Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Ռուսաստանը ՙէլեկտրոնային աղբի՚ առաջնային աղբյուր

Ցանցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար CISCO ամերիկյան ընկերության կողմից այսօր հրապարակված զեկույցը փաստում է, որ համացանցում օրական շրջանառվում են մոտ 200 միլիարդ ՙէլեկտրոնային աղբ՚ հանդիսացող հաղորդագրություններ` SPAM, որոնք կազմում են ինտերնետում շրջանառվող էլեկտրոնային նամակագրության մոտ 90 տոկոսը:

CISCO-ն նշում է, որ ինտերնետային հանցագործները շարունակում են կատարելագործել համացանցին միացված համակարգիչները վիրուսային ծրագրերով վարակելու տեխնոլոգիաները: Վարակված համակարգիչները մասնակիորեն կամ ամբողջապես իրենց կառավարման տակ վերցնելով` հանցագործները դրանց միջոցով միլիոնավոր հաղորդագրություններ են ուղարկում, որոնք հաճախ կեղծ կամ գովազդային բնույթի են` նպատակ ունենալով գումար վաստակել շորթման կամ կեղծ ապրանքներ եւ ծառայություններ վաճառելու միջոցով:

ՙԱսոշիեյթե պրես՚-ի փոխանցմամբ` CISCO-ի հետազոտությունը պարզել է, որ այս տարի ամենաշատ SPAM համացանց է մուտք գործել Միացյալ Նահանգներից` այստեղից է տարածվել համաշխարհային ՙաղբ հաղորդագրությունների՚ 17,2 տոկոսը: Ուղարկված SPAM-ի ծավալներով երկրորդ տեղում է Թուրքիան` որը պատասխանատու է համաշխարհային SPAM-ի 9,2 տոկոսի համար: Երրորդ տեղում Ռուսաստանն է` 8 տոկոս ցուցանիշով: