Հայաստանը կրկին օլիմպիական չեմպիոն է

«Շախմատի Հայաստանի հավաքականը կրկին ուժեղագույնն է աշխարհում: Դրեզդենում ավարտված համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստները, 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ, պահպանեցին չեմպիոնի կոչումը: Հայաստանը չեմպիոն էր դարձել նաեւ 2006թ-ին: Չինացիները հաղթանակի դեպքում կշրջանցեին առաջին տեղում ընթացող Հայաստանին, սակայն մեր ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին», — արձանագրել է Ա1պլյուս բլոգը՝ հավելելով. — «Մեր փոքր Հայաստանը փաստորեն շախմատային գիգանտ պետություն է: Կեցցեն մեր տղերքը…»

Շախմատային մարտադաշտերից ամեն օր թարմ լուրերով եւ վերլուծություններով հանդես եկող Պատաֆիզիկուս բլոգը 38-րդ օլիմպիադայի եզրափակիչ 11-րդ տուրին հետեւում էր ժամը 1-ից, յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ թարմացնելով իր բլոգը։ Զարմանալի չէ, որ 17։50 րոպեին, բոլորից շուտ հենց այս բլոգում հայտնվեց հաղթական մակագրությունը՝ «Հայաստանը օլիմպիական չեմպիոն է, շնորհավորում եմ մեզ բոլորիս»։

Հաջորդ ժամերին հայ բլոգերները բազմապատկեցին շնորհավորանքներն ու ինտերնետային տասնյակ էջերում ֆիքսեցին անարյուն ճակատամարտերի հաղթանակած գեներալների անունները. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Պետրոսյան, Գաբրիել Սարգսյան։

Նայսայկուսի աչքից չվրիպեց նաեւ վրացուհիների հաղթանակը. «Մենք լավագույնն էինք տղամարդկանց մեջ, իսկ վրացուհիները` կանանց: Միասին մենք կարող ենք հավակնել «աշխարհի ամենախելացի հողակտորի» կոչմանը», — գրել է բլոգը:

Ինֆերնոարմի համար հայ շախմատիստների հաղթանակը շատ ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի ներքաղաքական զարգացումների առումով. «Հաղթեցինք, չնայած մարտի 1-ի ընտրություններին ու վերջին տարվա ընթացքում մեզ հետ տեղի ունեցած տարբեր անախորժություններին: Ահա թե ինչու այս օլիմպիական ոսկին նախորդից թանկ է: Ինքներս մեզ էինք սպասում: Դիմացանք: Հաղթեցինք ինքներս մեզ»:

Օլիմպիադայի նախավերջին, 10-րդ տուրին անձամբ մասնակցել էր բլոգեր Մակբեկը, որի հրապարակած լուսանկարներն ու սրամիտ մեկնաբանությունները շատերի կողմից ճանաչվեցին լավագույնը: Օլիմպիական ձյունը, շախմատիստների նախընտրած տարօրինակ ըմպելիքները, ժպտադեմ Արոնյանն ու հայկական թիմի հաղթանակը Սերբիայի նկատմամբ` 3:1 հաշվով, իրենց արժանի տեղն են գտել http://macbeck.livejournal.com բլոգում: