Բացվեց ART EXPO ցուցահանդեսը

ArtExpoՆկարիչների միության ցուցասրահներում այսօր բացվեց ART EXPO ցուցահանդեսը, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Մշակույթի նախարարաթյան նախաձեռնությամբ առաջին անգամ առանձին տաղավարներում, բայց համատեղ ներկայացված է Հայաստանի ողջ մշակութային դաշտը:

«Երկու նպատակ ունի ցուցահանդեսը», — ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: -«Առաջինը` որ մենք տեսնենք, ինչ ունենք դաշտում… Երկրորդը, որպեսզի մենք իմանանք, որ յուրաքանչյուր տարի հաշվետու ենք հանրության առջեւ մեր մշակութային արտադրանքի համար»:

s7006937 s7006939

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մշակույթի նախարարի ուղեկցությամբ մոտեցավ բոլոր տաղավարներին:

Ձեռագործ աշխատանքները եւ ազգային երաժշտական գործիքները ներկայացնող տաղավարում վարչապետն ասաց, որ կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել ձեռագործ աշխատանքները ազատել շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք նման մի որոշում էլ չի պատրաստվում գրահրատարակչական ոլորտի վերաբերյալ, ինչին տարիներ ի վեր ձգտում գրահրատարակիները, վարչապետը պատասխանեց. — «Իսկ այդ դեպքում ի՞նչը պիտի հարկվի Հայաստանի Հանրապետությունում… Արհեստները, արվեստները` այո, բայց արտադրությունը…»:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կուզենար, որ ցուցահանդես այցելեին հայաստանցի գործարարները. — «Բոլորի համար էլ հաճելի կլիներ, որ ինչ-որ աջակցություն ստանայինք գործարարներից: Մենք անընդհատ ակնկալիքը պետությունից ենք ուզում: Պետությունը, կարծում եմ, այդքան հնարավորություն չունի: Պետությունը առանց այդ էլ օգնում է մշակույթին»:

Ցուցահանդեսը կգործի երկու օր:

Գայանե Դանիելյան, «Ազատություն» ռադիոկայան