Ջորջ Բուշն ու 44 համարի սեւ, թռչող կոշիկները

«Ալ Բագդադիա» հեռուստաալիքի 29-ամյա լրագրող Մունտազեռ ալ-Զաիդին, որը Իրաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր կոշիկները շպրտեց Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ՝ այս շաբաթ հայկական բլոգոսֆերայի ուշադրության կենտրոնում էր։

Միջադեպին, թերեւս, առաջինը արձագանքեց reporter-arm-ը.

Տեսե՞լ եք, ոնց են Բաղդադում Բուշի վրա կոշիկ շպրտում ասուլիսի ժամանակ։
Բայց, շատ տպավորիչ «ուխոդա» անում ԱՄՆ նախագահը իր վրա շպրտած կոշիկից։

smbatgogyan-ը հավեյալ մանրամասներ է հաղորդում.

Մամուլի ասուլիսի ժամանակ իրաքցի լրագրողը Բուշի ուղղությամբ շպրտեց իր զույգ կոշիկը, միաժամանակ գոռալով “Ահա քեզ հրաժեշտի համբույր, շուն”: Նշեմ, որ շունը Իրաքում ամենաթունդ վիրավորանքներից մեկն է և այդպես ասում են մարդուն, ում արհամարհում են: Թեև լրագրողը ասում էր իրաքցիների անունից, բայց այնուամենայնիվ այդ կարծիքը համընդհանուր չէր: Ինչպես երևում է հոլովակից Իրաքի վարչապետը ձեռքով փորձում է կանխել կոշիկի թռիչքը, որն ընդհանում էր ուղիղ դեպի Բուշի ճակատը:  Ամեն դեպքում կարող ենք փաստել հետևյալը.
1. Իրաքցի լրագրողն ուներ ընդամենը մեկ զույգ կոշիկ (ափսոս, հակառակ դեպքում ավելի հետաքրքիր կլիներ)
2. Բուշն ունի շատ լավ уход անելու ռեակցիա

Միջադեպը զայրացրել է aramanoogian-ին.

Բուշը անվնաս մնաց՝ տեխասցու իր բնական ռեակցիայի շնորհիվ։ Հավանաբան նա նաեւ սովոր է խուսափել իր կնոջ՝ Լոռայի նետած կոշիկներից։

Ինչ վերաբերում է լրագրողին՝ նրան առնվազն կախել է պետք երկու անգամ նշանակետից վրիպելու համար։

Տեսնես ապագա մամլո ասուլիսների ժամանակ լրագրողներին հողաթափեր կտրամադրեն, թե չէ՞.

armish1-ին տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայից մի մեշահարուստ՝ Բուշի վրա շպրտված կոշիկների համար աստղաբաշխական գումար՝ 10 միլիոն դոլար է առաջարկել։ Ցավոք՝ կոշիկների ճակատագիրն առայժմ անհայտ է, փաստում է armish1-ը, իսկ այ, լրագրողին՝ հաստատ կդատեն։

44 համարի սեւ կոշիկների ճակատագիրը առայժմ անհայտ է։ Վարկած կա, որ կոշիկը բռնագրավվել է իրաքյան անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հնարավոր է նաեւ, որ Բուշի աշխատակիցները դրանք իրենց հետ են տարել՝ որպես հուշանվեր։