդդիմության առաջնորդը պարտարստվում է հրաժարվել «ապստամբության կամ հեղափոխության գաղափարներից» եւ դադարեցնել հանրահավաքները։

Այս առիթով բլոգերների մեկնաբանությունները տարբեր են.
• «Ընդդիմությունը միտինգ արեց ու տուն գնաց», — փաստում է Ա1+ բլոգը։
• «Նա [Տեր-Պետրոսյանը] կրկին գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ՝ փոխարենն ինչ-որ բան ստանալով», — ենթադրում է Փիղը։
• «Երբ Տեր-Պետրոսյանն ասաց [2008-ի դեկտեմբերի 17-ին], որ կառավարությանը չի խանգարի միտինգներով, պարզ էր, որ նա սպասում է, որ իշխանությունները սխալ քայլ կկատարեն։ Մինչ ԼՏՊ-ն լռում էր եւ սպասում էր թաթարա-մոնղոլական իշխանությունների սխալին, սկսվեց ճգնաժամը», — գրում է Ուզողն ու փաստարկում՝ Տեր-Պետրոսյանը պարզապես լոտո է խաղում։

Ինչեւէ՝ Նարջանը չի կարող չնկատել, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի լռության մատնեն ճգնաժամի նախանշանները՝ «երբ բոլոր կողմերից գոռում էին արժեզրկման մասին, նրանք լռում էին։ Մարտի 1-ից մեկ շաբաթ առաջ աստված գիտե, թե ինչ էր կատարվում, իսկ նրանք լռում էին, ու սպառնում էին դրամի փոխարժեքի մասին գրող լրագրողներին դատի տալ։ Մարտի մեկին Լյովիկը եկավ ու միակ բանը, որ ասաց այն էր, թե՝ շուտով բոլորի վերջը կգա։ Երեք օր հետո դրամը փլուզվեց»։

Մարտի 3-ին դրամը լողում էր։ Ռեպոռտեռ Առմը գրում է. — «Ժամը 12։30-ին բանկերում ու «չենջերում» ԱՄՆ դոլարը վաճառվում էր 380-400 դրամով։ ԿԲ-ն հայտարարել է լողացող կուրսի մասին։ ՀԲ-ն պաշտպանում է լողացող կուրսը։

«Եւերան Սիթի վաճառատներում, նույն այդ սուպերմարկետների ցանցի տեր Սամվել Ալեկսանյանի կողմից ներմուծվող ապրանքները կտրուկ կերպով թանկացել են։ Օրինակ «Ավեդեֆ» ձեթն առաջ արժեր 520 դրամ, հիմա՝ 660», — գրում է Ըհաուզքիպերը։ — «Հետաքրքիրն այն է, որ այլ ներմուծողների ապրանքները Երեւան Սիթիում առայժմ չեն թանկացել։ Այնպես որ ժողովուրդը հիմա ակտիվորեն գնում է Ալեքսանյանի մրցակիցների ապրանքները»։

«Որեւէ մեկը երեկ մեր վարչապետին տեսե՞լ է», — հարցնում է Փիղը։ — «Կամ կառավարությունից ինչ-որ մեկը եկա՞վ ժողովրդին հանգստացնելու։ Նախագահի մասին չեմ խոսում, երեկ նա հանդիպում էր Կիրսան Իլյումջինովի հետ։ Հավանաբար շատ կարեւոր հանդիպում էր, քանի որ շախմատի զարգացումը Հայաստանի համար առաջնային ուղղություն է։ Շատ ավելի կարեւոր, քան ազգային արժույթի ինչ-որ անկումը…»։

«Այն, որ մարտի չորսին դոլլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվելու է 370 դրամ, իմացա մարտի երեքին ժամը 12:35 րոպե», — սենսացիոն հայտարարություն է անում Սմբատ Գոգյանը։ — «Զանգահարեց իմ լավագույն ընկերն ու ասաց հետևյալը՝ Կենտրոնական Բանկը զանգահարել է բանկերին ու ասել, որ մարտի չորսի պաշտոնական կուրսը սահմանվելու է 370 դրամ»։

Բլոգերը մեկնաբանում է՝ “լողացող կուրս” տերմինը նշանակում է, որ Կենտրոնական Բանկը չի որոշում դրամի փոխարժեքը։

«Ի՞նչ է ստացվում: Նրանք զանգահարում են բանկերին ու հայտնում ներքին ինֆորմացիան: Ժամը 13:00 սկսած դրամը փոխանակվում է 380-390 դրամով: Իսկ Կենտրոնական Բանկը երեկոյան ժամը 16:00 (հաջորդ օրվա կուրսը որոշելու պահը) վերլուծելով չակերտավոր “լողացող կուրսի” պայմաններում բանկերի կողմից սահմանված ‘կուրսը’, “ուզած-չուզած” դոլարի փոխարժեքը սահմանում է 372 դրամ: Փաստորեն ԿԲ-ն հասավ իր ուզածին` չստանձնելով ոչ-մի պատասխանատվություն», — եզրակացնում է Սմբատ Գոգյանը։ — «Կուրսը դեռ լողացող չէ, պարզապես լողացվում է»։