Դեկտեմբերի 10-ը

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին Երեւանում թափվեց առաջին ձյունը։ «Քաղաքի կենտրոնում դա թաց ձյուն էր՝ անձրեւի հետ միախառնված, ինչը տհաճություն էր պատճառում», — գրում է Արեալ Որտեքս բլոգը։ «Ձմեռը չեմ սիրում, ոչ էլ՝ ձյունը, չնայած՝ հաճելի է, երբ շուրջը ամեն ինչ սպիտակ-սպիտակ է։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է մեր քաղաքը պատրաստվել ձմռանը։ Ախր, սովորաբար ձմեռը մեզ մոտ գալիս է դեկտեմբերին՝ եւ մեր քաղաքային իշխանությունների համար ամեն անգամ դա անակնկալ է լինում»։

Առաջին ձյունը ընդդիմությանը չէր խանգարել երթ կազմակերել Երեւանում։ Ա1+ բլոգը հրապարակել է պատահական անցորդների կարծիքները Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ «Մինչ ընտրովի մադրիկ պաշտոնական ընդունելությանը “հավասար իրավունքների եւ հավասար հնարավորություններն” են նշում, բազաթիվ քաղաքացիներ տանը, փողոցում, ամեն ուր բախվում են այդ հասկացությունների հակառակ եզրերի հետ: Փողոցում հարցված պատահական անցորդները ամենահոռետեսական գնատահականներով են խոսում իրողության, օրվա խորհուրդի եւ իրենց իրավունքների մասին: Ըստ ընդհանուր գնահատականի` “քաղաքացիների կարծիքով` Հայաստանում մարդու իրավունքները գրեթե ամեն քայլափոխի ոտնահարվում են, չկա մի ոլորտ որտեղ անհատն իրեն զգա պաշտպանված”», գրում է բլոգը։

Unzipped բլոգը նույնպես գրել է Մարդու իրավունքների մասին։ Հայաստանում Մարդու իրավունքների օրը կա մոտ 70 քաղբանտարկյալ, գրում է բլոգը։ «Սահմանափակված է հավաքների եւ ցույցերի ազատությունը, հեռուստատեսությունն ազատ չէ, կամ՝ մասամբ է ազատ։ Դեռեւս կան արգելված հեռուստաալիքներ (Ա1+, Նոյան Տապան). Տպագիր մամուլն ազատ է, բայց բավարար տպաքանակ չունի ամբողջ բնակչությանը հասնելու համար։ Հայկական դատարաններն անկախ չեն եւ շատ դատական լսումներ աբսուրդի թատրոն են հիշեցնում։ Գործարարների վրա ճնշումներ են բանեցվում, որպեսզի ընդդիմության ստիպեն «հանձնվել», — մռայ գույներով իրավիճակն է ներկայացնում Unzipped-ը։ Սակայն բլոգը նաեւ դրական զարգացումներ է տեսնում Հայաստանում։ — «Լավագույն բանը, որ կատարվեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դա Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումն էր։ Ես Արմեն Հարությունյանին Օրվա Մարդու կոչում կտայի»։

Դիտորդ բլոգը հիշել է, որ դեկտեմբերի 10-ը Ղարաբաղի անկախության հանրաքվեի եւ սահմանադրության օրն է եւ կարծիք հայտնել, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Ղարաբաղը գերազանցում է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, որոնք միջազգային ասպարեզում փորձում են հանդես գալ որպես Ղարաբաղյան հարցի կարգավորման կողմեր, եւ նշել, որ ղարաբաղյան հարցի միակ լուծումը Հայաստանում եւ Ղարաբաղում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետագա բարելավման մեջ է։