Երեք տարվա ընթացքում Հայաստանում նորածիններին ավելի հաճախ անվանել են Միլենա և Նարեկ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մի քանի տարվա ընթացքում նորածինների ամենահայտնի անունները շարունակում են մնալ Միլենան և Նարեկը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ)։

ԱՎԾ-ի տվյալներով, 2008 թ.-ին երկրում ծնվել է 41 հազար 238 նորածին, որոնցից 19 հազար 196-ը՝ աղջիկ, 22 հազար 042-ը՝ տղա, ընդ որում Միլենա են անվանել 815 աղջկա, իսկ Նարեկ՝ 1027 տղայի։

Վիճակագրական տվյալների համաձայն, Միլենա միջազգային անունն արդեն երեք տարի անընդմեջ մնում է առավել հայտնի անունը, քան այնպիսի ավանդական հայկական անուններն, ինչպիսիք են Անին (703 նորածին), Անահիտը (607), Մարիամը (529), Մանեն (427), Լիլիթը (409) և Նարեն (380)։ Առավել հայտնի անունների տասնյակում են նաև Էլենը (767), Աննան (511) և Մերին (439)։

Ընդ որում շատ ծնողներ շարունակում են իրենց նորածին աղջիկներին անվանել ինչպես ավանդական հայկական անուններով՝ Լուսինե, Գոհար, Հասմիկ, Անուշ, Ռուզաննա, Արմինե, Կարինե, Աստղիկ, Մարինե, այնպես էլ «էկզոտիկ» անուններով՝ Անգելինա, Մոնիկա, Սյուզաննա, Վիկտորիա, Դիանա, Նելլի, Սոֆիա, Լուիզա, Մարգարիտա, Մարիետտա և Լիլիա։

Տղաների առավել հայտնի անունների հնգյակում, բացի Նարեկից, շարունակում են մնալ Դավիթը (902 նորածին), Էրիկը (724), Հայկը (664) և Արմանը (588)։

Բացի այդ, անցած տարվա ընթացքում 556 տղա ստացել է Գոռ անունը, 529-ը՝ Արթուր, 504-ը՝ Տիգրան, 489-ը՝ Սամվել, 468-ը՝ Արմեն։

Հայ ծնողները գրեթե հավասարապես նախընտրում են ինչպես բուն հայկական անունները՝ Գևորգ, Աշոտ, Արամ, Վահե, Սարգիս, Արսեն, Լևոն, Հարություն, Անդրանիկ, Վարդան և Վահագն, այնպես էլ ժամանակակից Հայաստանում ճանաչված օտարերկրյա անունները՝ Էդգար, Ալեն, Ալեքս, Ռոբերտ, Ալբերտ, Համլետ, Սերգեյ, Ռաֆայել, Էդուարդ և Ալեքսանդր։-