Պետդեպարտամենտ. «2008-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է»

«Ազատություն» ռադիոկայան | 2008 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես` կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ: Այդ մասին ասված է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցում, որը երեկ է հրապարակվել:

«Իշխանությունները քաղաքացիներին թույլ չեն տվել իրացնել կառավարությունը ազատորեն փոխելու իրենց իրավունքը, եւ քաղաքացիները իրենց քաղաքական գործունեության համար ենթարկվել են ձերբակալությունների, կալանքի եւ բանտարկության: Իշխանությունները ուժ են գործադրել, երբեմն` մահացու ելքով, քաղաքական ցույցերը ցրելու համար: Իշխանությունները կիրառել են հետապնդումներ եւ դիմել են բյուրոկրատական միջոցների` քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկելու եւ նրանցից վրեժխնդիր լինելու համար: Ոստիկանությունը ծեծի է ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին եւ որոշ դեպքերում նորմալ գործընթաց չի ապահովել: Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործել են անպատիժ», — ասված է, մասնավորապես, զեկույցում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նշում է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները երկրում անցել են էական թերություններով. — «[Ընտրությունների հետ կապված] Խնդիրների թվում էին կառավարության թեկնածուի նկատմամբ շահեկան վերաբերմունքը, քվեատուփերի լցոնումների դեպքերը, ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական հանձնաժողովների անդամների եւ կուսակցությունների վստահված անձանց դեմ բռնությունները, ընտրական նպատակներով հանրային ռեսուրսների չարաշահումը»:

«Մարտի 1-2-ին իշխանությունները ուժ կիրառեցին` ցրելու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները վիճարկող ցուցարարների հոծ ամբոխը. ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների արդյունքում 10 մարդ զոհվեց: Բռնություններից հետո իշխանությունները 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեցին», — արձանագրում է Պետդեպարտամենտը իր զեկույցում:

Զեկույցի «Քաղաքական բանտարկյալներ եւ կալանավորներ» բաժնում, մասնավորապես, ասված է. — «Մարտի 1-2-ի քաղաքական բռնություններին նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջաններում կալանված հարյուրավոր անձանցից մոտ 150-ը պահվել են բավական երկար ժամանակ, իսկ 100-ին հանցագործություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել: Նրանցից ոմանց առաջադրվել են լայն սահմանում ունեցող «իշխանության յուրացում» եւ «զանգվածային անկարգություններ» մեղադրանքները: Իշխանությունները հերքում են քաղբանտարկյալների առկայությունը երկրում եւ պնդում են, որ քաղաքական ընդդիմությունն էր ծրագրել հետընտրական բռնությունները` փորձելով Սահմանադրության խախտմամբ զավթել իշխանությունը: Ըստ քաղաքական ընդդիմության, տարվա վերջին ազատազրկման մեջ էին մնում 59 անձինք, որոնց ընդդիմությունը համարում է «քաղաքական բանտարկյալներ»:

Փաստաթղթի այս բաժնում ծավալուն անդրադարձ կա հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործերով հետաքննությանը եւ դատավարություններին, այդ թվում` գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի, «7-ի գործով» դատավարություններին, ինչպես նաեւ «Սիլ» կոնցեռնում ընդգրկված ընկերությունների աշխատակիցների քրեական հետապնդմանը, այլ գործերի:

«Խոսքի եւ մամուլի ազատություն» բաժնում Պետդեպարտամենտը արձանագրում է. — «Խոսքի եւ մամուլի ազատությունը Սահմանադրությամբ երաշխավորված է: Այդուհանդերձ, կառավարությունը գործնականում չի հարգել այս իրավունքները: Ամբողջ տարվա ընթացքում շարունակել են տեղի ունենալ մամուլի նկատմամբ բռնության, ահաբեկման դեպքեր, ինքնագրաքննություն: Մամուլում կառավարամետ եւ ընդդիմության դեմ ուղղված կողմնակալություն կար փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ: Մարտի 1-ին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներից հետո կառավարությունը գրաքննություն մտցրեց եւ արգելեց խոսքի ազատությունը մինչեւ մարտի 21-ը շարունակված արտակարգ դրության ամբողջ ընթացքում»:

Այս բաժնում մանրամասն թվարկված են տարվա ընթացքում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակման, լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ոտնձգությունների փաստերը, այդ թվում` Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջ իրադարձությունները, հետընտրական իրադարձությունների ժամանակ լրագրողներին բերման ենթարկելու դեպքերը, բռնությունները «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի, «Հետք» ինտերնետային պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի եւ այլ լրագրողների նկատմամբ:

Զեկույցն անդրադառնում է նաեւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին մյուս ոլորտներում: