Ռազմիկ Զոհրաբյանը գտնում է, որ մարտի 1-ի իրադարձությունները մեծ ողբերգություն չեն

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը գտնում է, որ անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձությունները, որոնց ընթացքում գրանցվեցին մարդկային զոհեր եւ վիրավորներ, «այն մեծ ողբերգությունը չէ, որ մարդու իրավունքներ են խախտվել, ինչպես, ասենք, եվրոպական արժեքներում` համաշխարհային պատերազմը»:

«Քանի որ Հայաստանը չի զրկվել ձայնից, այսինքն նորից ժամանակ է տրվել, ես չեմ ուզում այս պահին խիստ նոտաներով քննադատել Վեհաժողովին», — մեկնաբանելով ԵԽԽՎ 1643 բանաձեւը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Զոհրաբյանը:

Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ երբ Եվրոպայի խորհրդարանական Վեհաժողովը Հայաստանին «մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ ազատությունների» դասեր է տալիս «մենք չպետք է մոռանանք, թե ոչ վաղ անցյալում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինչ էր կատարվում Եվրոպայում»:

«Այնտեղ մարդկանց նույնիսկ այրում էին, կենդանի թաղում էին: Դա է՞լ է եվրոպական արժեքների մեջ մտնում, թե՞ դա պատմությունից դուրս է», — հարցնում է Զոհրաբյանը: — «Այսինքն, երբ որ այստեղ եղել են դեպքեր ե՛ւ զոհերի ելքով, ե՛ւ վիրավորների, դա այն մեծ ողբերգությունը չէ, որ մարդու իրավունքներ են խախտվել, ինչպես, ասենք, եվրոպական արժեքներում համաշխարհային պատերազմը»:

Ըստ Զոհրաբյանի՝ մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձայնից չզրկվեց, քանի որ Հայաստանը կատարել էր 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների մեծ մասը:

«Փոքր մասեր կային՝ հատկապես քաղաքական մոտիվներով ձերբակալվածների հարցն էր, որ ԵԽԽՎ-ին ավելի էր հետաքրքրում քան թե մյուսները եւ կարծում եմ, որ այս ընթացքում, մինչեւ ապրիլ, դատավարությունների հարցում որոշակի շտկումներ կլինեն, կլինեն եւ դրական միտումներ կալանավորների համար», — ասել է Զոհրաբյանը, ով Սովետական շրջանում 10 տարի նստել է բանտում՝ հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:

Advertisements