«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ (AUDIO)

Հայկական բլոգ համայնքը կանխատեսել էր «Եվրատեսիլ-2009»-ի հայաստանյան ընտրությունը։ Դեռ հունվարի վերջին բլոգերները նշել էին Անուշ եւ Ինգա Արշակյանների անունները՝ որպես հաղթողների։

Facebook սոցիալական ցանցում գործում էր Ինգա Եւ Անուշ Արշակյանների աջակցության խումբ։ Ditord-ն ու RealArmenia-ն շաբաթներ առաջ իրենց բլոգներում արդեն տեղադրել էին Արշակյան քույրերի «Գութան» երգի տեսահոլովակը։ 

Հենց երգի ընտրությունն է, որ լիովին չի բավարարել բլոգերների ճաշակը։ «Գութանն» ավելի լավն է, քան ընտրված «Նոր պար» երգը։ 

«Ինչու՞, գրողը տանի, նրանք փոխեցին անձամբ իմ կողմից գովազդվող «Գութանը»։Այն շատ ավելի լավն է այս «Ջան-Ջան»-ի համեմատ։ Չնայած նրանք լավ շոու ցուցադրեցին, բայց այս երգը հաղթող չէ, անգամ մոտ չէ հաղթելուն։ Ես հիասթափված եմ»,- դժգոհում է Unzipped-ը։ 

«Երգը որոշակիորեն հաշվարկված է «Եվրատեսիլի» եւ «քվեարկող հանդիսատեսի» համար։ Անկասկած, «Գութանն» ավելի լավն է»,- գրում է Yerevanskaya անունով բլոգերը։ 

Yerevanskaya-ն, ով լրագրող է, ներկա է եղել մրցույթին եւ գրել է Եվրատեսիլ գնալու բոլոր 21 հավակնորդների մասին։ 

«Ես, չլինելով փոփ երաժշտության երկրպագու, կարծում եմ, որ դա հրաշալի էր։ Կային, իհարկե, մասնակիցներ, որոնց դասում եմ «Իբր ի՞նչ» շարքին։ Բայց մնացած ամեն ինչ լավ էր։ Ոչ վատ հնչողություն, տանելի լուսավորություն, ինչն, ի դեպ, Մարզահամերգային համալիրում հազվադեպ է պատահում»,- գրում է բլոգերը։ 

Yerevanskaya-ն շնորհավորում է «Եվրատեսիլ»-ի հայկական փուլում հաղթած Արշակյան քույրերին ու ամփոփում՝ «Սա, իսկապես, ժողովրդական ընտրություն էր»։ 

Diaanaa բլոգերը, ով նախորդ երեք տարիներին ղեկավարել է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը, այս անգամ հանդիսատեսի դերում է եղել։ Նա խոստովանում է, որ քվեարկել էռոք խմբեր «Դորիանսի» ու «Բամբիռի» օգտին եւ շատ ջերմ է արտահայտվում Ինգա եւ Անուշ Արշակյանների մասին։ 

«Ես պաշտում եմ աղջիկներին, նրանք հզոր ձայներ ունեն, բայց այս երգը չի կարող համեմատվել նրանց «Գութանի» հետ։ Երբ երազում ես, որ հե՛նց նրանք գնան, քանի որ իրոք արժանի են, քանի որ նրանց երգից փշաքաղվում եմ, քանի որ նրանք կոլորիտով են, խարիզմատիկ են, քանի որ նրանք վառ են ու միաժամանակ համեստ, ավելի մեծ հիասթափություն դժվար է պատկերացնել։ Մինչեւ հիմա երգը չեմ կարողանում հիշել։ Բայց, աղջիկներ, ես հիմա աջակցում եմ ձեզ երկուսիդ։ Ցույց տվեք դրանց բոլորին, խնդրում եմ»,- գրում է Diaanaa-ն։ 

Մեկ այլ բլոգեր՝ «Եվրատեսիլի» քվեարկության նախագծի ղեկավար Uzogh-ը, հրապարակել է 21 մասնակիցների օգտին ժյուրիի ձայների ու sms-ների աղյուսակը։ Դրանից պարզ է դառնում, որ Ինգա եւ Անուշ Արշակյանները ստացել են առավելագույն ձայներ եւ՛ ժյուրիի, եւ՛ հեռուստադիտողների կողմից։ Ընտրություն, որն առնվազն հայկական բլոգոսֆերայում, կասկածներ չի հարուցում։ 

P.S. Այստեղ կարելի է լսել հաղորդման ձայնագրությունը, որտեղ կա նաեւ հարցազրույց«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանի հետ՝ թերթի ինտերնետային տարբերակում խմբագրականի մեկնաբանությունների մասին։