Ղարաբայղան կազմակերպությունները կոչ են անում դադարեցնել ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումը հայկական հեռուստաեթերով

Ղարաբաղյան մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով Հայաստանի հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել, իրենց բնորոշմամբ` գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի պատկերը եւ այն փոխարինել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզներով:

Կոչի հեղինակները նշել են, որ Արցախյան պատերազմը ՙջնջել է հայ ժողովրդին պարտադրված ՙԼեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի՚ ապօրինի, արհեստական և անկենսունակ նախկին սահմանները՚, իսկ 2006 թվականի դեկտեմբերի 10-ի Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ՙամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները՚:

ՙՀայաստանի հանրային, ինչպես նաև մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև Սփյուռքի հեռուստադիտողներին՚, — նշված է նամակում: — ՙՔաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար՚, — եզրակացրել են կոչի տակ ստորագրած 9 կազմակերպությունները, որոնց թվում են` Դաշնակցության` ՙԱրցախի Երիտասարդական Միություն՚-ը, Ազգային ժողովրդավարական կուսակցության եւ ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության երիտասարդական թեւերը, ՙԱրցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբ՚ եւ ՙՀայկի Սերունդ՚ հասարակական կազմակերպությունները: