Ճանաչված նյարդաբան. «Սոցիալական կայքերը վնասում են երեխաների ուղեղը»

Օքսֆորդի համալսարանի Թագավորական ինստիտուտի տնօրեն, ճանաչված նյարդաբան Սյուզան Գրինֆիլդը հայտարարել է, որ ինտերնետային սոցիալական կայքերը, ինչպիսին են օրինակ՝ Odnoklassniki-ն, Facebook-ը, Twitter-ը, ազդում են դեռահասների ուշադրությունը կենտրոնացնելու կարողության վրա, նրանց ավելի եսակենտրոն են դարձնում

Բրիտանական Gardian օրաթերթի փոխանցմամբ, Բարոնուհի Գրինֆիլդը պնդում է, թե տեւական ժամանակով նմանօրինակ կայքերում ժամանակ անցկացնելու հետեւանքով «ուղեղի լվացում» է տեղի ունենում։

Վերջերս ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատուն, Սյուզան Գրինֆիլդը մեկնաբանել է, թե սոցիալական ցանցերը վտանգավոր են, որովհետեւ՝ «նրանք զուրկ են փոխկապակցվածությունից եւ երկարաժամկետ նշանակություն չունեն։ Որպես արդյունք՝ մինչեւ 21-րդ դարի կեսերը մարդկային ուղեղը կարող է մանկամտության աստիճանի հասնել, որին բնորոշ են ուշադրության կենտրոնացման միայն կարճաժամկետ կարողությունները, սենսացիոնալիզմը, ուրիշների դրության մեջ մտնելու եւ հասկանալու անկարողությունը եւ սեփական եսի նկատմամբ կասկածները»։

Նյարդաբանի այս հայտարարությունը կարող է լուրջ մտահոգությունների առիթ դառնալ այն միլիոնավոր մարդկանց համար, ովքեր գերադասում են իրենց համադասարանցիների, ընկերների, գործընկերների հետ շփվել Հայաստանում վերջին շրջանում մեծ մասսայականություն վայելող Odnoklassniki կամ Facebook սոցիալական կայքերով։

Բարոնուհի Գրինֆիլդը միակ մասնագետը չէ, ով անհանգստացած է։ Բրոդչեսթերի Լսարանի Հետազոտության Վարչությունը վերջերս պարզել էր, որ դեռահասները միջինը 7,5 ժամ են անցկացնում համակարգչային էկրանների առջեւ։ Իհարկե, Հայաստանում այս ցուցանիշները նշանակալիորեն պակաս են, նկատի ունենալով ինտերնետային հասանելիության համեմատաբար ցածր մակարդակը, սակայն միտումներն ակնհայտ են։

«Թունավորված մանկություն» գրքի հեղինակ Սյու Պալմերը այս առումով, ասել է. «Ես դեմ չեմ տեխնոլոգիաներին եւ համակարգիչներին։ Սակայն, նախքան երեխաները կսկսեն սոցիալական ցանցերով շփվել ուրիշների հետն, նրանք պետք է սովորեն իրական մարդկանց հետ շփվել»։

Ինչեւէ, չի կարելի միանշանակ գնահատական տալ սոցիալական կայքերին։ Սոցիալական կայքերը եւ նրանցում ստեղծվող երեւույթները առայժմ գտնվում են ձեւավորման փուլում, եւ չի կարելի ասել, թե նրանց ազդեցությունը խորապես ուսումնասիրված է։

Նշենք, որ այս պահին Facebook ցանցի օգտագործողների քանակն անցնում է 175 միլիոնից, Odnoklassniki օգտագործողնեի թիվն առայժմ 30 միլիոն է։

Մեզ հասանելի տվյալներով հնարավոր չէ պարզել, թե այս ցանցերում քանի հայ կա։ Facebook-ում մի քանի հայկական խմբեր կան, որոնց անդամների թիվն անցնում է 5 հազարից, իսկ Armenians of Facebook խումբն ավելի քան 10 հազար անդամ ունի։

Odnoklassniki.ru կայքի այցելուների 1,1%-ը գալիս է Հայաստանից։