Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվեց

coebannerԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Կայացած քվեարկության արդյունքում՝ 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ, ընդունվեց թիվ 1643 բանաձեւը, ըստ որի որոշվեց «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»:

ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւը՝ Հայաստանի կողմից Խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին, արձանագրում է, որ «մինչեւ վերջին պահը» Հայաստանի իշխանությունների կողմից մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման գործում «սահմանափակ առաջընթաց» է գրանցվել, եւ հիշեցնում է, որ «հակառակ Վեհաժողովի պահանջներին՝ քրեական հետապնդման եւ մեղադրական եզրակացությունների մեծ մասը հիմնված էր բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա», ինչպես նաեւ փաստում է, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներով դատապարտված անձանց «խիստ սահմանափակ թվի» դեմ հարուցված քրեական գործերն են կասեցվել:

Միեւնույն ժամանակ, փաստաթուղթը «ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հունվարի 22-ի որոշումը՝ մեկամսյա ժամանակահատվածում Ազգային ժողովի կազմում աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը, Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների հետ համատեղ (Վենետիկի հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների հանձնակատարի), փոփոխություններ կնախագծի Հայաստանի քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում»:

Հաստատված 1643 բանաձեւում փոփոխություն է մտցվել Փարիզում անցած տարվա դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանը արժանացած բանաձեւի նախագծի 5-րդ կետում:

Այստեղ տեղ գտած ձեւակերպումը, որտեղ նշվում էր, որ անձինք, «ովքեր մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-3 եւ 300 հոդվածներով, ինչպես նաեւ անձինք, ում դեմ մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, մեղադրվել են քաղաքական շարժառիթներով», եւ արձանագրվում էր, որ «նմանօրինակ մեղադրանքներով դատապարտված անձինք կարող են համարվել քաղբանտարկյալներ», փոփոխության է ենթարկվել:

Վերջնական բանաձեւում նշվել է, որ հիշյալ անձինք «կարող էին մեղադրված լինել քաղաքական շարժառիթներով»: Տեքստից ընդհանրապես հանվել է նաեւ «քաղբանտարկյալներին» վերաբերող հատվածը:

Վեհաժողովը նաեւ ողջունել է «Հայաստանի նախագահի կողմից 2008-ի հոկտեմբերի 23-ին մարտի 1-2-ի իրադարձությունների բացահայտմանն ուղղված փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը»` հավասարապես դրական գնահատելով ընդդիմության որոշումը այս խմբի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ:

1643 բանաձեւում հիշատակվում է, որ «աճում է շնորհված ներումների թիվը, առայսօր հասնելով 28-ի», միեւնույն ժամանակ, ափսոսանք է հայտնվում, որ իշխանությունները մինչ այժմ չեն օգտվել մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակելու՝ իրենց հասու այլ օրինական միջոցներից, ինչպիսին է, օրինակ, համաներումը:

Վեհաժողովը շարունակում է «անբավարարված մնալ եւ լրջորեն անհանգստացած է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված անձանց ազատազրկման փաստով, ովքեր, հնարավոր է, որ դատապարտվել եւ ազատազրկվել են քաղաքական շարժառիթներով»:

Միեւնույն ժամանակ, Մոնիտորինգի հանձնաժողովին կոչ է արվում մինչեւ Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանը եւս մեկ անգամ «քննել հայաստանյան իշխանությունների կողմից նախկին բանաձեւերի կատարման ընթացքը եւ իրավիճակից կախված՝ Վեհաժողովին առաջարկ ներկայացնել հետագա քայլերի մասին»:


«Ազատություն» ռադիոկայան

Advertisements