Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու հեռուստամարաթոնը

Հայկական բլոգերին ավելի ու ավելի հաճախ է մտահոգում համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Օրինակ Դավիդ Սանդ-ը գտնում է, որ ճգնաժամի հետեւանքները Հայաստանում կարող են նույնիսկ զանգվածային հուզումների առիթ դառնալ.

Եթե ֆինանսական ճգնաժամը կենսամակարդակի պատճառ դառնա, ինչը արդեն զգացվում է, չնայած մեր քաղաքական գործիչները դա համառորեն ժխտում են, կամ եթե ճգնաժամի պատճառով կրճատվի արդյունաբերությունն ու սպառումը, ապա նույն այդ քաղաքական գործիչները ստիպված կլինեն ժողովրդին համոզոլ, որ մեր հարեւան պետություններում իրավիճակը ավելի վատ է, կամ համառորեն շարունակել ժխտել իրավիճակի վատթարացման փաստը։

Իրավիճակի վատթարացման փաստը ժխտելը, ըստ բլոգերի՝ կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել.«Ժողովուրդը կարող է հուսախաբվել, եւ դրա արտահայտությունները կարող են 2008-ի մարտյան իրադարձություններից ավելի վատը լինել»։

Ինչեւէ, ոմանց ճգնաժամը նույնիսկ դուր է գալիս։ «Ճգնաժամը՝ բիզնեսի ոլորտում աշխատելուս ողջ ընթացքում ինձ հետ կատարված լավագույն բանն էր»,-գրում է Նայսայկուսը, մեկնաբանելով.«Ճգնաժամը մարդկանց սովորեցրեց աշխատել, քրտինք թափել։ Հետ-սովետական ողջ պատմության մեջ առաջին անգամ մարդիկ սկսեցին հասկանալ փողի իրական արժեքը։ Այժմ 10 ձրիակերների փոխարեն ընկերությունում թողել են 2 աշխատողի, եւ դեռ նրանց աշխատավարձերն էլ կարգին բարձրացրել են։ Այսինքն՝ բանիմաց եւ գործունյա մարդիկ սկսել են ավելի լավ վճարվել։ Մի՞թե սա լավ չէ»։

«Լավ չէ՛», դժգոհում են Նայսայկուսի ընթերցողներից մի քանիսը։

Ճգնաժամը ծանր է անդրադառնում Հայաստանի վրա, գրում է Կոռնելիյ Գլասը իր բլոգում։

«Հանքարդյունաբերությունը ճռռում է, քանդվում եւ գնում է կոնսերվացման։ Փակվում է տեղեկատվական ոլորտի Լայկոս ընկերությունը։ Եվ չնայած այս ամենին՝ Համահայկական հիմնադրամի դրամահավաքի արդյունքում այս տարի հավաքվել է 35 միլիոն դոլար՝ երկու անգամ ավելի, քան նախորդ անգամ։ Ահա այսպիսին է ճգնաժամի արդյունքը։ Ընդունեք, որ տարօրինակ ժողովուրդ ենք»։

Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի մասին է գրել նաեւ Ահաուզքիպերը։ «Հավաքվել է 35 միլիոն դոլար։ Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ նույնիսկ անցյալ տարվա չափ կհավաքեն… ինչեւէ. ուզում է խոսել այն մասին, որ երեկվա ընթացքում մի քանի անգամ խոսակցություններ եմ լսել, որ իբր. «Ամբողջ փողն ուտում են, ժողովրդին բան չի հասնում»։

Փաստորեն դուրս է գալիս, որ տասնյակներով դպրոցները, հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները, աղետի գոտու բնակելի տները, ճանապարհները եւ ջրագծերը կառուցվել են միայն Սերժի ու նրա մտերիմների համա՞ր»,-դժգոհում է բլոգերը։