ԴՐԱՄԻ ՈԻ ԴՈԼԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ. ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը գրեթե ամեն օր հայտնվում է տպագիր մամուլում։ Մարդիկ տատանվում են՝ խնայողությունները պահել հայկական դրամով, թե՞ շտապեն դոլար գնելու։

«Ասում են, այսօրվանից բանկերը մեզ մոտ այլեւս դոլար եւ այլ արտարժույթ չեն վաճառում։ Ով չհասցրեց, նա ուշացավ»,- գրում է Pataphysicus անունով բլոգերը։

Այս գրառման տակ ծավալված քննարկման ընթացքում մյուս բլոգերները հերքում կամ հաստատում են Երեւանի արտարժույթի փոխանակման կետերում եւ բանկերում ԱՄՆ դոլարի դեֆիցիտի մասին լուրը։

Ditord-ը լուրեր չի տարածում։ Նա համեմատում է փետրվարի 24-26-ը ֆոնդային բորսայում դոլարի պահանջարկի թվերը։ Այդ օրերին ԱՄՆ դոլարը վաճառվել է նույն գնով՝ 305 դրամով։ Բայց, եթե փետրվարի 24-ին վաճառվել է մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար, 25-ին՝ 25 միլիոն, ապա փետրվարի 26-ին վաճառքը հազիվ գերազանցել է 3,2 միլիոն դոլարը։

«Փետրվարի 26-ի վաճառքի թիվը կարող է նշանակել իմ երկու հետեւություններից մեկը։

Առաջին՝ Կենտրոնական բանկը սահմանափակել է փոխարժեքի գործարքները՝ փորձելով կանխել դրամի արժեզրկումը.

Երկրորդ՝ Կենտրոնական բանկը որոշել է հրաժարվել փոխարժեքը 305-306 դրամի շրջանակում պահպանելու համար դոլար վաճառելու քաղաքականությունից եւ շուտով մենք ականատես կլինենք ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի կտրուկ անկմանը»,- գրում է Ditord-ը։

Կովկասյան ռեսուրսների հետազոտական կենտրոնի բլոգը փորձել է վերլուծել դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճը հարավկովկասյան երկրներում։ Բլոգերը օգտվել է Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի «Անցումային զեկույց- 2008»-ից։

«Նշվում է, որ հայկական տնտեսությունը, կարծես, ավելի քիչ է դոլարիզացված։ Բայց, ինչպես զեկույցում է ասվում, այստեղ անշարժ գույքի բումը կախված է արտերկրից դրամական փոխանցումներից։ Եթե դրանք նվազեն, կարելի է ակնկալել նաեւ ազդեցություն փոխարժեքի վրա»,- կանխատեսում է Ռեսուրս կենտրոնի բլոգը։

David_sand-ը իր ընթերցողի հետ կիսվում է, ինչպես ինքն է ասում՝ «Մեծ մենեջերի» հետ ունեցած զրույցի մանրամասներով։ Բլոգերը չի բացահայտում զրուցակցի ինքնությունը, բայց նշում է, որ նա խելացի եւ իրավիճակը ճիշտ զգացող մարդ է։

«Նրա կանխատեսումներով կա հավանականություն, որ դրամի հետ կկատարվի այն, ինչ եղավ ռուբլու, ղազախական եւ այլ թույլ արտարժույթների հետ։ Նա կանխատեսում է մինչեւ 40 տոկոսի արժեզրկում»,- գրում է բլոգերը։

Քննարկելով համաշխարհային տնտեսական ճգնաժամն ընդհանրապես, որպես երեւույթ, David_sand-ը եզրակացնում է.

«Ի՞նչ տեղի ունեցավ։ Ուղղակի, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ճգնաժամը բացատրեց, թե ով ով է եւ ինչ տեղ է զբաղեցնում համաշխարհային տնտեսության մեջ։ Ամերիկացիներին նա հասկացրեց, որ շատ դժվար է ապրել հավերժական պարտքերով։ Երբեմն ստիպված ես լինում փակել բոլոր հաշիվները, ընդ որում, ոչ միշտ նշված ժամկետներում։ Ռուսներին ճգնաժամը բացատրեց, որ հումքը ոչ մի կերպ իրենից ստացվող ապրանքից թանկ լինել չի կարող։ Մնացածներին էլ բացատրեց, որ չի կարելի սեփական տնտեսությունը կառուցել գերտերությունների տնտեսության կերպարով ու նմանությամբ»։

Այստեղ կարելի է լսել հաղորդման ձայնագրությունը։